Սնունդի մեջ աղի չափից ավելի մեծ քանակության կանոնավոր օգտագործումը աղիներում իմունային համակարգի փոփոխություններ է առաջացնում, որոնց հետեւում է մարդու կոգնիտիվ ֆունկցիաների դեգրադացիան, պարզել են ամերիկացի գիտնականները:
Մասնագետները ցույց են տվել, որ նատրիումի քլորիդի չարաշահումը երեք շաբաթում առաջացնում է էնդոթելային դիսֆունկցիա, ուղեղում արյան հոսքի նվազում եւ կոգնիտիվ խանգարումներ, սակայն արյան ճնշումը չի փոխում:
Աղի մեծ պարունակությամբ սննդակարգը աղիներում մեծացրել է T խելպերներ-17 բջիջների քանակությունը եւ դրանց արտադրած ինտերլեյկին-17 մոլեկուլի արտադրությունը: Հեղինակները ցույց են տվել, որ արյան հոսքում ինտերլեյկին-17-ի պարունակության աճը պայմանավորել է այս սննդակարգի բացասական ազդեցությունը ուղեղի արյան շրջանառության վրա:
Գիտնականները նման եզրակացության են եկել մկներին հետեւելու ընթացքում: Հեղինակները նշում են, որ ստացած արդյունքներն արդարացված են նաեւ մարդկանց համար: Մասնագետները նկատել են, որ աղի մեծ պարունակությամբ սննդակարգերի բացասական հետեւանքները վերացել են, երբ կրծողները վերադարձել են սնվելու նորմալ ռեժիմի: Հետազոտությունը հրապարակվել է Nature Neuroscience ամսագրում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ամեն օր օգտագործել 5 գրամից ոչ ավելի աղ: Նշվում է, որ յուրաքանչյուր մարդ աղի օրական օգտագործումը մինչեւ 5 գրամ նվազեցնելով կարող է տարեկան կանխել մահվան մոտ 2,5 մլն դեպք:
Կազմակերպության տվյալներով՝ Երկրի վրա բոլոր մարդկանց կեսից ավելին ամեն օր նատրիումի քլորիդ է օգտագործում 80-140 տոկոսով ավելի շատ: Աղի ավելցուկը օրգանիզմ է ընկնում գլխավորապես հացի, չոր նախաճաշի եւ պատրաստի ճաշատեսակների հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր