• Latest news

Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել քնի խանգարումները

16 մարտի, 2018  10:41

Քնի խանգարումները ոմանց կարող են ոչ այնքան լուրջ խնդիր թվալ, ենթադրենք մարդը քիչ է քնում, հետո ի՞նչ։ Ընդամենը ցերեկվա ժամերին նա մի քիչ քնկոտ կլինի եւ վերջ։ Բայց իրականում ամեն ինչ այդքան հեշտ չէ, ու քնի խանգարումները կարող են շատ ավելի լուրջ հետեւանքներ ունենալ, քան օրվա ընթացքում հորանջելն է։

Թե ինչ ռիսկեր ու վտանգներ են պարունակում քնի խանգարումները՝ NEWS.am Medicine-ի թղթակցին օգնել է պարզել նեւրապաթոլոգ ու քնաբան Սամսոն Խաչատրյանը։

Մետաբոլիզմի խանգարումներ

Քնի պակասի հետեւանքով նկատելիորեն տուժում է մետաբոլիզմը՝ նյութափոխանակությունը։ Մետաբոլիզմին առնչվող խնդիրներն էլ իրենց հերթին հանգեցնում են ավելորդ քաշի ու նույնիսկ ճարպակալման։ Ավելին, այդ բոլոր խնդիրներին կարող են բախվել ոչ միայն նրանք, ովքեր տառապում են անքնությունից, այլեւ նրանք, ովքեր իրենց սեփական «ձեռքերով» են կրճատում քնի տեւողությունը, պառկելով քնելու ուշ երեկոյան ու արթնանալով վաղ առավոտյան։

Եթե մեծահասակ մարդը կանոնավոր քնում է օրական 7 ժամից քիր, վաղ թե ուշ դա կսկսի ազդել նրա օրգանիզմի նյութափոխանակության ու ընդհանուր առողջության վրա։

Ուշադրության նվազում

Քնի պակասի հետեւանքով հիշողության վատացման ու ուշադրության նվազման պատճառով տուժում է մարդու արդյունավետությունը՝ այդ թվում աշխատավայրում։ Երբեմն աշխատակիցների քնկոտությունը ու ուշադրության նվազումը դառնում են լուրջ վթարների ու դժբախտ պատահարների պատճառ արտադրամասերում։

Իզուր չեն ասում, որ քնկոտ վարորդը ավելի վտանգավոր է, քան հարբած վարորդը ։ Տարբեր գնահատականներով՝ բոլոր ավտոմոբիլային վթարների մոտ 10-20 տոկոսի պատճառն այն է, որ վարորդը քնով է անցնում։ Ավելին, նման վթարները հաճախ ունենում են մահացու ելքեր, քանի որ քնած վարորդը չի հասցնում արձագանքել ու որեւէ բան ձեռնարկել իր սեփական ու մյուս մարդկանց կյանքերը փրկելու համար։

Թուլամտության վտանգ

Վերջին տարիներին ավելի շատ ապացույցներ են հայտնվել քնի խանգարումների ու թուլամտության կապի առկայության մասին։ Այս կապը ցույց է տվել այն հետազոտությունը, որը 2013-ին հրապարակվել էր Science ամսագրում։ Սամսոն Խաչատրյանը բացատրել է, որ մեր նեյրոնները թույների «ոչնչացման» համար օգտագործում են այն ժամանակը, երբ մենք քնած ենք։ Եթե մարդը կրճատում է իր քնի ժամանակը կամ եթե նա քնի պակաս ունի որեւէ այլ պատճառով, նրա նեյրոններին ժամանակը չի բավականացնում «բալաստից» ազատվելու համար, ու ժամանակի ընթացքում թունավոր պրոտեինները կուտակվում են դրանց մեջ՝ հենց այդ մեխանիզմն է բազմաթիվ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման հիմքում։

Մեկ այլ հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է թունավոր պրոտեինների քանակը այն մարդկանց ողնուղեղային հեղուկի մեջ, որոնք չունեն մտավոր խանգարումներ, բայց կանոնավոր կերպով քնի պակաս են զգում։ Նրանց տվյալները համեմատել են այն մարդկանց տվյալների հետ, որոնք նորմալ են քնում գրեթե ամեն գիշեր։ Հետազոտությունը ցույց է տվել, որ քնի պակաս ունեցող մարդկանց մոտ այդ պրոտեինների քանակը ավելի մեծ է, ինչը, ըստ երեւույթին, կապակցված է նրանց մոտ ապագայում թուլամտության զարգացման ռիսկի բարձրացման հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել