• Latest news

Արձակուրդի ժամանակ երեխաների համար 7 գլխավոր վտանգները

25 հունիսի, 2017  12:37

Արձակուրդների սեզոնը կարող է փոքր երեխաներ ունեցող ծնողներին ոչ միայն ուրախություն, այլեւ բազմաթիվ տհաճություններ պատճառել, հիշեցնում է medportal.ru-ն:

Ամառային հանգստի ժամանակ ծնողներն առավել հաճախ մոռանում են այն վնասի մասին, որը մանկական նուրբ մաշկին կարող է հասցնել արեւը: Ըստ վիճակագրության` երեխաների մինչեւ 70 տոկոսը ամռանը արեւային այրվածքներ է ստանում ծնողների անուշադրության պատճառով:

1. Արեւային այրվածքներ

Փոքր տարիքի երեխաների լուսազգայունությունը նույնիսկ մի քանի անգամ ավելի ցածր է, քան մեծահասակների մոտ, սակայն ջերմակարգավորումը դեռեւս կարգավորված չէ: Այդ պատճառով այրվածքի ախտանիշները հաճախ համակցվում են ջերմային հարվածի ախտանիշների հետ: Փոքր տարիքի երեխայի աչքերն ավելի զգայուն են ուլտրամանուշակագույնի ազդեցության նկատմամբ, ուստի փոքրիկի դեմքի արեւային այրվածքը հաճախ զուգակցվում է աչքերի այրվածքի հետ: Երեխայի մարմնին մշտապես արեւահարության դեմ կրեմ քսեք` պաշտպանության անհրաժեշտ մակարդակով, նրան թույլ մի տվեք արեւահարվել կեսօրին մոտ բարձրակետային ժամերին:

2. Թունավորումներ

Ամառվա շրջանում առավել վտանգավոր են կաթնամթերքը եւ հրուշակագործական արտադրանքը, ինչպես նաեւ ջերմային մշակման չենթարկվող մթերքները: Մանրէների համար հատկապես բարենպաստ պայմաններ կան մսի, ձկնեղենի, եփած, լյարդ ու թոքից երշիկեղենի, դոնդողի, կաթնաշոռի, կրեմի եւ այլնի մեջ: Եթե սնունդը տաք տեղ է գտնվում, ապա վտանգն ավելի է մեծանում:

Վիճակագրության համաձայն` երեխաների սննդային թունավորումների 60 տոկոսը բաժին է ընկնում ամառային ժամանակաշրջանին:

3. Ջերմային եւ արեւային հարված

Ջերմային հարված ստանալու համար անհրաժեշտ է շատ հագուստ հագնել, ցանկալի է մի քանի շերտով սինթետիկ, շենքում կամ փողոցում օդի բարձր ջերմաստիճան (28-30°С եւ ավելի), խոնավության բարձր մակարդակ: Տարվա ցանկացած եղանակին հնարավոր է ջերմային հարված ստանալ, սակայն դա առավել հաճախ պատահում է, իհարկե, ամռանը: Արեւային հարված է առաջացնում գլխի վրա արեւի ճառագայթների անմիջական ազդեցությունը, երբ երեխան փողոցում է գտնվում առանց գլխարկի: Ջերմային եւ արեւային հարվածները հատկապես ծանր ընթացք ունեն մինչեւ մեկ տարեկան երեխաների մոտ, քանի որ նրանց օրգանիզմում ջերմակարգավորման համակարգը դեռեւս կատարյալ չէ:

4. Մրսածություն

Մրսածության հետեւանքով առաջացող հիվանդությունների մոտ 20 տոկոսը բաժին է ընկնում ամռանը, ըստ որում` ամառային մրսածության հիվանդությունների հետեւանքները կարող են ավելի ծանր լինել, քան ձմեռայինների: Ամառային մրսածության պատճառ կարող են լինել հետեւյալ գործոնները.

• սառը ըմպելիքներ

• պաղպաղակ

• միջանցուկ քամիներ

• շենքերում եւ ավտոմեքենաների սրահներում օդորակիչներ

• օդի եւ ջրավազանի ջրի միջեւ ջերմաստիճանների անկումներ

• մարդկանց մեծ կուտակումների վայրերում վիրուսային եւ բակտերիալ ինֆեկցիաներ:

5. Դժբախտ պատահարներ ջրում

Ջրահեղձ լինելը մտնում է աշխարհում մանկական մահացության առաջատար պատճառների տասնյակի մեջ, հայտնում է ԱՀԿ-ը: 85 երկրներից 48-ում ջրում տեղի ունեցող դժբախտ պատահարները մտնում են 1 տարեկանից մինչեւ 14 տարեկան երեխաների մահացության պատճառների առաջին հնգյակի մեջ: Այս ցուցակում են` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ֆինլանդիան, Ուկրաինան, Ղազախստանը եւ այլն:

Պատանիների շրջանում ջրահեղձ լինելու հետեւանքով մահվան դեպքերը ըստ հաճախակիության երկրորդ տեղն են գրավում` զիջելով միայն ճանապարհատրանսպորտային պատահարներին: Տղաները 5 անգամ ավելի հաճախ են խեղդվում, քան աղջիկները: Ջրահեղձ լինելու առավելագույն հաճախակիությունը բաժին է ընկնում 1-ից մինչեւ 5 տարեկան 2 սեռերի երեխաներին, իսկ տղաների դեպքում կրկին աճում է 10-19 տարեկանում:

Քաղցրահամ ջրամբարներում ավելի հաճախ են ջրահեղձ լինում, քան ծովի ջրում, նույնիսկ առափնյա հատվածում:

6. Վնասվածքներ

Ամռանը մանկական վնասվածքները 1,5 անգամ աճում են: Վնասվածքաբանության բաժանմունքներում կոտրվածքներով երեխաների սեզոնային կուտակում է առաջանում: Դրանից բացի, վիճակագրության մեջ իրենց ավանդն են ունենում ամառային ճամբարներում եւ սեկցիաներում սպորտային վնասվածքները: Ամառային վնասվածքների ամենատարածված պատճառը բարձունքից ընկնելն է, ըստ որում` երեխաներն ավելի հաճախ ծառերից են ընկնում:

7. Միջատների խայթոց

Միջատների խայթոցը ոչ միշտ է անվտանգ: Քորից եւ կարմրելուց բացի (ալերգիկ թեթեւ ռեակցիա), դրանք կարող են նաեւ բավականին լուրջ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել` ընդհուպ մինչեւ Կվինկեի այտուց, կարող են նաեւ տարբեր ծանր հիվանդությունների ախտահարման պատճառ դառնալ: Ամռանը վտանգ են ներկայացնում հետեւյալ միջատների խայթոցները.

• Տիզեր: Կարող են այնպիսի ծանր ինֆեկցիաների տարածողներ լինել, ինչպիսին են տիզային էնցեֆալիտը, բորելիոզը (Լայմայի հիվանդություն), բաբեզիոզը, տուլյարեմիան, էրլիխիոզը, կրկնվող տիֆը:

• Մոծակներ: Կարող են վիրուսային հիվանդությունների տարածողներ լինել, ինչպիսին են Զիկան, Դենգեն եւ ճապոնական էնցեֆալիտը, մալարիան:

• Մլակներ:  Մլակների խայթոցից կարող է ուժեղ գրգռում առաջանալ, որը թքի մեծ տոքսիկության հետեւանք է: 

• Շնաճանճ: Խայթցը վտանգավոր է ալերգիկ ռեակցիաներով եւ փափուկ հյուսվածքների մակաբուծային ինվազիայով:

• Բոռեր, մեղուներ եւ ձիաբոռ: Խայթոցներն աչքի են ընկնում հատկապես ուժեղ ալերգիկությամբ:

Այս բոլոր վտանգները կարելի է նվազագույնի հասցնել, եթե հանգստի ժամանակ ծնողները պահպանեն անվտանգության կանոնները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել