• Latest news

«Հայկական քթով» բոլոր ծնվածները պլաստիկ վիրաբույժի պոտենցիալ հաճախորդներ են (ֆոտո)

3 դեկտեմբերի, 2013  18:58

Հայաստանում էսթետիկ վիրաբուժության մեջ առաջին տեղում են քթի վիրահատությունները: «Հայկական քիթը» մեծագույն անհարմարություն է պատճառում այն կրողներին: Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում  ասաց «Մալաթիա» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ եւ պլաստիկ վիրաբույժ Աշոտ Թորոսյանը:

Ինչպես բացատրեց վիրաբույժը, եթե տգեղ ականջները կամ կազմվածքի թերությունները հնարավոր է թաքցնել հագուստի կամ մազերի տակ, ապա դեմքը ոչ մի տեղ չես թաքցնի, իսկ դեմքի ամենաերեւացող մասը քիթն է: Այս դեպքում վիրահատության թանկության վրա ուշադրություն չեն դարձնում, տարիներով գումար են կուտակում, միայն թե վերջի վերջո ազատվեն այդ տխրահռչակ «հայկական քթից» : Ինչպես վստահեցնում է վիրաբույժը. « Հայաստանում այդիպսի քթով բոլոր ծնվածները հանդիսանում են մեր պոտենցիալ հաճախորդները»: Ինչ վերաբերվում է էսթետիկ վիրաբույժության այլ տեսակներին, ապա դա արդեն նյութական ապահովվածության խնդիր է:  

Պատասխանելով այն հարցին, թե ով է ավելի պատրաստ դանակի տակ պառկել հանուն գեղեցկության, տղամարդիկ թե՞ կանայք, բժիշկը նշեց, որ  կանայք ու աղջիկները, անխոս,  զբաղեցնում են առաջին հորիզանականը, մինչդեռ երիտասարդ տղաներն էլ արդեն ամոթալի չեն համարում պլաստիկ վիրաբույժին դիմելը: Տոկոսային հարաբերակցությամբ վիճակագրությունն ունի հետեւյալ տեսքը՝ 80% կանայք, 20% տղամարդիկ:

Տղամարդիկ նույնպես հիմնականում ուղղում են քիթը, երկրորդ տեղում են ականջների վիրահատությունները եւ հազվադեպ լինում են  դեմքի երիտասարդացման դեպքեր: Կատարում են նաեւ մազերի իմպլանտացիա: Ինչպես նկատել է իր գործունեության ընթացքում բժիշկը, դեմքի երիտասարդացման համար հիմնականում դիմում են տարիքով տղամարդիկ, եթե ունեն երիտասարդ ընկերուհի: Այն հարցին, թե արդյոք դա կախված չէ՞ մասնագիտությունից, եւ արդյոք հայտնի քաղաքական գործիչներն ու շոու բիզնեսի աստղերը ավելի հաճախ չե՞ն օգտվում իրենց ծառայություններից, բժիշկը պատասխանեց , որ, իր դիտումներով, հիմնական դրդապատճառներն են փոփոխությունները անձնական կյանքում: Նա նաեւ ենթադրություն արեց, որ հասարակական մարդիկ նախընտրում են նման տիպի վիրահատությունները կատարել արտասահմանում, որպեսզի դա մեծ արձագանք չստանա: Այնուամենայնիվ, բժիշկը նշեց, որ իրենց հիվանդների թվում նույնպես կան բավականին հայտնի մարդիկ, գաղտնիությունը նրանց համար երաշխավորված է, չնայած նրանց արտաքինի մեջ փոփոխությունները լինում են նկատելի, եւ վիրահատության մասին կարելի է կռահել:

 «Լավ հագնվելու հնարավորություն ունենալու դեպքում՝ դուք դրանից չե՞ք օգտվի, նույնն էլ էսթետիկ վիրաբուժությունն է, եթե լավ տեսք ունենալու հնարավորություն եւ ֆինանսական կարողություն ունեք, ինչու՞ չօգտվել դրանից », - նշեց բժիշկը։

Հայաստանում կատարում են նաեւ լիպոսակցիա եւ կրծքերի մեծացման վիրահատություններ: Նաեւ կատարում են շուրթերի շտկում  կա՛մ ուղղակի հետեւելով մոդային, կա՛մ դեմքի առավելագույն գեղեցկության հասնելու համար: Վիրաբույժի խոսքով, երբեմն շուրթերի աննշան շտկումը կարող է ամբողջությամբ փոխել մարդու դեմքը:

Ինչպես վստահեցրեց բժիշկը, կրծքերի մեծացման համար օգտագործվում են միայն  հայտնի ընկերությունների որակյալ իմպլանտներ. «Մեզ այսօր հասանելի է այն ամենը, ինչ կա աշխարհում,  միայն թե ֆինանսական հնարավորություններ լինեն»: Ինչ վերաբերվում է լիպոսակցիային, ինչպես պատկերավոր արտահայտվեց բժիշկը, մարմնի հետ պետք է վարվել այնպես,  ինչպես քանդակագործն է վարվում իր ստեղծագործության հետ՝ թեթևակի ուղղել այն, ինչ ճիշտ չի ընթացել: «Ամենակրեւորը, որ լիպոսակցիայից հետո մաշկը չկախվի, դա նշանակում է, որ ճարպը  պետք է հեռացնել  ոչ մեծ ծավալով» : Կիրառվում են լիպոսակցիայի տարբեր մեթոդներ՝ լազերային, ուլտրաձայնային, վիբրացիոն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները : Աշոտ Թորոսյանի կարծիքով, ամենաանվնասը ճարպի հեռացման դասական մեխանիկական ձեւն է, քանի որ, այլ մեթոդների ժամանակ կա ջերմային այրվածքների, հյուսվածքների վնասման եւ այլ բարդությունների վտանգ: Ըստ նրա, տղամարդիկ նույնպես  դիմում են լիպոսակցիայի՝ հեռացնելով հիմնականում որովայնի շրջանի ճարպը: Ինչպես նաեւ շատ կարեւոր է, որպեսզի հիվանդները հասկանան, որ լիպոսակցիան արմատական կերպով չի լուծում ճարպի կուտակման հարցը, դրա համար անհրաժեշտ է փոխել կենսակերպը, ճիշտ սնվել, ակտիվ կյանքով ապրել:

Բժիշկը նկատեց նաեւ, որ, եթե առողջների համար լիպոսակցիան ուղղակի էսթետիկական վիրահատություն է, ապա դիաբետով հիվանդների համար դա նաեւ բուժման մեթոդ է հիվանդության վաղ շրջանում: Խոսելով գների մասին՝ բժիշկը նշեց, որ լիպոսակցիան կարող է արժենալ սկսած 50 հազար դրամից մինչեւ մի քանի հարյուր հազար դրամ, իսկ սիլիկոնային իմպլանտները (ոչ վիրահատությունը)՝ 700 եվրոյից մինչեւ 1200 եվրո:

Պատասխանելով հարցին, լինում են արդյո՞ք դեպքեր, որ բժիշկը հրաժարվի վիրահատությունից, որովհետեւ դա հիվանդի մոտ իդեա ֆիքս է, նա ասաց, որ գործնականում, պլաստիկ վիրաբույժի դիմելու բոլոր դեպքերը իդեա ֆիքս են, սակայն  հիվանդի ցանկությունը, ավելի շուտ նույնիսկ երազանքը, պետք է իրագործել: Եղել են դեպքեր, երբ քիթը վիրահատելու եկել են տարեց կանայք, դա եղել է նրանց երազանքը, որն երիտասարդ տաիրքում հնարավոր չի եղել իրականացնել:

Ըստ Ա.Թորոսյանի, հիվանդին մերժում են լուրջ հակացուցումների դեպքում՝ հոգեկան շեղումների, ուղեղի փոփոխությունների, երիկամների, թոքերի, սրտանոթային համակարգի հիանդությունների ժամանակ եւ այլն:

Ինչպես նշեց բժիշկը,  «վիրահատության ընթացքում լինում են բարդություններ, վիրաբուժության մեջ անհնար է առանց բարդությունների»: Ըստ Ա. Թորոսյանի, անհնար է նախօրոք պարզել, որ, օրինակ, հիվանդի մոտ կսկսի իմպլանտի մերժում օրգանզիմի կողմից: Հիվանդներին նախօրոք տրվում է ուղեցույց, որտեղ նկարագրվում են հնարավոր ռիսկերը:

«Կյանքում ոչինչ հարյուր տոկոսանոց հավաստիություն չունի, իսկ բժշկությունը հստակ գիտություն չէ: Հայաստանում եղել են դեպքեր, երբ երիտասարդ աղջիկները մահացել են հիպերթերմիայից, բայց ոչ ոք նախօրոք չէր կարող ախտորոշել, որ նրանց մոտ ընդհանուր անզգայացման ժամանակ կսկսվի հիպերթերմիա», - ասաց նա։ Բժշկի խոսքով, երբ հիվանդը գնում է վիրահատության, նա պետք է լավ ծանրութեթեւ անի բոլոր ռիսկերը. «Չէ, որ երբ նստում եք ինքնաթիռ, գիտեք, որ հնարավոր են ավիավթարներ, կամ, երբ անցնում եք փողոցը, գիտեք, որ լինում են ավտովթարներ»:

Ա. Թորոսյանը վստահեցրեց, որ Հայաստանում առաջին կարգի պլաստիկ վիրաբուժներ են, եւ մեր երկիր գալիս են վիրահատվելու նույնիսկ արտերկրից . այստեղ լավ են վիրահատում, իսկ գներն էլ կարգով ցածր են:

Զրուցեց՝ Անահիտ Սարգսյանը

 






Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է