• Latest news

Հացը՝ կեղտոտ դարակներին, չոր սննդի փոխարեն՝ քաղցրեղեն. ի՞նչ խնդիրներ են հայտնաբերվել դպրոցների ճաշարաններում

5 հունիսի, 2017  17:48

Հայաստանի դպրոցական բուֆետների մի մասում մթերք են վաճառում, որի վաճառքը դպրոցներում արգելված է, այդ թվում՝ քաղցր գազավորված ըմպելիքներ, նրբերշիկով հաց եւ կրեմով հրուշակեղեն: Ավելին՝ դպրոցական բուֆետներում եւ ճաշարաններում ոչ միշտ է մթերքը պատշաճ պայմաններում պահվում: Այս եւ այլ խախտումները հայտնաբերվել են մոնիթորինգի ընթացքում, որը հայկական 1362 դպրոցներից 80-ում անցկացրել է «Մոր եւ մանկան առողջության ալյանսը»:

Ալյանսի մեջ մտնող «Վստահություն» հասարակական կազմակերպության ղեկավար, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ մոնիթորինգի ընթացքում լուրջ խնդիրներ են հայտնաբերվել՝ կապված տարրական դասարանների երեխաների սնունդի կազմակերպման հետ:

Այսօրվա դրությամբ ոչ բոլոր հայկական դպրոցներոմ են ցածրդասարանցիներին տաք սնունդով ապահովում: Որոշ դպրոցներում դրա համար դեռեւս պայմաններ չկան, մյուսներում պայմաններ կան, սակայն, ինչպես հայտնում են մոնիթորինգի հեղինակները, տնօրենները «չեն ցանկանում ավելորդ պատասխանատվություն եւ գլխացավանք ունենալ» եւ նախընտրում են երեխաներին, այսպես կոչված, չոր օրապահիկ տալ: Շատ դեպքերում այս օրապահիկը թխվածքաբլիթ է եւ քաղցրեղեն, որը, ինչը եւս հետաքրքիր է, դպրոցների մեծ մասը գնում է մեկ կոնկրետ ընկերությունից: Ավելին՝ որոշ դպրոցներում այս մթերքը կարող է շաբաթներով եւ ամիսներով պահվել ոչ պատշաճ պայմաններում, որը կասկածի տակ է դնում երեխաների առողջության համար դրա անվտանգությունը:

Մանկաբույժը նշեց, որ թխվածքաբլիթներն ու քաղցրեղենը, եթե անգամ ճիշտ են պահվել, երեխաների դեպքում չեն կարող փոխարինել նորմալ ճաշին: Այս մթերքները չեն պարունակում երեխաների նորմալ զարգացման համար անհրաժեշտ սնուցող նյութեր, իսկ որոշ դեպքերում դրանք ոչ միայն երեխաների համար օգտակար չեն, այլեւ միանշանակորեն վնասակար են:

Մյուս կողմից՝ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին պետք է լինի 140 դրամի օգտակար եւ անվտանգ չոր օրապահիկը. հենց այսքան գումար է հատկացվում օրական մեկ երեխայի դպրոցական սնունդի համար: Մանկաբույժը նշեց, որ այս գումարով կարելի է երեխայի համար տաք ճաշ պատրաստել, ինչը հաջողությամբ արվում է մի քանի դպրոցներում: Մյուս դպրոցներում Համաշխարհային պարենային ծրագրի շրջանակում որպես տաք ճաշ երեխաներին առավել հաճախ հատիկաբույսերի շիլա եւ հաց են տալիս, որոշ դպրոցներում շիլային բանջարեղեն է ավելացվում, եւ միայն եզակի դպրոցներում՝ տավարի եւ հավի միս:

Մոնիթորինգի հեղինակները մի քանի դպրոցներում տեսել են, որ փոքր հողամասում իրենք աշակերտները բանջարեղեն են աճեցնում, որը ցածրդասարանցիները տարվա ընթացքում ուտում են ճաշի ժամին՝ դրա շնորհիվ ստանալով հանքանյութերի եւ վիտամինների լրացուցիչ քանակ:

Այն դպրոցները, որտեղ երեխաների համար տաք ճաշ են պատրաստում, եւ այն դպրոցները, որտեղ նրանց միայն քաղցրեղենի չոր օրապահիկ են տալիս, միատեսակ ֆինանսավորում են ստանում: Սա, ինչպես նշել են մորիթորինգի հեղինակները, եւս մեկ անգամ ապացուցում է, որ նույն փողով կարելի է դպրոցներում երեխաների սնունդը լավ կազմակերպել կամ շատ վատ:

Մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված մյուս լուրջ խնդիրը դպրոցների ճաշարանների եւ սանհանգույցների սանիտարական պայմաններն են: Մոնիթորինգն անցկացնողները որոշ դպրոցներում նկատել են, թե ինչպես են երեխաների համար նախատեսված լավաշը պատրաստում կեղտոտ նկուղային հաստատությունում, հացը եւ կաղամբը պահում են կեղտոտ դարակներին: Դպրոցներից մեկում նրանք ալյուրի պարկերը տեսել են սանհանգույցի կողքին կեղտոտ հատակի վրա դրած: Որոշ դպրոցներում սեղանները, որոնց շուրջ երեխաները ճաշում են, ծածկոց չեն ունեցել, իսկ հացը դնում էին սեղանին, որն ակնհայտորեն կեղտոտ էր:

Հայաստանում դեռեւս սակավաթիվ չեն այն դպրոցները, որտեղ ցածրդասարանցիները ո՛չ չոր օրապահիկ են ստանում, ո՛չ տաք ճաշ: Այսպիսի դպրոցներից մի քանիսում բուֆետ կա, որտեղ երեխաները կարող են ուտելիք գնել: Սակայն, ինչպես արդեն վերեւում նշեցինք, այս բուֆետներում շատ հաճախ արգելված մթերք է վաճառվում: Դպրոցներից գրեթե կեսը նույնիսկ բուֆետ չունի, եւ երեխաները ստիպված են ուտելու բան գնել դպրոցին կից գտնվող խանութում: Խանութների մթերքը հնարավոր է, որ չունենա անհրաժեշտ սնուցող արժեքավորություն, որոշ դեպքում դրանք կարող են երեխաների համար անվտանգ չլինել: Բավականին բարդ է վերահսկել երեխայի սնունդը, եթե նա այն գնում է դպրոցից դուրս, այս պատճառով, ինչպես նշում են փորձագետները, ավելի հեշտ է եւ ճիշտ երեխաների սնունդը կազմակերպել դպրոցի ներսում:

Հետաքրքիր է, որ, ինչպես ցույց է տվել մոնիթորինգը, դպրոցների շատ տնօրեններ նույնիսկ չեն կասկածում, որ հենց իրենք են պատասխանատու դպրոցական սնունդի կազմակերպման համար: Որոշ տնօրեններ, այս մասին տեղեկանալով մոնիթորինգն անցկացնող մասնագետներից, խնդրել են իրենց նյութեր ուղարկել, որոնց օգնությամբ կկարողանան հասկանալ, թե իրենցից ինչ է հատկապես պահանջվում եւ ինչպես ճիշտ կազմակերպեն ցածրդասարանցիների սնունդը:

«Կարծում եմ, որ պետք է դպրոցների տնօրենների, բուֆետների եւ ճաշարանների աշխատակիցների, դպրոցի բուժքույրերի համար հրահանգներ մշակել, որպեսզի նրանք կարողանան երեխաների սնունդը ճիշտ կազմակերպել»,- նշեց Սուսաննա հարությունյանը:

Նշենք, որ նախապես դպրոցներում անցկացված մոնիթորինգի նպատակն էր պարզել, թե հայկական դպրոցներում ինչպիսին է տարրական դասարանների երեխաների սնունդի կազմակերպման վիճակը: Սակայն մոնիթորինգի ընթացքում այն անցկացնող մասնագետները ուշադրություն են դարձրել նաեւ դպրոցների սանիտարական պայմանների վրա եւ հայտնաբերած խախտումներն ընդգրկել իրենց հաշվետվության մեջ: Առայժմ հասանելի են մոնիթորինգի միայն նախնական արդյունքները, իսկ ամբողջական հաշվետվությունը, ինչպես սպասվում է, կներկայացվի հունիսի վերջին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է