• Latest news

Հնարավոր է` դեպրեսիայի պատճառը թաքնված է գենի ակտիվության ցածր մակարդակի մեջ

11 հուլիսի, 2017  14:27

Slc6a15 գենի ակտիվության ցածր մակարդակը կարող է նվազեցնել սթրեսների նկատմամբ օրգանիզմի ընկալունակությունը, հայտնել են Հոգեբանական առողջության ազգային ինստիտուտի հետազոտողները: Սա իր հերթին մեծացնում է դեպրեսիայի առաջացման հավանականությունը:

Նախորդ հետազոտություններով գիտնականները պարզել են, որ Slc6a15 գենն առավել հաճախ հանդիպում է նեյրոնների որոշակի տեսակներում, որոնք կազմում են, այսպես կոչված, գլխուղեղի կից կորիզը, որը պատասխանատու է պարգեւատրման համակարգի, հաճույքի, ծիծաղի եւ նույնիսկ պլացեբոյի էֆեկտի առաջացման համար: Կից կորիզն աշխատում է 2 հիմնական նեյրոտրանսմիտերներով` սերոտոնինով եւ դոֆամինով, որոնք կարգավորում են երջանկության մակարդակը եւ սթրեսին հակազդեցության աստիճանը, սակայն նոր հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են միայն D2 նեյրոնները` կից կորիզում որոշակի խումբ, որը զգայուն է դոֆամինի նկատմամբ:

Փորձերն անցկացվել են որձ մկների վրա, որոնք սթրեսի եւ դեպրեսիայի են ենթարկվել: Հատուկ ուշադրություն է դարձվել Slc6a15 գենի ազդեցությանը սթրեսին նեյրոնի արձագանքման արագության վրա: Մկների մոտ, որոնք վատ են արձագանքել բացասական ազդեցություններին, ծայրահեղ իրավիճակներում գենի ակտիվության մակարդակը զգալիորեն ցածր է եղել, քան ստուգիչ խմբի մկների մոտ, ինչը նշանակում է, որ նվազել է նաեւ D2 նեյրոնների ակտիվությունը: Մկները, որոնց մոտ գենի ակտիվությունն արհեստականորեն է ճնշվել, նույնպես դադարել են սթրեսին համարժեք արձագանքել: Այն կենդանիները, ում Slc6a15 գենը մշտապես ակտիվ է եղել, շատ լավ են արձագանքել սթերսային ցանկացած գործոնին:

Հետազոտությունների երկրորդ փուլում գիտնականներն ուսումնասիրել են մարդկանց ուղեղը, որոնք ինքնասպանություն են գործել խորը դեպրեսիայի հետեւանքով. ԱՀԿ տվյալներով` ամեն տարի աշխարհում ինքնասպանների թիվը հասնում է 800 հազար մարդու: Պարզվել է, որ այս մարդկանց մոտ D2 նեյրոններում Slc6a15 գենի ակտիվության մակարդակը եւս զգալիորեն ցածր է եղել, որը հաստատել է մկների վրա կատարված փորձերը:

Ի դեպ, չնայած այսպիսի մանրակրկիտ հետազոտությանը, մինչեւ հիմա ուղղակի եւ միանշանակ ապացույցներ չկան, որ Slc6a15 գենի էքսպրեսիան ազդում է սթրեսին դիմադրելու վրա: Ավելի շուտ, այս գենն իսկապես ազդում է նեյրոմեդիատորների հավասարակշռության վրա, սակայն վերջնական արդյունք ներկայացնելու համար, հետագա հետազոտություններ են անհրաժեշտ, որոնք միանշանակ կհաստատեն այս տեսությունը: Եթե այն հաստատվի, ապա գիտնականները կսկսեն դեղամիջոցների որոնումները, որոնք կկարողանան գենի աշխատանքն ակտիվացնել, որը կգործարկի D2 նեյրոնները, ինչը զգալիորեն կմեծացնի սթրեսների նկատմամբ կայունությունը եւ նույնիսկ կբուժի էնդոծին դեպրեսիայից, որն այսօրվա դրությամբ մեծահասակ բնակչության շրջանում հաշմանդամության առաջատար պատճառն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է