• Latest news

Հայ եւ վրացի սրտաբանները՝ երկու երկրներում ստենտավորման գնի եւ որակի մասին

8 մայիսի, 2018  20:11

«Թբիլիսիի սրտի կենտրոնը» (Tbilisi Heart Center) ամսական միջինը 10-15 պացիենտ է ընդունում Հայաստանից, հիմնականում՝ ստենտավորման համար։ Ըստ կլինիկայի ղեկավար Արչիլ Չուխրուկիձեի՝ դա այնքան էլ մեծ թիվ չէ:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա հայտնեց, որ իրենց կլինիկայում մեկ դեղապատ ստենտի տեղադրումը՝ ներառյալ բուժսպասարկումը, 1200 դոլար արժե:

Այս կլինիկան, ի դեպ, միակը չէ, որ հիվանդների է ընդունում Հայաստանից: Ընդհանուր առմամբ, մեկ ստենտի տեղադրման գները հարեւան երկրում տատանվում են 800-1200 դոլարի սահմանում, իսկ Հայաստանում այդ նույն վիրահատական միջամտությունն արժե 1.100.000-1.200.000 դրամ (2260-2470 դոլար): Այսինքն՝ Վրաստանի գները միջին հաշվարկով 2 անգամ էժան են մեզ մոտ գործող ստենտավորման գներից:

«Իմ նշած գումարը լիովին բավարար է բարձրորակ բուժսպասարկում իրականացնելու համար: Հիմնականում տեղադրում ենք ամերիկյան, շվեյցարական ստենտներ, որոնք հենց մեր կլինիկան է ձեռք բերում»,- ասաց Արչիլ Չուխրուկիձեն։ Ըստ նրա՝ Վրաստանում ստենտներ են ներկրում 5-6 դիստրիբյուտորներ: Նշված դեղապատ ստենտները կլինիկան գնում է համաշխարհային գներով՝ 300-350 եվրոյով:

Հարցին, թե ի՞նչ ընթացակարգ է գործում օտարերկրյա քաղաքացիների համար՝ Արչիլ Չուխրուկիձեն պատասխանեց, որ ամեն ինչ կարգավորվում է մասնավոր պայմանագրերի հիման վրա՝ առանց որեւէ բարդության:

Փաստացի, արդեն մի քանի տարի է՝ Վրաստանը «փախցնում է» երբեմնի տարածաշրջանային սրտաբանական կենտրոն համարվող Հայաստանի սրտային հիվանդներին:

Հայ սրտաբանները, այնուամենայնիվ, թերահավատորեն են վերաբերվում Վրաստանում կատարված ստենտավորման որակին:

«Այնտեղ պետական ապահովագրության համակարգ է գործում, եւ ես չեմ կարծում, թե պետությունն անհայտ ծագման ստենտներ գնի իր բուժհաստատությունների համար: Խնդիրը տարբեր մեքենայությունների մեջ է,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Նորք-Մարաշ ԲԿ սրտաբան, ինվազիվ ծառայության պատասխանատու Արամայիս Նազարյանը:- Տարբերակներից մեկն այն է, որ հիվանդանոցն օտարերկրյա քաղաքացիներին գրանցում է վրացական անձնագրով՝ որպես Վրաստանի քաղաքացի, վիրահատությունը կատարվում է իրենց պետպատվերի շրջանակում, հիվանդից էլ իր համար սիմվոլիկ գումար է վերցնում: Այլ նմանատիպ տարբերակներ էլ կան»:

«Մենք ուրիշ մտավախություն ունենք. եթե հիմա գնում են, որովհետեւ այնտեղ գինը ցածր է, շուտով կգնան, որովհետեւ մեզ մոտ որակն է ցածր»,- խոստովանեց Արամայիս Նազարյանը:

Հայաստանում որակի անկումը սրտաբանները պայմանավորում են ստենտավորման պետական գների կտրուկ նվազմամբ, երբ ստիպված են կիրառել ոչ որակյալ ստենտներ եւ նյութեր, անգամ հրաժարվել այնպիսի դեղորայքից ու անալիզներից, որոնք պարտադիր չեն, բայց ցանկալի են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է