• Latest news

Թմրանյութերից կախվածության բուժում. որքանո՞վ է այն արդյունավետ եւ որքա՞ն ծախս է պահանջում

26 հունիսի, 2017  18:13

Ամեն օր թմրանյութերից կախվածությամբ մեկ հիվանդի բուժման համար Հայաստանի պետական բյուջեից 9900 դրամ է ծախսվում: Դետոքսիֆիկացիոն բուժման մեկ կուրսը մոտ 20 օր է տեւում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի ամբողջ տարածքում գործում է թմրակախվածության բուժման պետական պատվեր: Բուժումը կարող է կամավոր եւ հարկադիր լինել. առաջին դեպքում հիվանդն ինքն է դիմում բուժման համար, երկրորդ դեպքում բուժումը կազմակերպում են դատարանի որոշմամբ: Սեմերջյանի խոսքով` այսօրվա դրությամբ հիվանդների մեծ մասը կամավոր է բուժվում, միայն առանձին դեպքերում են ստիպված հարկադիր բուժում կազմակերպել:

Ինչ վերաբերում է բուժման արդյունավետությանը, ապա 70-80 տոկոս դեպքերում դետոքսիֆիկացիայի արդյունքում մարդը թմրակախվածությունից լիովին ազատվում է: Բայց քանի որ բուժումից հետո նա վերադառնում է այն նույն միջավայր, որտեղ նախկինում է ապրել, իր հին ընկերների մոտ եւ ապրելու հին կերպին, ապա բուժումից հետո 80 տոկոս դեպքերում ռեցիդիվներ են լինում` մարդը դարձյալ թմրանյութերին է վերադառնում:

Նշենք, որ թմրակախվածությունից բուժման արդյունավետության վիճակագրությունը լավատեսություն չի ներշնչում. նույնիսկ, այսպես կոչված, բուժման Մինեսոթյան մեթոդը, որը երկարատեւ վերականգնում է նախատեսում, միայն 30 տոկոս դեպքերում է 5-ամյա ռեմիսիա ապահովում: Դետոքսիֆիկացիոն բուժման արդյունավետությունը առանց հետագա վերականգնման ավելի ցածր է` լավագույն դեպքում հիվանդների միայն 8-10 տոկոսն է նման բուժումից հետո մեկ տարի հրաժարվում թմրանյութերի օգտագործումից:

Մասնագետներից շատերի կարծիքով` ավելի արդյունավետ է մեթադոնի կամ այլ դեղամիջոցների օգտագործմամբ փոխարինող թերապիան: Այս ծրագիրն, իհարկե, չի կարող մարդուն միանգամից փոխել եւ ստիպել լիովին հրաժարվել թմրանյութերից, բայց այն օգնում է դադարեցնել ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը եւ բերում է սեւ շուկայի կրճատման:

Հայաստանում մեթադոնային ծրագիրն իրականացվում է Գլոբալ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այսինքն` հիվանդի համար բուժումն անվճար է, սակայն այն միայն մոտ 500 մարդ է ստանում: Մասնագետներից ոմանք համարում են, որ Հայաստանում մեթադոնային բուժման օրենսդրական կարգավորման մեջ լուրջ բացթողումներ կան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է