• Latest news

Ինչպես է աշխատում «Անջելինա Ջոլիի գենը»

20 հուլիսի, 2017  22:10

Թեխասի համալսարանի Առողջության գիտական կենտրոնից (UT Health San Antonio) բժիշկ Ռոն Լին իր գործընկերների հետ 15 տարի հետազոտել է BRCA1 գենի, այսպես կոչված՝ «Ջոլիի գենի» գործողության մեխանիզմը: Հայտնի է, որ BRCA1-ի արատավոր պատճենը ժառանգած կանայք 70 տարեկանում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման 65 տոկոսի հավանականություն ունեն, եւ ձվարանների քաղցկեղի առաջացման մինչեւ 39 տոկոս:

«Պարզվել է, որ BRCA1-ը շատ կարեւոր դեր ունի հետազոտման համար ձեր ընտրած գործնականում ցանկացած տիպի բջիջների ԴՆԹ-ի վերականգնման մեջ»,- ասել է բժիշկ Լին:

Բժիշկ Լին եւ նրա թիմը հետազոտել են BRCA1 արատավոր գեն կրող եւ այն չկրող կանանց կրծքագեղձի հյուսվածքների մի քանի նմուշներ: Պարզվել է, որ այս հյուսվածքների միջեւ զգալի տարբերություն կա:

  • Գենի էքսպրեսիայի հետ կապված անոմալ բջջային կառույցների աճի ուժգնացումը բարձր է միայն BRCA1 մուտանտ գենը կրող կանանց կրծքագեղձի հյուսվածքներում;
  • Այս աճը ավելի ակտիվ է միայն լյումինալ էպթելային բջիջներում, որտեղ առաջանում են կրծքի BRCA1 ուռուցքները;
  • Լյումինալ էպիթելային բջիջների տարբեր տեսակների շարքում անոմալ բջջային կառույցների աճն ավելի մեծ է այն հյուսվածքներում, որոնք էստրոգենի նկատմամբ զգայուն են:

BRCA1 գենի գործողության մեխանիզմի համաձայն՝ այն ծածկագրում է ԴՆԹ-ի վնասվածքների վերականգնումը եւ բջիջների բաժանումը կարգավորող սպիտակուցը: Այսպիսով՝ գենն օրգանիզմը պաշտպանում է ուռուցքների առաջացումից: BRCA1-ը նաեւ ազդում է էստրոգենի ռեցեպտորների վրա՝ արգելափակելով կրծքագեղձի եւ մյուս օրգանների բջիջների չափից ավելի բազմացումը, որոնք կախված են այս հորմոնից: Եթե գենում վնասվածք (մուտացիա) կա, գենոմի բազմացման եւ ամբողջականության վերահսկողությունը թուլանում է, ի հայտ է գալիս ԴՆԹ-ի անկայունություն եւ կարող է զարգանալ կրծքագեղձի բջիջների չարորակ փոխակերպում: Այսինքն՝ քաղցկեղ է առաջանում:

Ներկայումս հայտնի է BRCA1-ի ավելի քան 1000 մուտացիա: Պոպուլյացիայում մուտացիաներ հանդիպելու հաճախականությունը 1 տոկոս է: Այսինքն՝ 100-ից 1 կնոջ մոտ հայտնաբերվել է BRCA1 գենի վնասվածք:

Եթե կնոջ մոտ առկա է այս մուտացիաներից մեկը, կծքագեղձի քաղցկեղի հավանականությունը զգալիորեն մեծանում է՝ կազմելով 50-80 տոկոս: Մեծանում է նաեւ օնկոլոգիական այլ խնդիրների առաջացման հավանականությունը, մասնավորապես՝ ձվարանների, շագանակագեղձի, աղիների, էնդոմետրիայի, կոկորդի եւ մաշկի չարորակ հիվանդությունները:

Ընտանեկան հիվանդության զարգացման վատթար պատմության դեպքում հավանականությունը մեծանում է՝ BRCA1 գենի մուտացիաները կրողների դեպքում մինչեւ 65 տոկոս կրծքագեղձի քաղցկեղի եւ մինչեւ 39 տոկոս ձվարանների քաղցկեղի համար:

«Կուրծքը եւ ձվարանները 2 հիմնական օրգաններն են, որոնք կնոջ օրգանիզմում էստրոգենի նկատմամբ զգայուն են, եւ հենց սրանք են թիրախ հանդիսանում BRCA1 գենի վնասման դեպքում անոմալ հյուսվածքային կառույցների աճի համար»,- ասել է բժիշկ Լին: «Մեզ արդեն հաջողվել է հայտնաբերել BRCA1-ի դիսֆունկցիայի եւ կրծքագեղձի ու ձվարանների քաղցկեղի հակվածության միջեւ կապերի մեխանիզմը: Սա հետագա թեստավորման համար շատ գրավիչ մոդել է, որի շնորհիվ կարող է փոխվել կրծքագեղձի քաղցկեղի դեմ դեղերի զարգացման ուղղությունը»,- ասել է նա:

Nature Communications-ում հրապարակված հետազոտությունն առայժմ վերաբերում է միայն կրծքագեղձի հյուսվածքներին: Շուտով հետազոտողների խումբը կանցկացնի ձվարանների հյուսվածքների համանման հետազոտություններ:

Հիշեցնենք, որ BRCA1 գենը «Ջոլիի գեն» են անվանել այն բանից հետո, երբ հայտնի դարձել, որ հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին պրեւենտիվ մաստէկտոմիա է կատարել սեքվենիրացման ժամանակ  BRCA1 եւ BRCA2 մուտանտ գեների հայտնաբերումից հետո, որը նրան ժառանգաբար է փոխանցվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել