• Latest news

Քաղցրավենիքը նպաստում է տկարամտությանն ու Ալցհեյմերի հիվանդությանը. հետազոտություն

8 նոյեմբերի, 2017  20:26

Ուղեղում գլյուկոզայի բարձր մակարդակն անմիջական կապ ունի ամիլոիդ վահանակների քանակի, ինչպես նաեւ Ալցհեյմերի հիվանդության արտաքին ախտանշանների դրսեւորման հետ։ Այդպիսի եզրակացության են հանգել Ծերացման խնդիրների ազգային ինստիտուտի հետազոտողները (NIA,ԱՄՆ)։

NIA-ի Կլինիկական նեյրոգիտության  բաժնի ղեկավար Մադհավ Թամբիսետին իր գործընկերների հետ ուսումնասիրել է Ծերացման բալթիմորյան երկարատեւ ուսումնասիրության (BLSA) մահացած մասնակիցների՝  դիահերձման ժամանակ ստացված գլխուղեղի հյուսվածքների նմուշները։

Ուսումնասիրվել էին պացիենտների 4 խումբ․

  • կյանքի ընթացքում Ալցհեյմերի հիվանդության ախտանշաններ ունեցող  պացիենտներ
  • հաստատված Ալցհեյմերի հիվանդությամբ պացիենտներ (գլխուղեղում բետա-ամիլոիդների սպիտակուցային վահանիկների եւ նեյրոֆիբրիլյար գնդիկների հայտնաբերմամբ)
  • կյանքի ընթացքում առանց ախտանշանների, բայց բացելուց հետո հայտնաբերված՝ Ալցհեյմերի հիվանդության էական վկայություններով
  • «առողջ» վերահսկվող խումբ

Գիտնականները չափել են գլյուկոզայի մակարդակը ուղեղի տարբեր հատվածներում։ Հետազոտման ընթացքում բացահայտվել են գլիկոլիզի՝ գլյուկոզայի քայքայման հիմնական գործընթացի  տարբեր շեղումներ։

Նրանք հայտնաբերել են, որ գլիկոլիզի փուլերը վերահսկող  ֆերմենտների ակտիվությունը էականորեն ցածր է Ալցհեյմերի հիվանդության դեպքում՝ առողջ մարդկանց գլխուղեղի հյուսվածքների նմուշների համեմատությամբ։

Առաջին հերթին պարզվել է, որ գլիկոլիզի առավել ցածր ցուցիչները եւ, հետեւաբար, գլխուղեղի հյուսվածքներում գլյուկոզայի ավելի բարձր մակարդակը համապատասխան  հարաբերություն ունեն ամիլոիդ վահանիկների եւ նեյրոֆիբրիլյար գնդիկների արտահայտվածության հետ։

Երկրորդ՝  հաստատվել է, որ ուղեղի գլիկոլիզի ընթացքում որքան ավելի լուրջ շեղումներ եւ որքան շատ գլյուկոզա է այնտեղ հայտնաբերվել, այնքան պացիենտի կյանքի ընթացքում ավելի ուժեղ են արտահայտվել Ալցհեյմերի հիվանդության ախտանշանները։

Ուսումնասիրության երկրորդ փուլում գիտնականները հայտնաբերել են, որ Ալցհեյմերի հիվանդությամբ մարդկանց մոտ քիչ են գլյուկոզան քայքայող էնզիմները, իսկ  GLUT-3 սպիտակուցների խտությունը, որը ուղեղի բջիջներ է տեղափոխում գլյուկոզան,  ցածր է։

Ուսումնասիրությունների եզրափակիչ փուլում գիտնականները համեմատել են պացիենտների արյան մեջ պարունակվող շաքարի՝ կյանքի ընթացքում վերցված (մահվանից տարիներ առաջ) տվյալները ուղեղի հյուսվածքների գլյուկոզայի մակարդակի հետ։ Պարզվել է, որ արյան մեջ բարձր շաքարով մարդկանց մոտ  ի հայտ է եկել նաեւ ուղեղում գլյուկոզայի բարձր խտություն։

«Որոշ ժամանակ առաջ գիտնականները ենթադրում էին, որ հնարավոր է՝  կապ կա Ալցհեյմերի հիվանդության եւ ուղեղի կողմից գլյուկոզայի մշակման միջեւ։ Այնպիսի հետազոտություններն, ինչպիսին սա է, մեզ նոր պատկերացումներ են տալիս այն մասին, թե ինչպես ուսումնասիրել այդ կապերը՝ Ալցհեյմերի հիվանդության բուժման եւ կանխարգելման արդյունավետ միջոցներ գտնելու համար», - եզրափակել է NIA-ի տնօրեն Ռիչարդ Հոդեսը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է