• Latest news

Կեղծ դիպլոմներ գնելու մասին տեղեկությունները ոչ մի աղերս չունեն ԵՊԲՀ–ի հետ. մամուլի խոսնակ

22 հունիսի, 2017  16:33

Կեղծ բժշկական դիպլոմներ գնելու մասին տեղեկությունները ոչ մի աղերս չունեն տասնյակ տարիների ավանդույթներ ունեցող Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ: Այս մասին NEWS.am Medicine-ին ասել է ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը՝ մեկնաբանելով իսրայելական պարբերականի հրապարակումն այն մասին, որ իսրայելցի ուսանողները, հնարավոր է, Հայաստանում կեղծ բժշկական դիպլոմներ են գնում։

«Տարածված տեղեկությունները ոչ մի աղերս չունեն տասնյակ տարիների ավանդույթներ ունեցող Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ: ԵՊԲՀ-ի շրջանավարտներն այսօր աշխարհի տարբեր անկյուններում, ամենահեղինակավոր առողջապահական կազմակերպություններում առաջատար պաշտոններ են զբաղեցնում: Ինչ վերաբերվում է դիպլոմներ գնելուն, ապա ԵՊԲՀ-ում դիպլոմ ստանում են միայն համապատասխան կրթություն ստանալու դեպքում, ուստի փաստենք, որ բժշկական մայր բուհի դիպլոմը վաճառքի ենթակա փաստաթուղթ չէ»,– ասել է նա։

Շուշան Դանիելյանը նշել է, որ ներկա պահին ԵՊԲՀ-ում սովորում է 26 երկրից ավելի քան 1700 ուսանող, այդ թվում՝ նաեւ Իսրայելից 4 ուսանող՝ ազգությամբ հայ, իսկ ԵՊԲՀ շրջանավարտներն աշխատում են աշխարհի մոտ 40 երկրներում: Արտերկրից ժամանած ուսանողները հիմնականում հետաքրքրված են բուժական գործ, ստոմատոլոգիա եւ դեղագիտական մասնագիտություններով: Վերջին 6 տարիների ընթացքում ԵՊԲՀ-ն ավարտել է 10 իսրայելցի ուսանող, եւ որեւէ խնդիր, դժգոհություն, կապված նրանց հետագա մասնագիտական գործունեության հետ, բուհը չի ստացել:

Ըստ մամուլի խոսնակի, վերջին տարիների ընթացքում արաբական երկրներից ուսանողների թվաքանակի աճ չի գրանցվել: «ԵՊԲՀ-ն օտարերկրյա պետությունների հետ բժշկական կրթության ծառայություն է մատուցում հիմնականում տվյալ պետության համապատասխան մարմինների հետ՝ հավաստագրերի հիման վրա», – ասել Շուշան Դանիելյանը։

Նա նշել է, որ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)-ի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող միակ բուհը դա ԵՊԲՀ-ն է, որը տրամադրում է բժշկական կրթություն: Այս հանգամանքը եւս փաստում է, որ ԵՊԲՀ-ի ուսումնական ծրագրերը բժշկական բոլոր մասնագիտությունների գծով եւ դասավանդման լեզուներով համապատասխանում են միջազգային ստանդարտներին, որը գործնականում ապացուցված է թե բուհի կողմից պատրաստված բժիշկ-մասնագետների տեսական բարձր գիտելիքներով եւ թե նրանց գործնական ունակություններով:

Մամուլի խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ Երեւանի պետական բժշկական համալսարանը պաշտոնապես դիմել է պատկան մարմիններին, մասնավորապես Արտաքին գործերի նախարարություն, Իսրայելի կողմից տարածված տեղեկատվության վերաբերյալ հստակեցումներ եւ պարզաբանումներ ստանալու նպատակով: Քանի որ, Իսրայելի պետության հայտարարության  հասցեատերն այս պարագայում ոչ միայն բժշկական կրթություն իրականացնող բուհերն են, այլ հենց Հայաստանի Հանրապետությունը, որի միջազգային վարկանիշը, շարունակվող այս չթիրախավորված եւ չհստակեցված տեղեկատվության պատճառով, կարող է լուրջ հարվածի տակ դրվել:

Հիշեցնենք, որ իսրայելական The Marker պարբերականի հաղորդմամբ` Իսրայելի ոստիկանությունը ստուգում է Առողջապահության նախարարության ներկայացրած բողոքը Հայաստանում տրամադրվող գիտական աստիճանների վերաբերյալ, որոնք, հնարավոր է, կեղծ են: Հաղորդվում է մի ամբողջ ինդուստրիայի գործունեության մասին, որը Հայաստան է տեղափոխում արաբ ուսանողներին, որոնք ձախողվել են անվանի համալսարաններում եւ ուսումն ավարտում են Հայաստանում:

Ըստ պարբերականի, Իսրայելում գործակալներ են գործում, որոնք գտնում են այն արաբ ուսանողներին, որոնք բժշկություն կամ ատամնաբուժություն են սովորում այնպիսի երկրներում, ինչպիսին են Հորդանանը, Գերմանիան կամ Իտալիան, եւ որոնց այդպես էլ չի հաջողվել ուսման առաջին կամ երկրորդ տարին ավարտել: Գործակալները (նույնպես արաբական հատվածից) ձախողված ուսանողներին առաջարկում են Հայաստան տեղափոխվել, որը ներառում է կեցավայրը եւ որոշակի վճարի դիմաց տեղական համալսարաններում սովորելը: Տարբեր տեղեկություններով` խոսքը 10 հազար եվրոյի մասին է:

Ուսանողները Հայաստան են ժամանում, որտեղ նրանց է սպասում այս ինդուստրիայի ներկայացուցիչը, նույնպես արաբ, որը հոգում է նրանց պահանջմունքները: Հաստատություններում, որտեղ նրանք ընդունվում են, նրանք պարտավոր չեն իրենց ձախողած դասընթացը վերահանձնել, ուսումը սկսում են միանգամից երկրորդ կամ երրորդ կուրսից եւ 5 տարվա հաջող ուսման դիպլոմ են ստանում: Դեռեւս պարզ չէ` նրանք այս համալսարաններում ընդհանրապես սովորում են, թե ոչ:

Պարբերականը նշում է, որ այս վկայությունների հիման վրա Իսրայելի Առողջապահության նախարարությունը արդեն մեկ տարուց ավելի չի հաստատում Հայաստանից վերադարձած հարյուրավոր ուսանողների դիպլոմները: Թողարկվել է նաեւ Առողջապահության նախարարության հատուկ զգուշացում Հայաստանում կրթություն ստանալ ցանկացող ուսանողների համար, որ նրանց դիպլոմները, հնարավոր է, Իսրայելում չճանաչվեն:

Հարկ է նշել, որ The Marker-ի հոդվածում չի նշվում, թե Հայաստանի հատկապես որ բուհերում են ուսանողներին իբրեւ թե կեղծված դիպլոմներ տալիս:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է