• Latest news

Մասնավոր կենտրոններին հոգեբուժության պետպատվեր չեն տրամադրում, նրանց օգնում են հիմնադրամները. հոգեբույժ

10 ապրիլի, 2018  16:19

Եթե բժշկական գործը բարձր մակարդակի վրա է, հոգեբուժության մեջ զսպման միջոցների կարիք գործնականում չկա, երկարատեւ ստացիոնար բուժման անհրաժեշտություն եւս չկա, այն կարելի է կազմակերպել ամբուլատոր մակարդակով: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտարարեց «Ալֆա-Բետա» ախտորոշման կենտրոնի հոգեբուժական ծառայության ղեկավար Անահիտ Գեւորգյանը՝ մեկնաբանելով Հայաստանի օմբուդսմենի զեկույցը հոգեբուժական հաստատությունների վիճակի մասին:

Նա նշեց, որ եթե երկրում հոգեկան խանգարումներով մարդկանց նկատմամբ խտրականություն կա, ապա այն չի կարող բարեկեցիկ համարվել: Իսկ օմբուդսմենի զեկույցը ցույց տվեց, որ այս իմաստով մեզ մոտ շատ խնդիրներ կան:

Նրա խոսքով՝ առաջինն այն է, որ պետական հոգեբուժական հաստատություններում վճարովի ծառայությունները, որոնց անօրինականության մասին խոսել է օմբուդսմենը, անհավասարություն են ստեղծում վճարունակ եւ անվճարունակ հիվանդների միջեւ: Եթե հոգեբուժությունն, ըստ օրենքի, պետական դոտացիայով է աշխատում, սա նշանակում է, որ բյուջեում փող է նախատեսված յուրաքանչյուր քաղաքացու համար, եթե նրա մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ առաջանան: Հայաստանի օրենսդրությունը նաեւ նախատեսում է, որ ցանկացած մարդ իրավունք ունի ընտրելու իր բժշկին ու կլինիկան: Սակայն այս դրույթը խախտվում է, քանի որ Առողջապահության նախարարությունը մասնավոր բժշկական կենտրոններին հոգեբուժության մասով պետական պատվերներ չի տրամադրում:

«Օմբուդսմենի բարձրացրած հարցերը Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեն: Զարգացած երկրներում ամբուլատոր հոգեբուժական օգնությանն է ուղղվում ամբողջ ֆինանսավորման 85 տոկոսը, իսկ ստացիոնարին՝ ընդամենը 15 տոկոսը: Մինչդեռ մեզ մոտ ամբուլատոր բուժմանը տրամադրվում է ընդամենը փողի 5-7 տոկոսը: Սա խոսում է այն մասին, որ ծառայությունը զարգացած չէ եւ վատ վիճակում է»,- ասաց նա՝ հավելելով, որ պարբերաբար հոգեբուժարաններում են հայտնվում սրացումներով միեւնույն հիվանդները: Մինչդեռ, նոր մեթոդները թույլ են տալիս նույնիսկ շատ սուր վիճակներում հիվանդներին բուժել առանց հոսպիտալացնելու՝ նրանց սոցիումից չկտրելով:

Նա հավելեց, որ Առողջապահության նախարարության աջակցության բացակայությամբ «Ալֆա-Բետա» կենտրոնը ստիպված է հովանավորներ որոնել հիվանդների համար, որոնք ցանկացել են հենց իրենց դիմել, եւ վերջին շրջանում կենտրոնն աշխատում է Ucom բարեգործական հիմնադրամի հետ, որի աշխատանքի ոճը հոգեբույժին ուղղակի զարմացրել է: Նրա խոսքով՝ հիմնադրամը ղեկավարում են շատ պատրաստված մարդիկ, եւ նրանք ոչ միայն պարզապես փող են տալիս, այլ հետեւում են բուժման ամբողջ ընթացքին: Ըստ որում՝ հիմնադրամն իր գործունեությունը ոչ մի ձեւով չի ազդարարում: Նրա աջակցության շնորհիվ մի քանի հիվանդներ, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի մասնակից, կարողացել են բուժում ստանալ ամենաժամանակակից մեթոդներով ու դեղամիջոցներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել