• Latest news

Դեղերի գնագոյացումը պետք է տարբերվի այլ ապրանքների գնագոյացումից․ փորձագետ

23 մայիսի, 2018  17:47

Դեղերի գնագոյացումը պետք է տարբերվի այլ ապրանքների գնագոյացումից։ Այս մասին գրում է դեղագործական ոլորտի փորձագետ Լիանա Ավետիսյանը «Դեղերի գների պետական կարգավորման մոտեցումները» հոդվածում, որը հրապարակվել է «Առողջապահության կառավարում» ֆեյսբուքյան հարթակում։

Ստորեւ ներկայացնում եքն հոդվածն ամբողջությամբ։

Դեղերի գների պետական կարգավորումը բարդ գործընթաց է, և բազմիցս քննարկվել է նաև Հայաստանում:  ՀՀ-ում դեղերի բարձր գները, ըստ ներկրողների և արտադրողների, պայմանավորված են 20% ԱԱՀ-ով, շուկայի փոքր ծավալներով և հետևաբար փոքր ծավալային զեղչերով, նաև բարձր փոխադրման ծախսերով: Սակայն այդ կարծիքի հետ կարելի է նաև վիճել, քանի որ, ըստ նախորդ հոդվածի մեջ նշված գների, որոշ դեղորայքների համար Ռուսաստանում գինն ավելի բարձր է, քան ավելի փոքր շուկա և ավելի բարձր ԱԱՀ ունեցող ՀՀ-ում: Նաև, մի շարք երկրներում, որոնց դասվում են նաև Ղազախստանն ու Ռուսաստանը, պետությունն է փոխհատուցում որոշ թանկարժեք դեղերի գների մի մասը: 

Պետական կառավարումը, ուղղված գնագոյացման կարգավորմանը, ունի մի քանի մոտեցում, երբ ֆիքսվում է մաքսիմալ գինը, ռեֆերենտ գինը կամ եկամուտի %-ային սահմանաչափը: Պետականորեն գնագոյացման կարգավորումը  ունի մի կողմից նպատակ ուղղված բնակչությանը սոցիալապես ապահովել դեղորայքի հասանելի գներով, մյուս կողմից հաշվի առնել դեղ արտադրողների և ներմուծողների շահերը:

Եվրոպական երկրների մեծ մասում, ինչպես նաև  Հնդկաստանում, Բրազիլիայում, Կանդայում պետությունը  լուրջ դերակատարում ունի դեղերի գնագոյացման կարգավորման հարցում: ԱՄՆ-ն դասվում է այն երկրների շարքին, որտեղ դեղերի գների կարգավորում պետականորեն  չի իրականացվում: Չնայած, սույն թվականի մայիսի 9-ին Թրամփը իր ելույթում նշեց, որ ԱՄՆ-ի դեղերի շուկայում  գները պետք է նվազեցնել և, հակառակը, ԱՄՆ-ում արտադրված դեղամիջոցների միջազգային գները բարձրացվեն, ըստ նրա, դա  կնպաստի լրացուցիչ գումարների ներհոսքի, որոնք կուղղվեն նոր  դեղաձևերի հայտնագործմանը:

Դեղերի ռեֆերենտ գների ներդրման քաղաքականությունը լայն տարածում ունի Եվրոպական  մի շարք երկրներում: Օրինակ, Բելգիան և Իտալիան սահմանել են ջեներիկ դեղամիջոցների ռեֆերենտ գների սահամանափակման քաղաքականությունը, այսինքն օրենքով սահմանել է միայն ջեներիկ դեղորայքի համար գներ, չընդգրկելով բրենդայինները: Կանադան և Գերմանիան սահմանել են այդպես կոչված Թերապևտիկ Ռեֆերենտ գներ, նպատակ ունենալով հիվանդությունները տարբեր խմբերի բաժանելով, տարբեր գնային քաղաքականություն կիրառել: Նիդեռլանդները թերապևտիկ ռեֆերենտ գնային քաղաքականությունը կիրառել է ըստ ATC –հիվանդությունների դասակարգման: Այդ դասակարգումը ԱՀԿ-ի կողմից համարվել է լավագույնը և հետագայում օգտագործվել է դեղերի գների պետական փոխհատուցման համար: Ռեֆերենտ գները սովորաբար ամրագրվում են մեկ տարի ժամկետով, այն դեպքում, երբ նշվել է կոնկրետ գին, այլ ոչ թե տոկոսային վերադիր, և կարող են վերանայվել ներմուծողի նամակի հիման վրա:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռեֆերենտ գնի ներդրումը առաջ է բերում  ցանկում ընդգրկված դեղամիջոցների գների իջեցման, միևնույն ժամանակ դեղագործական ընկերությունները, իրենց շահույթի պակասը ձգտում են լրացնել ի հաշիվ այդ ցանկում տեղ չգտած դեղորայքի գների բարձրացման։  Մեկ ուրիշ քաղաքականություն են որդեգրել Իսպանիայի և Միացյալ Թագավորության կառավարությունները ՝սահմանել են խիստ վերահսկողություն բոլոր դեղերի գների հանդեպ՝ և ներմուծվող, և տեղական արտադրության: Նրանք վերահսկում են և մեծածախ, և մանրածախ գնագոյացումը: Օրինակ՝ Շվեյցարիայում ֆիքսված է մեծածախի դեպքում վերադիր, որը կազմում է 8%,  Գերմանիայում այն չպետք է գերազանցի 20%:

Ռեֆերենտ գները սահմանելիս ուսումնասիրվում է ոչ միայն գնագոյացումը դեղներկրողների կողմից, այլ նաև համեմատում են տարածաշրջանային գները: Օրինակ, Ավստրիան ուսումնասիրում է բոլոր Եվրոմիության գները, բացառությամբ Բուլղարիայի և Ռումինիայի, ֆիքսում է մինիմալ, միջին և առավելագույն արժեքները, այնուհետև համեմատում ներքին շուկայի գնագոյացման հետ: Բուլղարիան սահմանում է ռեֆերենտ գներ միայն դեղատոմսով դուրս գրվող դեղորայքի համար՝ ֆիքսելով նվազագույն գինը մի շարք երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Չեխիան, Պորտուգալիան և այլն: Գոյություն ունի մեկ այլ մոտեցում, երբ գները համեմատում են նույնատիպ ՀՆԱ ունեցող երկրների հետ:

ԵԱՏՄ երկրներից Ղրղզստանը և Հայաստանը գործնականում չեն վերահսկում դեղերի գնային քաղաքականությունը շուկայում:

Ռուսաստանում 2010 թ-ից սկսած պետությունը սահմանում է և մեծածախ, և մանրածախ գները Կենսական Նշականության Ցանկի դեղամիջոցների համար: Թեև Ռուսաստանում գրանցված է մոտ 20000 անուն դեղորայք, այդ ցանկը ընդգրկում է միայն մոտավորապես 700 անվանում դեղ, և յուրաքանչյուր տարի այդ ցանկը վերանայվում է:  Բելոռուսը վերահսկում է և մանրածախ, և մեծածախ գները: Այդ հարցում մեծ դեր է խաղում նաև պետական դեղատնային ցանցի առկայությունը: Գնային քաղաքականությունը կախված է դեղի գնից, ինչքան թանկ է այն, այնքան քիչ է վերադիրը: Այն տատանվում է 1% մինչև 30%:

Մոլդովայում մեկ տարվա համար գրանցվում է մաքսիմալ մեծածախ մինչև 15% և մարնածախ գները մինչև 25%: Գրանցումը կատարվում է դեղարտադրողի կողմից՝ ցույց տալով ամբողջ գնագոյացման շղթան:

Վրաստանում չկա պետական գնագոյացման կառավարում, քանի որ ԱԱՀ-ի բացակայության և շատ ճկուն գնային քաղաքականության հաշվին տարածաշրջանային գները Վրաստանում մնում են ցածր:

Մինչ այսօր ՀՀ-ում դեղերի գները պետականորեն չեն կարգավորվում: Ըստ վերջերս հրապարակված նախագծի պլանավորվում էր ստեղծել աշխատանքային խումբ, որը ըստ դեղերի օրենքի 11-րդ հոդվածի  3րդ և 4րդ կետերի պետք է մշակի ռեֆերենտ գներ միայն պետության կողմից ձեռք բերվող դեղորայքի համար: Այդ քաղաքականությունը կբերի պետ բյուջեի ծախսերի խնայմանը: Բայց, քանի որ դեղորայքի հոգսը ՀՀ-ում հոգում է հիվանդը,  ուստի խորհուրդ է տրվում սահմանել ռեֆերենտ գնային քաղաքականություն ոչ միայն պետության կողմից ձեռք բերվող դեղերի հանդեպ: Անհրաժեշտ է նաև ապահովել հակամենաշնորհային գնային քաղաքականությունը, որը ներկա պահին լիովին չի գործում, քանի որ մեծածախ գները մեծամասամբ նույնն են շուկայում: Ռեֆերենտ գներ սահմանելիս ոչ միայն անհրաժեշտ է վերլուծել գնագոյացումը, այլ համեմատել ՀՀ-ում դեղերի շուկայական գները այլ պետությունների հետ, մասնավորապես, քանի որ ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, այդ երկրների և հարևան Վրաստանի հետ: Բացի այդ կարելի է օգտագործել Գերմանիայի փորձը՝ դասակարգելով դեղերը ըստ նշանակման ցուցումի: Օրինակ՝ այնպիսի քրոնիկական հիվանդությունների ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները, շաքարախտը, ասթման բուժման դեղորայքը ընդգրկել I դասում և սահմանել մինիմալ գնաճ, II դասում ընդգրկել օրինակ հակաբորբոքային, հակախոլեստերինային, հորմոնալ դեղորայքները և այլն: Այս դասակարգումը նաև օգտակար կլինի հետագայում բշժկական ապահովագրության ներդրումից հետո՝ փոխհատուցման մեխանիզմներ մշակելուց:  

Այս դասակարգումից բացի կարելի է նաև ուսումնասիրել Բելառուսի փորձը՝ սահմանելով առավելագույն վերադիր մատչելի դեղորայքի համար և մինիմալ ավելի թանկարժեքների: Ի դեպ, այդ փորձը ներ է դրվել Ադրբեջանում, որից հետո գները իջել են, և Վրաստանից դեպի իրենց շուկա ՛սև՛ ներմուծումը նվազել է:

Ռեֆերենտ գնային քաղաքականության ներդրումից առաջ նախ պետք է ուսումնասիրվի դեղերի գնագոյացումը ՀՀ շուկայում, քննարկվի այն դեղարտադրող և ներմուծողների հետ միասին և այնուհետև եզրահանգել ամենաօպտիմալ կարգավորման մոտեցմանը, որը կնպաստի Հայաստանում դեղերի գների նվազմանը:

Ընդհանրապես դեղերի գնագոյացումը պետք է տարբերվի այլ ապրանքների գնագոյացումից և ԱՀԿ ունի հստակ խորհուրդների ցանկ դեղերի գնագոյացման վերաբերյալ, որը կներկայցնեմ առանձին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է