• Latest news

Ինչո՞ւ են հակաբիոտիկները երբեմն վատացնում ինֆեկցիաների ընթացքը

7 դեկտեմբերի, 2017  22:26

Հակաբիոտիկները փրկում են կյանքեր, բայց դրանք ոչ միշտ են հաջողությամբ սպանում բոլոր բակտերիաները՝ նույնիսկ նրանք, որոնք դեռ կայուն չեն դարձել հակաբիոտիկների ներգործության հանդեպ։ Նոր հետազոտությունը բացատրել է, թե ինչու է այդպես տեղի ունենում։

Հայտնի է, որ երբեմն բակտերիաներում հայտնվում են գենետիկ մուտացիաներ, որոնք օգնում են դրանց դիմակայել հակաբիոտիկներին։ Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ եթե դա տեղի չի ունենում՝ թերապիան կարող է ոչ արդյունավետ լինել։ Բանն այն է, որ վարակի օջախներում հակաբիոտիկները փոխում են մարմնի կողմից արտադրվող քիմիական կոկտեյլների (մետաբոլիտներ) բաղադրությունը։ Դա պաշտպանում է բակտերիաները, դրանց տալիս աճելու ու բազմանալու հնարավորություն։ Գումարած՝ հակաբիոտիկները ճնշում են իմունային բջիջների ունակությունը՝ պայքարել եկվոր բակտերիաների դեմ։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Հարվարդի համալսարանի ու Քալիֆորնիայի համալսարանի գիտնականների խումբը մկներին միտումնավոր վարակել է  Escherichia coli աղիքային ցուպիկով։ Որոշ մկների հակաբիոտիկներ են տվել։ Պարզվել է, որ հակաբիոտիկներ ստացող մկների մոտ ինֆեկցիաների օջախներում եղել է որոշ մետաբոլիտների ավելի բարձր պարունակություն, քան առողջ մկների եւ հակաբիոտիկներ չստացած մկների մոտ։ Արդյունքում գիտնականները ստիպված են եղել բարձրացնել մկների հիմնական խմբին տրվող հակաբիոտիկների չափաբաժինը, որպեսզի սպանեն բակտերիաները նրանց օրգանիզմում։

Հետաքրքիր է, որ բացասական փոփոխություններ տեղի են ունեցել նույնիսկ այն դեպքում, եթե հակաբիոտիկներն առողջ կենդանիներին են տվել։ Մետաբոլիտներից մի քանիսը դանդաղեցնում էին բակտերիալ մետաբոլիզմը, հակաբիոտիկները նվազ արդյունավետ դարձնելով։ Բանն այն է, որ հակաբիոտիկների մեծամասնությունն արագացնում է մետաբոլիզմը բակտերիաներում, միաժամանակ ապակայունացնելով փոխանակման պրոցեսը, սադրելով թունավոր մոլեկուլների կուտակում ու նպաստելով բակտերիաների կործանմանը։

Բացի դրանից, հակաբիոտիկները խանգարում էին իմունային բջիջներին ինքնուրույն պայքարել ինֆեկցիաների դեմ։ Երբ հակաբիոտիկներով մշակում էին մկների մակրոֆագերը, իմունային բջիջները սկսում էին ավելի քիչ թվվածին կլանել, որն անհրաժեշտ է բակտերիաների ոչնչացման համար։ Հետո հակաբիոտիկներով մշակված մակրոֆագերի մոտ «բնակեցնում էին» աղիքային ցուպիկ։ Մակրոֆագերը սկսում էին ավելի քիչ բակտերիաներ ոչնչացնել, քան սովորաբար։

Այս հետազոտությունը եւս մեկ անգամ շեշտում է հակաբիոտիկների ճիշտ գործածման ու առանց լուրջ պատճառի դրանք չօգտագործելու կարեւորությունը։

Հիշեցնենք, որ վիրուսային ինֆեկցիաների, այդ թվում գրիպի դեմ հակաբիոտիկներ ընդունել ոչ մի դեպքում չի կարելի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է