• Latest news

Առանց լուրջ միջոցառումների՝ 2035 թվականին ՀՀ բնակչությունը 2,6 մլն-ից ավելի չի լինի. ՄԱԿ

17 հոկտեմբերի, 2017  14:11

Եթե ոչ մի լուրջ միջոցառում չձեռնարկվի, եւ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, 2035 թվականին Հայաստանի բնակչությունը կհասնի առավելագույնը 2,5-2,6 մլն-ի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ Ազգաբնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Հիմնադրամի հաշվարկների համաձայն՝ եթե բնակչության թվաքանակի մեծացման համար երկրում շատ լուրջ միջոցառումներ ձեռնարկեն, այսինքն՝ սկսեն նպաստել ծնելիությանը եւ հայրենադարձությանը, 2035 թվականին բնակչությունը կարող է մեծանալ մինչեւ 3,2 միլիոն: Գարիկ Հայրապետյանը նշեց, որ սա շատ լավատեսական թիվ է, եւ չնայած տեսականորեն հնարավոր է դրան հասնել, գործնականում շատ դժվար կլինի, եւ լուրջ ջանքեր կպահանջվեն:

«Դրա համար դեռեւս երեկ էր հարկավոր սկսել այս նպատակով ներդրումներ կատարել»,- նշեց նա:

ՄԱԿ Ազգաբնակչության հիմնադրամի ներկայացուցիչը 4 մլն-ի նշաձողը շատ հավակնոտ է համարում, սակայն, ցավոք, դժվարհասանելի:

Խոսելով բնակչության թվի մեծացման ուղիների մասին՝ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ սկանդինավյան երկրների փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ թե ծնելիության ինքնանպատակ աճի վրա, այլ սեռերի հավասարության եւ պայմանների հասնելու վրա, որոնց պարագայում  զույգի համար ռիսկային չի լինի եւս մեկ երեխա ունենալու որոշումը: Սկանդինավյան երկրներում 25 տարում ծնելիության ցուցանիշն աճել է 1,4-ից մինչեւ 1,9 անգամ, եւ սա լուրջ առաջընթաց է համարվում: Ըստ որում՝ այնտեղ ծնելիությունը չեն խրախուսել յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու համար խոշոր վճարումներով. դրա փոխարեն այս երկրներում այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ կանայք դադարել են վախենալ իրենց եւ երեխաների ապագայի համար:

Ավելին՝ այս բոլոր երկրներում հայրերը նույնպես կարող են երեխայի խնամքի համար արձակուրդ վերցնել եւ վերցնում են: Հետաքրքիր է, որ նման արձակուրդ թույլատրող օրենք կա նաեւ Հայաստանում, սակայն դրա գոյության ամբողջ ժամանակահատվածում արձակուրդից օգտվել է ընդամենը 2 տղամարդ:

Նշենք, որ վերջերս նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովի բացմանը ելույթ ունենալիս, հայտարարել էր, որ անհրաժեշտ է 2040 թվականին Հայաստանի բնակչությունը մինչեւ 4 մլն մարդու հասցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել