• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները փրկել են դանակի երկու հարված ստացած երիտասարդի կյանքը (ֆոտո)

10 նոյեմբերի, 2017  19:11

«Երբ ես ետ եմ նայում այն ամենին, ինչի միջով անցել եմ, ապա կարող եմ ասել, որ հիմա ինձ իդեալական եմ զգում։ Իմ կյանքը փրկել են»,- ասում է 29-ամյա Ս․Ա-ն, որը հիմա «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ է գտնվում։

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած վթարին հաջորդած վիճաբանության ժամանակ երիտասարդը դանակով երկու թափանցող վիրավորում է ստացել։ Նա հիշում է, որ երբ իրեն տեղափոխել են «Էրեբունի» բուկժենտրոն, ինքը դողում էր։ Նա բժիշկներին խնդրել է արագ քնեցնել իրեն, որպեսզի ցավը չզգա:

Այդ օրը «Էրեբունի» ԲԿ-ում հերթապահում էր ընդհանուր ու էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ավագ վիրաբույժ Արա Մելիքյանը։ Բժիշկը հիշում է, որ իրեն մոտավորապես ժամը 20:00-ին շտապ կանչել են ընդունարան։ Շտապ օգնության մեքենայով հիվանդանոց հասցված երիտասարդը կտրող ծակող երկու վիրավորում ուներ՝ մեկը սրտի հատվածում, մյուսն՝ ավելի ցածր։ Նախնական զննումը ցույց է տվել, որ հնարավոր է կենսական կարեւորության ներքին օրգանների վնասում։ Հիվանդին շտապ ուղարկել են ՀՏ-ի, խնդրելով սպասել մեկ այլ հիվանդի, որին պետք է հետազոտեին այդ պահին։

«ՀՏ արդեն առաջին իսկ շերտից պարզ է դարձել, որ կրծքի ու որովայնային խոռոչների օրգանների վնասում կա ՝ սրտապարկում կար արյուն, ձախ պլեւրալ խոռոչում նաեւ կար արյուն ու օդ, արյուն ու օդ կար որովայնային խոռոչում։ Ամենակարեւորը, հասկանալի դարձավ, որ սիրտը վնասված է»,- պատմում է Արա Մելիքյանը։ Բժշկի ցուցումով ՀՏ պրոցեդուրան մինչեւ վերջ չեն հասցրել, չեն արել նաեւ ՈՒՁՀ հետազոտություն՝ հիվանդին անհապաղ հասցրել են վիրահատարան։ «Հիվանդանոց ընդունվելուց 10 րոպե հետո նա արդեն վիրահատարանում էր»,- ասում է բժիշկը։

Այդ ժամանակահատվածում կանչել են անեսթեզիոլոգ Արմենակ Սուքիասյանին, կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արտակ Հովհաննիսյանին ու նրա օգնական Գագիկ Սողոմոնյանին։

Արտակ Հովհաննիսյանը հիշում է, որ ինքը նոր էր տուն մտել, երբ հիվանդանոցից զանգահարել են։ Մինչ նա վերադառնում էր հիվանդանոց՝ Գագիկ Սողոմոնյանը, Արա Մելիքյանն ու Արմենակ Սուքիասյանն արդեն հիվանդին նախապատրաստել էին վիրահատության։ Սկսել են կրծքավանդակի հատումից , քանի որ առաջին հերթին պետք էր հիվանդի սիրտը փրկել։

Պարզվել է, որ առաջին թափանցող վիրավորման արդյունքում վնասվել էին թոքն ու սրտի ձախ փորոքը։ «Սրտապարկի վրա 1.5 սմ չափով վնասվածք էր ու 1.2 սմ չափով վնասվածք կար ձախ փորոքի կողմնային պատին։ Մենք կանգնեցրեցինք արյունահոսությունը, կարեր դրեցինք, վերականգնեցինք սրտի ամբողջականությունը, նաեւ ՝ թոքի ամբողջականությունը, կարեցինք ստոծանին, հեռացրեցինք կուտակված արյունը»,- պատմում է Արտակ Հովհաննիսյանը։

Երկրորդ փուլով կատարեցին որովայնահատումը։ Ստամոքսի վրա կար 1 սանտիմետրանոց կտրվածք, ու ստամոքսի մեջ շատ արյուն կար՝ մոտ 700 -800 մլ։ Անեսթեզիոլոգը այսպես կոչված ռեինֆուզիա է արել՝ այդ արյունը փոխներարկել է հիվանդին։ Հետո ստամոքսը կարել են։

Արտակ Հովհաննիսյանը պարզաբանում է, որ երիտասարդը արյան բավականին մեծ կորուստ ուներ։ «Մինչեւ 3 լիտր արյուն կար կրծքավանդակի խոռոչում, սրտապարկում, չհաշված այն կորուստը, որի մասին մենք չգիտենք»,- ասում է նա։ Նման վիրավորումների դեպքում ամենակարեւորը ժամանակն է, քանի որ մահը կարող է վրա հասնել արյան մեծ կորստից ու պետք է ժամանակին հասցնել կանգնեցնել այդ պրոցեսը։ Բացի այդ՝ երիտասարդի բախտը մի քիչ բերել է ՝ դանակի հարվածը նրա ձախ փորոքին է դիպչել, անցնելով երկու կարեւոր սնող անոթների միջով։ Պսակաձեւ անոթները անվնաս էին մնացել։ «Բայց նրա բախտը բերել է նաեւ այն հարցում, որ հերթապահ բժիշկներն արագ են կողմնորոշվել, ու ամեն ինչ արել են, ինչպես հարկն է, ու մենք նույնպես ժամանակին վրա հասանք»,- ասում է նա։

Ս. Ա-ն արդեն վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ է տեղափոխվել, նա ինքնուրույն շնչում է ու ուտում, արդեն կարողանում է քայլել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել