• Latest news

Որո՞նք են Հայաստանում օնկոլոգիայի զարգացման ռազմավարության հիմնական նպատակները. մեկնաբանում է լորդ Արա Դարզին

21 հուլիսի, 2017  19:57

Հայաստանի քաղաքացիներն արժանի են առողջապահության այնպիսի համակարգ ունենալու, որը կձգտի օնկոլոգիական ծառայությունների գերազանցությունն ապահովել բոլոր ասպեկտներում, կարծում է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր, բժշկության եւ վիրաբուժության ոլորտում ավանդի համար Բրիտանական կայսրության ասպետ, լորդ Արա Դարզին, որը ղեկավարելու է Ուռուցքաբանության զարգացման ռազմավարության մշակման Հայաստանի հանձնաժողովը:

Նրա խոսքով՝ ռազմավարության առանցքային թեման անվտանգ եւ արդյունավետ բուժման մատչելիության բարելավումն է: Արա Դարզին ռազմավարության եւ դրա նպատակների իր տեսլականի մասին պատմեց NEWS.am Medicine-ի հետ հարցազրույցում:

Լորդ Դարզի, մեզ հայտնի է, որ Դուք ղեկավարելու եք Հայաստանի Ուռուցքաբանության զարգացման ռազմավարության մշակման  հանձնաժողովը: Ի՞նչ եք ծրագրում այս պաշտոնում անել: Արդեն պատկերացում ունե՞ք, թե Հայաստանում ինչպես եւ ինչ ուղղությամբ պետք է զարգանա ուռուցքաբանությունը:

Յուրաքանչյուր երկրում առողջապահության ռազմավարությունը մշակելիս առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել բնակչության պահանջմունքներին: Հայաստանի քաղաքացիներն արժանի են առողջապահության այնպիսի համակարգ ունենալու, որը կձգտի օնկոլոգիական ծառայությունների գերազանցությունն ապահովել բոլոր ասպեկտներում:

Այս հարցում մեծ դերակատարում ունեն իրենք հիվանդները, մենք, որպես առողջապահության ոլորտի առաջնորդներ եւ կլինիկաբաններ, պետք է բարելավենք մեր հիվանդների հետ փոխգործակցությունը, որպեսզի նրանց ծառայություններ մատուցենք, որոնց կարիքը նրանք իսկապես ունեն: Եթե մենք ավելի լավ հասկանանք մեր հիվանդների պահանջմունքները, կկարողանանք բուժծառայությունների բարձր որակ երաշխավորել, որոնք մարդկանց կյանքի վրա նշանակալի եւ դրական ներգործություն կունենան:

Դուք ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի ուռուցքաբանության այժմյան վիճակը: Ձեր կարծիքով՝ քաղցկեղի կանխարգելումը, ախտորոշումը եւ բուժումը որքա՞ն լավ են կազմակերպված: Հայաստանում այս ոլորտում ինչպիսի՞ հաջողություններ եւ ի՞նչ խնդիրներ կան:

Հայաստանի կառավարությունը քաղցկեղի բուժմանը եւ կանխարգելմանը առաջնահերթ ուշադրություն է հատկացնում: Ինչպես առողջապահական գրեթե բոլոր համակարգերը, Հայաստանը եւս պետք է շարունակի օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը եւ բուժմանը առաջնահերթ ուշադրություն դարձնել, ինչպես նաեւ ապահովել այս բոլոր միջոցառումների միջեւ համաձայնեցվածությունը:

Ես կարծում եմ, որ քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման եւ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով սքրինինգի լավագույն ծրագրերի մշակման համար Հայաստանին դեռեւս շատ աշխատանք է սպասվում: Անհրաժեշտ է բնակչությանն իրազեկել, քաղցկեղի ախտանիշների մասին տեղեկատվություն տարածել եւ մարդկանց խրախուսել այս ախտանիշների առաջացման դեպքում բժշկի դիմել:

Ուռուցքաբանության զարգացման նոր ռազմավարությունը պետք է նաեւ ներդրումներ կատարի ծառայության ամրապնդման ու զինվածության  եւ առողջապահության աշխատակիցների համար, որ նրանք կարողանան որակյալ ախտորոշում կատարել: Ռազմավարության առանցքային թեման է անվտանգ եւ արդյունավետ բուժման մատչելիությունը: Այս հարցում կարեւոր նշանակություն ունի դեղերի մատչելիությունը, որն առանձնապես կարեւոր է պալիատիվ օգնություն ստացող հիվանդների համար:

Կյանքի վերջին շրջանում հիվանդների մի մասը բախվում է ցավի եւ այլ ախտանիշների, եւ դրանց լավագույն վերահսկողության շնորհիվ մենք կկարողանանք նվազագույնի հասցնել երրորդական բուժօգնության օգտագործումը, հետեւաբար՝ ընդհանրապես ծախսերը նվազեցնել: Այս ռազմավարության շրջանակում անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ պալիատիվ օգնության կարիք ունեցող հիվանդների պահանջմունքները, ռազմավարության մեջ պետք է ընդգրկվեն նաեւ պալիատիվ ծառայությունները եւ պալիատիվ օգնության տրամադրման ոլորտում բժշկական կրթության մակարդակի բարձրացումը:

Հայաստանում ռազմավարության անխափան աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ է ռեեստր ներդնել, որը կհավաքի օնկոհիվանդների մասին տվյալները եւ բուժման արդյունքները վերլուծելու հնարավորություն կտա:

Քաղցկեղի բուժումը բավականին թանկարժեք է, եւ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը չի կարող այն իրեն թույլ տալ: Ձեր կարծիքով՝ քաղցկեղի բուժման ֆինանսավորումը ինչպե՞ս պետք է կազմակերպվի այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է: Ո՞վ պետք է վճարի քաղցկեղով հիվանդների բուժման համար՝ պետությո՞ւնը, ապահովագրական ընկերություննե՞րը, ինքը հիվա՞նդը, թե՞ բարեգործական հիմնադրամները:

ԱՀԿ հրահանգների համաձայն՝ անձնական կամ ֆինանսական դժվարությունները չպետք է ծառանան օնկոհիվանդների ճանապարհին: Հայաստանի կառավարությունը պետք է գտնի երկրի համար առավել հարմար ֆինանսավորման մոդել՝ լինի դա պետական ֆինանսավորում՝ ապահովագրական ընկերությունների կամ բարեգործական հիմնադրամների մասնակցությամբ կամ ոչ, կամ այլ տարբերակ։

Մեծ Բրիտանիայում ինչպե՞ս է ֆինանսավորվում օնկոհիվանդների բուժումը:

Մեծ Բրիտանիայում Առողջապահության ազգային համակարգը (NHS) հիմնականում ֆինանսավորվում է ընդհանուր հարկման եւ ազգային ապահովագրության անդամավճարների հաշվին: Ամեն տարի Կենտրոնական կառավարությունը ծախսերի վերլուծություն է կատարում՝ համոզվելու համար, որ NHS-ն անհրաժեշտ ֆինանսավորում է ստանում:

Հիվանդները նաեւ կարող են բուժման համար ինքնուրույն վճարել մասնավոր կամ կորպորատիվ ապահովագրության միջոցներից:

Երկար տարիներ Հայաստանի Ուռուցքաբանության ազգային ինստիտուտը պետությանն էր պատկանում, եւ այժմ պատրաստվում են այն սեփականաշնորհել: Ձեր կարծիքով՝ առողջապահության նման ոլորտը, ինչպիսին ուռուցքաբանությունն է, կոմերցիայի վերածելը վտանգավո՞ր չէ: Սա չի՞ կարող երկրի քաղաքացիների մեծ մասի համար քաղցկեղի բուժումը պակաս մատչելի դարձնել:

Ուռուցքաբանության զարգացման ռազմավարությունը մշակելիս սա պետք է հաշվի առնել: ԱՀԿ ցուցումների համաձայն՝ օնկոլոգիական հիվանդությունների բուժումը եւ հիվանդների խնամքը պետք է լայնորեն հասանելի լինեն՝ անկախ այն հանգամանքից, թե կլինիկան ում է պատկանում՝ պետությանը, թե մասնավոր հատվածին:

Ուռուցքաբանության ազգային ինստիտուտը կարող է Հայաստանում դառնալ քաղցկեղի հետազոտման առաջատար հետազոտական կենտրոն, այս պատճառով որոշ բաժանմունքներ, եթե ոչ ամբողջ կլինիկան, պետք է սեփականաշնորհվեն, քանի որ այս ոլոտի հետազոտությունների համար լուրջ ֆինանսավորում է պահանջվում:

Անհրաժեշտ է առաջին հերթին կենտրոնանալ այն հարցի վրա, որ ուռուցքաբանության զարգացման ռազմավարության ֆինանսավորումը մեծացվի եւ կայուն լինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել