• Latest news

Գիտնականները բացահայտել են տուբերկուլյոզի ցուպիկի բազմացման մեխանիզմը

28 հունիսի, 2017  18:38

Տուբերկուլյոզի ցուպիկը եւ ուրիշ շատ բակտերիաներ բազմացման ժամանակ 2 հավասար մասի են կիսվում անչափ պարզ մաթեմատիկական սկզբունքի շնորհիվ: Այս մասին նշված է Nature Microbiology ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մենք, փաստորեն, ստիպված էինք իրականացնել ամենաերկար փորձը` միջուկաուժային մանրադիտակի կիրառմամբ, որը երբեւէ կենսաբանության պատմության մեջ անցկացվել է: Այն ցույց է տվել, որ նոր տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս ոչ միայն ավելի լավ հետազոտել այն նյութերը, որոնց մասին նախկինում արդեն գիտեինք, այլեւ ինչ-որ նոր բան գտնել, որը երբեք չէինք սպասի»,- ասում է Լոզանում գտնվող Շվեյցարիայի Տեխնոլոգիական դաշնային ինստիտուտից Գեորգ Ֆանթները:

Մանրէների մեծ մասը 2 կեսի է բաժանվում` օգտագործելով սպիտակուցների 2 ընտանիք` Min եւ Noc, որոնք չափազանց կարեւոր դեր են կատարում դուստր բջիջների քրոմոսոմների նոր պատճենների «հափշտակման» եւ նախկին մայրական բջջի մեջտեղում նոր թաղանթի ձեւավորման մեջ:

Այս համակարգերի ճիշտ աշխատանքի հետ կապված թեկուզ մեկ գենի վնասվածքը սովորաբար բջջի համար ճակատագրական ավարտ է ունենում:

Ֆանթները նշել է, որ որոշ բակտերիաներ, ինչպիսին է տուբերկուլյոզի ցուպիկը, նման գեներ չունեն, որը, սակայն, նրանց կիսվելուն չի խանգարում: Այն, թե դա նրանց ինչպես էր հաջողվում կատարել` կենսաբանների համար հանելուկ էր մնում մինչեւ դրանց կիսվելուն հետեւող ռեկորդային երկար դիտարկումները, որոնք հոդվածի հեղինակները կատարել են միջուկաուժային մանրադիտակի միջոցով:

Mycobacterium smegmatis բակտերիայի առանձին բջիջների դիտարկումներով, որը տուբերկուլյոզի ցուպիկի մերձավոր ազգակիցն է, զարմանալի բացահայտում է կատարվել` պարզվել է, որ այս մանրէի բջջային պատի մակերեւույթը անշարժ չէ, ինչպես ուրիշ բակտերիաների մեծամասնության դեպքում է, այլ մշտապես տատանվում է: Այլ խոսքով` նրա մակերեւույթով անվերջ ալիքներ են անցնում, որոնք բջջի «բեւեռների» կողմից դեպի նրա «հասարակած» են ուղղվում: Նման ալիքի երկարությունը կազմում է ընդամենը 1,8 միկրոմետր, որի շնորհիվ դրանք անտեսանելի են մնացել օպտիկական մանրադիտակներին:

Գիտնականները նշել են, որ կիսվելու կետը գտնվել է մանրէի կենտրոնական հատվածում` այս ալիքների կատարների միջեւ եղած «փոսիկներից» մեկում: Երբ բջիջը կիսվում է, ալիքները չեն անհետանում, եւ նրա ժառանգները մայրական բջջից ձեռք բերած այս կատարները եւ «փոսերն» օգտագործում են հետագա բազմացման համար:

Պարզվել է, որ նման տարօրինակ կառույցները չափազանց մեծ դեր են ունեցել 2 դուստր բջիջների միջեւ սահմանի ձեւավորման եւ մայրական բջջի 2 կեսի ճիշտ բաժանման մեջ: Այս կետում դրանց ձեւավորման արգելակումը իզոնիազիդի եւ այլ հակատուբերկուլյոզային դեղերի միջոցով հանգեցրել է նրան, որ բջիջը չի կարողացել քրոմոսոմները նորմալ բաժանել եւ 2 կեսի ճիշտ ճեղքվել:

Գիտնականներն առայժմ չգիտեն, թե ինչու են բակտերիաները կիսվում հենց այս կետում: Դեռեւս անհասկանալի է մնում այն, թե հատկապես ինչն է ալիքներ առաջացնում եւ ինչն է ալիքի երկարությունն այնպիսին դարձնում, որ նրա կատարներից մեկը եւ փլուզման «փոսը» գտնվում են բջջի ճիշտ կենտրոնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել