• Latest news

Հայաստանում ծնելիությունը անկում է գրանցում. 2017 թվականին ծնվել է 3 հազարով ավելի քիչ երեխա

2 հունիսի, 2018  18:19

2017 թվականին Հայաստանում ծնվել է 3 հազարով ավելի քիչ երեխա, քան 2016-ին: Երկրում ծնելիությունը շարունակում է անկում գրանցել, ինչը տխուր փաստ է: Այս մասին «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան եւ ապագան» թեմայով համաժողովի ժամանակ ասաց Հայաստանի ԱՆ Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականի 4 ամիսներին արդեն 500 երեխա ավելի քիչ է ծնվել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

«Ծնելիության նվազման նման աղետալի միտումների դեպքում մանկական մահացության յուրաքանչյուր դեպք մենք գնահատում ենք որպես մեծ կորուստ, եւ այս խնդիրները պետք է առաջնահերթ լինեն պետության մակարդակով»,- ասաց նա:

Մասնագետի խոսքով՝ ծնելիության նվազման միտումը պահպանվում է, քանի որ հիմա վերարտադրողական տարիքի են հասել 90-ական թվականներից հետո ծնվածները, իսկ այդ տարիներին մեզ մոտ դիտվել է ծնելիության կտրուկ անկում: 2001-2002 թվականներին Հայաստանում տարեկան 30 հազար երեխա է ծնվել, մինչդեռ 1990 թվականին գրանցվել է մոտ 80 հազար ծնունդ:

«Հայաստանում երեխաների եւ դեռահասների առողջությունը, մանկաբուժական կրթության արդի խնդիրներն ու հետագա զարգացումմերը» զեկույցի համաձայն, որը պատրաստել է Հայաստանի ԱՆ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը, 2002 թվականին ծնելիության ցուցանիշը սկսել է աճել՝ 2010 թվականին հասնելով 44 հազարի, այնուհետեւ կրկին անկում է գրանցվել: Ըստ կանխատեսումների՝ 2020 թվականին Հայաստանում կծնվի 36 հազար երեխա:

Խոսելով մանկական մահացության մասին՝ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ 1990 թվականին այն կազմել է 18,6 պրոմիլե: 2014-ին այս ցուցանիշը կրճատվել է մինչեւ 8,7 – 8,8 պրոմիլե եւ վերջին 3 տարիներին այս մակարդակում է պահպանվում: «ԱՊՀ երկրների թվում սա միջին ցուցանիշ է»,- ասաց նա:

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւս համաժողովում իր ողջույնի ելույթում նշեց, որ ծնելիության ցուցանիշները լավատեսություն չեն ներշնչում, սակայն մանկական մահացության ցուցանիշներով, ԱՀԿ գնահատականներով, մենք լավ դիրքերում ենք: Նա հավելեց, որ կառավարության նոր ծրագրում մոր եւ մանկան առողջության պահպանումը առաջնահերթ խնդիր է համարվել: Ըստ նախարարի՝  երեխաների համար անվճար ծառայությունների ցանկը պետք է ընդլայնվի:

Գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ Հայաստանում ծնելիության կրճատման պատճառը պետք է փնտրել ոչ միայն տեղական ժողովրդագրական վիճակում: Նրա խոսքով՝ ծնելիության նույնպիսի անկում է դիտվում  թե՛ Ռուսաստանում, թե՛ եվրոպական երկրներում, եւ դրա պատճառը սոցիալ-տնտեսական չէ: Որքան էլ տաօրինակ է, դրանք Երկրորդ համաշխարհային պատերազմի արձագանքներն են, քանի որ այսօր չեն ծնվում պատերազմական սերունդի չծնված թոռների թոռները:

Նա նաեւ նշեց, որ աշխարհում մեկ մարդու առողջության պահպանման համար տարբեր աղբյուրներից միջինը ծախսվում է 950 դոլար, մինչդեռ Հայաստանում այս ցուցանիշը կազմում է 150 դոլար: Ըստ որում՝ մեզ մոտ երեխաների առողջության եւ մանկական մահացության լավ ցուցանիշներ կան, եւ այս ֆենոմենը մի քանի գործոններով է բացատրվում՝ բնակչության կրթական ցենզ, ընտանիք, խորհրդային տարիներին կայացած առողջապահության համակարգ եւ բժիշկների նվիրված աշխատանք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել