• Latest news

Բժիշկները բաժանել են գլուխներով սերտաճած սիամական երկվորյակներին (ֆոտո, վիդեո)

15 հունիսի, 2017  13:03

Էբի եւ Էրին Դելեյնիները սիամական երկվորյակներ են, որոնք գլուխներով էին սերտաճած: Վիրաբույժները վիրահատել են 10 ամսական աղջիկներին, եւ հիմա նրանք վերջապես կարող են առանձին մահճակալներում քնել:

11 ժամ տեւած վիրահատությունը կատարվել է Children’s Hospital of Philadelphia հիվանդանոցում: 30 մասնագետներից կազմված խումբը ղեկավարել է պլաստիկ վիրաբույժ Ջեսի Թեյլորը եւ նեյրովիրաբույժ Գրեգորի Հոյերը: Նրանց խոսքով՝ վիրահատությունը շատ բարդ էր եւ երկարատեւ, բայց հիմա աղջիկները վերականգնվում են, եւ բժիշկները հույս ունեն, որ նրանց մոտ ամեն ինչ լավ կլինի:

Աղջիկների ծնողները սիամական երկվորյակներ ունենալու մասին իմացել են հղիության դեռեւս 11-րդ շաբաթում: Այդ ժամանակ անհնար էր որոշել՝ կհաջողվի երեխաներին բաժանել ծնվելուց հետո: Բայց արդեն այդ ժամանակ աղջիկների մայրը՝ Հեզեր Դելեյնին, սկսել է բժշկական կենտրոն որոնել, որտեղ իրեն եւ իր երեխաներին կկարողանային օգնել: Այսպես նա եկել է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոց:

Աղջիկները կեսարյան հատմամբ ծնվել են 2016 թվականի հուլիսի 24-ին, սահմանված ժամկետից 10 շաբաթ վաղ: Այդ ժամանակից ի վեր բժիշկները նրանց առանձնացնելու վիրահատության ծրագիր են մշակել: Մասնագետների խումբը երկար ժամանակ ուսումնասիրել է երկվորյակների տվյալներն ու փորձել նրանց գլուխների 3D մոդել ստեղծել՝ նրանց առանձնացնելու առավել անվտանգ միջոց գտնելու համար:

Մասնագետների խոսքով՝ վիրահատության բարդությունը կախված էր այն հանգամանքից, թե սիամական երկվորյակները գլխի հատկապես որ հատվածներով են միացած եւ որքան ընդհանուր հյուսվածքներ ունեն: Առավել դժվար է առանձնացնել ուղեղը սնուցող արյունատար անոթները:

Նման վիրահատությունների հետ կապված նաեւ այլ խնդիրներ կան. երբեմն սիամական երկվորյակները չեն հաղթահարում վիրահատությունը, երբեմն ողջ է մնում միայն մեկը, իսկ երբեմն ողջ են մնում երկուսը, բայց նրանցից մեկը նյարդաբանական լուրջ խնդիրներ է ունենում:

Այս դեպքում բժիշկները կարողացել են հաջողությամբ առանձնացնել երկվորյակներին: Երկուսն էլ հիմա նորմալ են զգում, բայց նրանց վիճակի մասին երկարաժամկետ կանխատեսումներ անել բժիշկները դեռ վաղ են համարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է