• Latest news

«Մեր նպատակն է օգնել մարդկանց լսել՝ ինչպես մենք». 1800 անապահով մարդիկ լսողական սարքեր են ստացել (ֆոտո)

16 հոկտեմբերի, 2017  16:28

Շատ երկրներում առողջապահության համակարգի ամբողջ ուշադրությունը սեւեռված է պոտենցիալ մահացու հիվանդություններին, իսկ ծանրալսողության խնդիրն ահնրաժեշտ ուշադրության չի արժանանում, պնդում է Starkey Hearing Foundation հիմնադրամի միջազգային ծրագրերի մենեջեր Թրեւոր Թյորները: Իհարկե, վատ լսողությունը չի կարող մարդուն սպանել, բայց այն կարող է բացասաբար անդրադառնալ նրա կյանքի որակի վրա, խանգարել նրան շփվել այլ մարդկանց հետ եւ արդյունավետորեն աշխատել:

Նրա խոսքով՝ աշխարհում մոտ 260 մլն մարդ տառապում է ծանրալսողությամբ, եւ նրանցից 80 տոկոսը լսողական սարքերի հասանելիություն չունի: Հայաստանում նույնպես բավականին մեծ թիվ են կազմում ծանրալսողությամբ մարդիկ, եւ ոչ բոլորն են կարող իրենց թույլ տալ լսողական սարք գնել: Նրանց վերստին լսելու հնարավորություն տալու համար Starkey Hearing Foundation-ի նախաձեռնությամբ բարեգործական առաքելության շրջանակում ԱՄՆ-ից Հայաստան է եկել մասնագետների խումբ, որպեսզի անվճար լսողական սարքեր տրամադրի անապահով ընտանիքներից 1800 մարդկանց:

Ինքը Թրեւոր Թյորները նունպես 2 ականջին լսողական սարք է կրում. նա բնածին ծանրալսողություն ունի: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա նշեց, որ ծնվել է երկրում, որտեղ լավագույն բժիշկների ու լսողական սարքերի հասանելիություն է ունեցել: Սակայն աշխարհում մարդկանցից շատերը նման հասանելիություն չունեն, եւ բարեգործական առաքելության նպատակն է այսպիսի մարդկանց օգնելը:

«Ինձ համար, բարեբախտաբար, հասանելի են որակյալ բուժումն ու լավ սարքերը: Starkey Hearing Foundation-ը պարզ նպատակ է հետապնդում՝ այս ամենին հասանելիություն ապահովել չքավորների համար, նրանց օգնել լսել այնպես, ինչպես մենք ենք լսում»,- ասաց Թրեւոր Թյորները:

Starkey Hearing Foundation-ի հիմնադիր Ուիլյամ Օսթինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով՝ հողագնդի բոլոր մարդիկ մեկ ընտանիք են, ուստի բոլոր մարդիկ պետք է միմյանց հարգեն ու օգնեն:

«Մենք սա անում ենք, քանի որ հույս ունենք, որ մեր գործողությունները «վարակիչ» կլինեն, մենք կազդենք մյուսների մտածողության վրա, նրանց ավելի հոգատար, տոլերանտ կդարձնենք»,- նշեց Ուիլյամ Օսթինը՝ հավելելով, որ Starkey Hearing Technologies ընկերությունը զբաղվում է լսողական սարքերի պատրաստմամբ, որոնք վաճառում են հարուստ երկրների ապահովված մարդկանց, եւ եկամուտների մի մասով բարեգործական առաքելություններ են կազմակերպում՝ «Որպեսզի աշխարհը կարողանա լսել» կարգախոսով եւ անվճար լսողական սարքեր են տրամադրում կարիքավորներին:

Հայաստանը 106-րդ երկիրն է, որտեղ անցկացվել է Starkey Hearing Foundation-ի բարեգործական առաքելությունը: Առաքելությունը կանոնավորապես անցկացվում է 54 երկրներում, եւ բացառված չէ, որ Հայաստանը կդառնա 55-րդը, որտեղ մասնագետները կգան ամեն տարի:

Սարքերի մի մասը իրենց ընկերության արտադրանքն է, մի մասը առաքելությունը նվեր է ստանում բարերարներից, ինչպես նաեւ զարգացած երկրների կառավարություններից եւ առողջապահության համակարգերից: Առաքելության շրջանակում տարեկան բաժանվում է մոտ 200 հազար սարք, հիմնադրամների ներկայացուցիչների խոսքով՝ այս թիվը տարեցտարի աճում է:

Առաքելության կամավորներից մեկը՝ լսողության մասնագետ Ֆորտունատո Ֆելիանոն NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ բարեգործական առաքելությունները իրեն եւ իր գործընկերներին հնարավորություն են տալիս տեսնել եւ ավելի լավ հասկանալ «սեփական պատերից դուրս գտնվող աշխարհը»: Այսպիսի առաքելությունների ժամանակ նրանք տեսնում են, թե շրջապատում որքան մեծ թվով մարդիկ օգնության կարիք ունեն, եւ հասկանում են, որ իրենք էլ կարող են նրանց համար շատ բան անել: Ուստի, նրա խոսքով, իրենք նախընտրում են ազատ ժամանակն այսպես անցկացնել, արձակուրդի մեկնելու փոխարեն:

Հոկտեմբերի 15-17-ը Ֆորտունատո Ֆելիանոն իր գործընկերների հետ հայ հիվանդներին լսողական սարքեր է տեղադրում եւ դրանք այնպես է կարգավորում, որ նրանք կարողանան լավ լսել: Սարքը ստացողներին նրանք նաեւ ոսկեգույն մեդալ են հանձնում՝ «N1» գրառմամբ: Մասնագետի պարզաբանմամբ՝ այս մեդալը խորհրդանշում է հիվանդներից յուրաքանչյուրի փոքրիկ հաղթանակը:

67-ամյա Սեդա Օնանյանը այսօր լսողական սարքեր ստացած հիվանդներից մեկն է: Նրա խոսքով՝ լսողական խնդիրներ է ունեցել մանկուց, սակայն դրա վրա ուշադրություն չէին դարձնում: Տարիքին զուգահեռ՝ լսողությունը շարունակել է թուլանալ, եւ այսօր նա առանց լսողական սարքի շատ վատ է լսում: Տիկին Սեդայի խոսքով՝ մարդու համար լսողությունն անչափ կարեւոր է՝ անկախ տարիքից: Իսկ տարեց մարդիկ, եթե կարողանում են լսողական սարքի օգնությամբ լավ լսել, իրենց պակաս կաշկանդված են զգում, ավելի շատ են շփվում, ավելի ակտիվ կյանք են վարում:

Starkey Hearing Foundation-ի առաքելությունը Հայաստան բերելու գաղափարը պատկանում է Հայկուհի եւ Արմեն Քավուքչյան ամուսիններին, որոնք Լոս Անջելեսից լսողական սարքերի տեղադրման մասնագետներ են: NEWS.am Medicine-ի հետ զրույցում Հայկուհի Քավուքչյանը նշեց, որ այս գաղափարն իրենց մոտ առաջացել էր դեռեւս 2007 թվականին, իսկ վերջնականապես իրականացվեց այսօր:

Հայկուհի Քավուքչյանի խոսքով՝ այս առաքելության ընթացքում լսողական սարքեր կստանան  մոտ 1800 հիվանդներ, իսկ ընդհանուր առմամբ Հայաստան են բերել 4000 լսողական սարք՝ յուրաքանչյուր ականջին մեկական հատ: Այս սարքերը բաժին կհասնեն Երեւանի եւ մի քանի հյուսիսային շրջանների բնակիչներին. 3 օրում Գյումրից կժամանեն 13 ավտոբուսով, եւս 4՝ Վանաձորից, եւս մի քանի՝ Իջեւանից եւ Նոյեմբերյանից: Նրա խոսքով՝ այս ամենի կազմակերպմանն օգնել են «Արաբկիր» ԲԿ մասնագետները, ինչպես նաեւ տեղացի կամավորները:

Մի քանի օր հետո առաքելության մասնակիցների մեծ մասը կվերադառնա հայրենիք, սակայն առաքելության շրջանակում սարքեր ստացած մարդիկ անուշադրության չեն մատնվի: Երու մասնագետ Երեւանում կմնա մինչեւ հոկտեմբերի 27-ը եւ տեղացի 5-6 մասնագետների կսովորեցնի, որպեսզի նրանք հետագայում կարողանան լսողական սարքեր ստացած մարդկանց սպասարկել. եթե նրանց սարքերի հետ կապված ինչ-որ խնդիրներ ծագեն, կամ անհրաժեշտ լինի սարքերը նորոգել, կամ մարտկոցը փոխել, նրանք կարող են դիմել այս մասնագետներին եւ անվճար օգնություն ստանալ:

Հայկուհի Քավուքչյանը հավելեց, թե հույս ունի, որ մոտ ապագայում առաքելությունը կկարողանա Լեռնային Ղարաբաղ մեկնել, որտեղ նույնպես մեծ թվով մարդիկ կան, որոնք լսողական սարքերի կարիք ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել