• Latest news

Հայաստանում դիաբետիկ ռետինոպաթիայով հիվանդների աչքերի 300 լազերային վիրահատություն են արել

14 նոյեմբերի, 2017  21:09

«Դիաբետիկ ռետինոպաթիայի պատճառով կուրության կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակում դիաբետով ու դիաբետիկ ռետինոպաթիայով տառապող մարդկանց աչքերի 300 լազերային վիրահատություն է իրականացվել մայիսի 1-ից առայսօր։

Ինչպես պատմել է Հայկական ակնաբուժական նախագծից (Armenian Eye Care Project) Վարվարա Քալաշյանը՝ ծրագրի շրջանակներում մասնագետները ստուգել են Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի 3000 բնակչի տեսողություն, որոնցից 1000-ն ուներ դիաբետ։ Ախտորոշման համար հատուկ ռետինալ տեսախցիկի օգնությամբ լուսանկարել են հիվանդների ցանցաթաղանթը։ 400 հիվանդների մոտ գտել են դիաբետիկ ռետինոպաթիա, ու նրանցից 300-ը վիրահատության կարիք ուներ։ Շուտով ստուգումներ կսկսեն իրականացնել նաեւ Շիրակի մարզում։

2018թ.-ին շաքարային դիաբետով հիվանդների ակնային զննումներ եւ բուժում կիրականացվի Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Արմավիրի մարզերում եւ Երեւանում, իսկ 2019թ.-ին՝ Երեւանում: Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերի բնակիչները ծրագրի ողջ ընթացքում կսպասարկվեն ՀԱՆ ԲՀ մարզային ակնաբուժական կենտրոններում:

Վարվարա Քալաշյանի խոսքով՝ դիաբետիկների 90 տոկոսը կյանքի ընթացքում բախվում է տեսողական խնդիրների ու յուրաքանչյուր երրորդի մոտ զարգանում է ռետինոպաթիա, որը բուժման բացակայության դեպքում կարող է կուրության հանգեցնել։ Եռամյա ծրագրի նպատակն է հենց կուրության կանխարգելումը այդ մարդկանց մոտ։

Ինչպես հայտնում է Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ ԲՀ), Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ ՀԱՆ–ը 2017թ. մարտի 1-ից իրականացնում է «Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից» եռամյա ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ ակնաբույժների ասոցիացիան եւ Շաքարախտի հայկական ասոցիացիան: Ծրագիրը նպատակ ունի կանխարգելել շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդություններից առաջացող կուրությունը բնակչության շրջանում՝ կանխարգելիչ բարելավված խնամքի և բուժման, բուժծառայությունների և հանրային տեղեկատվության հասանելիության բարձրացման շնորհիվ:

Աշխարհում գրանցվում է շաքարային դիաբետով հիվանդացության աճ, որը զուգակցվում է ակնային բարդություններով, ինչպես, օրինակ՝ շաքարախտային ռետինոպաթիան է: 2015թ. տվյալներով 415 մլն մարդ ախտորոշված է որպես դիաբետ ունեցող: Ենթադրվում է, որ նրանց 95 տոկոսը կարող է ունենալ դիաբետի հետեւանքով առաջացած ակնային որեւէ ախտահարում, իսկ երեքից մեկի մոտ ի վերջո կզարգանա շաքարախտային ռետինոպաթիա: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում միչեւ 2050թ. շաքարախտային ռետինոպաթիայով հիվանդների թիվը կեռապատկվի, իսկ զարգացող երկրներում միչեւ 2030թ. այն կկրկնապատկվի:

Փորձը ցույց է տալիս, որ երբ տարբեր երկրներում ռետինոպաթիայի ազգային սքրինինգային ծրագրեր են իրականացվում, եւ սքրինինգի են հրավիրվում շաքարային դիապետ ունեցող բոլոր հիվանդները, նրանց 20 տոկոսը տեսողության ստուգման չի գալիս: Այդ պատճառով չափազանց կարեւոր է, որ հիվանդները տեղյակ լինեն շաքարային դիաբետի պատճառով առաջացող ակնային խնդիրներին եւ ակնաբույժի մշտական հսկողության տակ գտնվեն: Հետազոտությունների համաձայն՝ ազգային ծրագրի իրականացման պարագայում շաքարախտով հիվանդների շրջանում կուրացողների կամ տեսողական խնդիրներ ունեցողների թիվը կիսով չափ նվազում է:

Շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդությունները ՀԱՆ ԲՀ-ի ուշադրության կենտրոնում են դեռ 2003թ.-ից` «Լույս հայի աչքերին» ծրագրի մեկնարկից ի վեր: Այժմ աշխատանքն առավել թիրախավորված է դարձել եւ մի շարք նոր բաղադրիչներ է ներառել:

Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ողջ երկրում 2017թ. մարտից մինչեւ 2020թ. մարտ ամիսը շաքարային դիաբետ ունեցող յուրաքանչյուր հիվանդ ակնային ստուգում անցնելու հնարավորություն կունենա, նոր հատուկ սարքավորման միջոցով կնկարահանվի նրանց ակնահատակը: Համակարգչային ծրագիրը ակնահատակի լուսանկարների զննության արդյունքում շաքարախտային ռետինոպաթիայի ռիսկային խմբում գտնվողներին կառանձնացնի, վերջիններս էլ խորացված հետազոտություն կանցնեն Աչքի շարժական հիվանդանոցում կամ ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոններում՝ հետագա լազերային բուժման կամ վիրահատության նպատակով: ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոններում ներդրված հեռաբժշկության համակարգը թույլ կտա մարզային մասնագետներին անմիջական խորհրդատվություն կազմակերպել Երևանի առաջատար ակնաբուժական կենտրոնների գործընկերների հետ:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են վերապատրաստումներ հանրապետության բոլոր մարզերի եւ Երեւանի ակնաբույժների, ներզատաբանների եւ ընտանեկան բժիշկների համար՝ շաքարախտով տառապող երեխաների և մեծահասակների ակնային խնամքի կարեւորության թեմայով: Տեսական եւ գործնական դասընթացներն արդեն անց են կացվել Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի եւ Տավուշի մարզերի մասնագետների համար: ՀԱՆ ԲՀ-ն, այլ գործընկերների հետ գործակցությամբ, ներզատաբանների համար կստեղծի շաքարախտով հիվանդների ակնաբուժության թեմայով կրթական ծրագիր եւ կվերանայի շաքարախտով պայմանավորված աչքի խնամքի առկա կրթական նյութերը՝ դրանք առաջնային օղակի բուժաշխատողներին (ընտանեկան բժիշկներ, բուժքույրեր և այլն) տրամադրելու նպատակով:

Այսպիսով, մինչեւ 2020թ. մարտ ամիսը կհավաքվի երկրում շաքարային դիաբետով հիվանդների ակնահատակի լուսանկարների շտեմարան, շուրջ 3.000 հոգի լազերային բուժում կստանա կամ կվիրահատվի (որոնցից 500-ը Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի հետ գործակցությամբ), 100 ներզատաբան, 100 ակնաբույժ, 400 ընտանեկան բժիշկ եւ 400 բուժքույր վերապատրաստում կանցնի, 10.000 մարդու կտրամադրվեն հանրային կրթության տեղեկատվական նյութեր, կկազմակերպվեն համաժողով և կլոր-սեղաններ շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդությունների կանխարգելման թեմայով՝ ՀՀ կառավարության, առողջապահական համակարգի, մարզային իշխանությունների ներկայացուցիչների, առաջատար ներզատաբանների և ակնաբույժների մասնակցությամբ:

Ծրագրի արդյունքում Հայաստանը կդառնա այն եզակի երկրներից, որտեղ կստեղծվի շաքարային դիաբետով հիվանդների ակնահատակի լուսանկարի շտեմարան, եւ հնարավոր կլինի հայտնաբերել եւ բուժել շաքարախտային ռետինոպաթիան՝ զարգացման վաղ փուլում: Դա կկանխի շաքարային դիապետով պայմանավորված կուրությունը եւ երկրին սոցիալական ու տնտեսական մեծ օգուտ կբերի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել