Բրիտանացի 11-ամսական Չարլի Գարդի ծնողները, որը հիվանդ է միտոքոնդրիալ ԴՆԹ-ի հյուծման համախտանիշով, հրաժարվել են նրա կյանքի համար պայքարից: Նրանք հաշտվել են այն մտքի հետ, որ իրենց որդուն այլեւս անհնար է օգնել, եւ իրենց համաձայնությունն են տվել կենսապահովման համակարգերից անջատելուն:
«Մենք պատրաստվում ենք ամենածանր քայլերից մեկն անել, որ երբեւէ մեզ վիճակվել է անել, եւ ազատել մեր փոքրիկ Չարլիին»,- Լոնդոնի բարձրագույն դատարանի մոտ ասել է երեխայի հայրը՝ Քրիս Գարդը, արտասուքը հազիվ զսպելով: Հայտարարության մեջ, որը կնոջ՝ Քոննի Յեյթսի հետ ընթերցել է Հարդը, նշված է, որ իրենք կցանկանային վերջին րոպեներն անցկացնել որդու հետ եւ խնդրել են այդ ընթացքում իրենց չանհանգստացնել:
Խնդրանքը ետ կանչելու որոշումն ընդունվել է ամերիկացի բժշկի կողմից բժշկական վերջին հետազոտության արդյունքներն ուսումնասիրելուց հետո, որը ցույց է տվել երեխայի օրգանիզմում անուղղելի վնասվածքների առկայությունը: Ամերիկացի նյարդաբան Միշիո Հիրանոն այն եզրակացությանն է հանգել, որ առկա պայմաններում փորձնական թերապիայի անցկացումն իմաստ չունի:
Չարլի Գարդը ծնվել է 2016 թվականի օգոստոսի 4-ին՝ չափազանց հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ՝ միտոքոնդրիալ ԴՆԹ-ի հյուծման համախտանիշով: Այս հիվանդությունը մկանային հյուսվածքի պրոգրեսիվ ատրոֆիա եւ ուղեղի վնասվածք է առաջացնում:
Երեխայի օրգանները նորմալ գործառնության համար բավարար էներգիայով չեն ապահովվում: Բժիշկների խոսքով՝ այս պահին փոքրիկը չի լսում, չի տեսնում, չի կարողանում շարժվել, լաց լինել կամ կլլել, իսկ ուղեղի վնասվածքներն անուղղելի են:
Այս հիվանդությունն այնքան հազվագյուտ է, որ բժիշկների կարծիքով՝ աշխարհում դրանով ախտահարված է ընդամենը 16 մարդ:
Հարդ ամուսինների կարծիքով՝ երեխայի բուժման ժամանակը կորցրել են Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի հետ բյուրոկրատական պայքարի պատճառով:
Լոնդոնի Great Ormond Street հիվանդանոցի բժիշկները, որտեղ երեխան գտնվում է, կարծում են, որ այս դեպքում բժշկությունն անզոր է: Նրանք ծնողներին խորհուրդ են տվել երեխային անջատել կենսապահովման սարքից:
Ավելի վաղ բրիտանական դատարանները եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում են ընդունել երեխային արհեստական շնչառության եւ կենսապահովման սարքերից անջատելու անհրաժեշտության մասին, քանի որ հետագա բուժումը նրան միայն վնաս կպատճառի:
Սակայն Քոննի Յեյթսը եւ Քրիս Հարդը սկսել են միջոցներ հավաքել՝ որդուն ԱՄՆ տանելու համար, որտեղ փորձնական բուժման միջոցներ են մշակվում: Նրանց հաջողվել էր հավաքել 1,3 մլն ֆունտ (մոտ 1,7 մլն դոլար): ԱՄՆ իշխանությունները երեխային ամերիկյան քաղաքացիություն էին տրամադրել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր