• Latest news

Ճանաչենք հիվանդությունները. Շաքարային դիաբետ

4 հուլիսի, 2018  13:57

Կան այնպիսի հիվանդություններ, որոնց յուրաքանչյուրը կարող է բախվել, ու նրանց մասին չիմանալ չի կարելի։

NEWS.am Medicine-ի շարքում ներկայացնում ենք հիվանդություններ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուրը, որպեսզի պատկերացում ունենա այն մասին, թե ինչ վտանգ են դրանք իրենցից ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել դրանցից ու ինչ է պետք անել, եթե Դուք, այնուամենայնիվ, հիվանդացել եք։

Այսօրվա թեման է շաքարային դիաբետը, որով տառապում է երկրագնդի բնակչության ավելի քան 8,5 տոկոսը:

Այս հիվանդության առանձնահատկությունները պարզելու հարցում մեզ օգնեց «Սլավմեդ» կլինիկայի էնդոկրինոլոգ Վահե Ավագյանը:

Դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որը զարգանում է այն դեպքերում, երբ ենթաստամոքսային գեղձը բավականաչափ ինսուլին չի արտադրում, կամ երբ օրգանիզմը չի կարողանում արդյունավետորեն օգտագործել արտադրված ինսուլինը՝ հորմոն, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի պարունակության մակարդակը: Դիաբետը 2 տեսակ ունի՝ 1-ին եւ 2-րդ տիպի:

1-ին տիպի շաքարային դիաբետ

1-ին տիպի շաքարային դիաբետը աուտոիմունային հիվանդություն է, որն ուղեկցվում է ինսուլինի բացարձակ անբավարարությամբ: 1-ին տիպի դիաբետի կլինիկական ախտանիշներն ավելի վաղ են արտահայտվում, քան 2-րդ տիպի դիաբետի: Այն կարող է ախտորոշվել ծնվելուց հետո մի քանի ամսականից մինչեւ 25 տարեկան:

1-ին տիպի դիաբետի ախտանիշները

  • Քաշի նվազում
  • Ցավ որովայնում
  • Կետոացիդոտիկ կոմա:

1-ին տիպի դիաբետի ախտորոշումը

Արյան մեջ գլյուկոզայի ու ինսուլինի մակարդակը եւ մեզում գլյուկոզայի մակարդակը որոշվում է լաբորատոր հետազոտությամբ: Օժանդակ թեստ է համարվում, այսպես կոչված,  գլիկոզիլացված հեմոգլոբինը: Այն ցույց է տալիս վերջին 3 ամիսներին գլյուկոզայի միջինացված ցուցանիշը, եւ այս ցուցանիշում 50 տոկոսը վերջին ամսվա տվյալներն են: Սա կիրառվում է թե՛ ախտորոշման, թե՛ դիաբետի բուժման ժամանակ կիրառվող բուժական միջոցառումների արդյունավետության մոնիթորինգի համար: Այսինքն՝ հասկանալու համար, թե դիաբետը որքանով է կոմպենսացված:

1-ին տիպի դիաբետի բուժումը

Միակ բուժումը ինսուլինաթերապիան է, որը պետք է կիրառվի ամբողջ կյանքում, դրա դոզաները որոշվում են ըստ հացի միավորների, որոնք ցույց են տալիս սննդամթերքում ածխաջրերի քանակությունը:

Վտանգավոր բարդությունները

Սուր բարդություններ՝ պայմանավորված ինսուլինի սխալ դոզավորմամբ: Գերդոզավորման դեպքում կարող է առաջանալ հիպոգլիկեմիկ կոմա, իսկ ցածր դոզավորման դեպքում՝ հիպերգլիկեմիկ կոմա:

Քրոնիկական բարդություններ՝ դիաբետիկ ռետինոպատիա, դիաբետիկ նեֆրոպատիա, դիաբետիկ նեյրոպատիա, դիաբետիկ անգիոպատիա: Դրանք առաջանում են դիաբետի անբավարար կոմպենսացման դեպքում:

2-րդ տիպի շաքարային դիաբետ

Ի տարբերություն 1-ին տիպի դիաբետի՝ սա ձեռքբերովի հիվանդություն է, որը սկզբնական փուլերում ընթանում է առանց ախտանիշների եւ կարող է ախտորոշվել պատահաբար՝ հերթական կանխարգելիչ հետազոտության ժամանակ: Հիվանդության ախտորոշման եւ մոնիթորինգի մեթոդները նույնն են, ինչ 1-ին տիպի դիաբետի դեպքում: 2-րդ տիպի շաքարային դիաբետը համարվում է ապրելակերպի հիվանդություն՝ հիվանդության վտանգի գործոններն են ավելորդ քաշն ու ճարպակալումը, նստակյաց կենսակերպը:

Բուժումը

Ի տարբերություն 1-ին տիպի դիաբետի՝ եթե ինսուլինակախվածություն չկա, նշանակվում են հիպոգլիկեմիկ դեղամիջոցներ՝ համապատասխան չափաքանակով ընդունման համար:

Բարդությունները

2-րդ տիպի դիաբետը նույնպես իր բարդություններով վտանգավոր է՝ այն ազդում է աչքերի, երիկամների եւ սիրտ-անոթային համակարգի վրա: «Եթե հիվանդն ունի ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, օրինակ՝ սիրտ-անոթային համակարգի, ապա անհրաժեշտ է դիաբետը կատարելապես կոմպենսացնել, որպեսզի այն չբերի քրոնիկական հվանդությունների բարդությունների»,- ասում է բժիշկ Վահե Ավագյանը:

Նախադիաբետ

Վահե Ավագյանի խոսքով՝ սա ախտորոշում չէ, սակայն միջոցներ ձեռնարկելու համար պատճառ է, որ կանխվի դիաբետի զարգացումը: Գոյություն ունի գլյուկոզայի նկատմամբ տոլերանտության հատուկ թեստ, եւ եթե այն ցույց է տալիս տոլերանտության խախտում, ապա դեռեւս դեղորայքային բուժում չի նշանակվում, փոխարենը ՝ փոփոխվում է տվյալ անձի սննդակարգը եւ վարած կենսակերպը:

Շաքարային դիաբետի դպրոց

Նման դպրոցն անչափ կարեւոր է, հատկապես 1-ին տիպի դիաբետով հիվանդների համար: Անհրաժեշտ է, որ մարդն իր հիվանդության մասին լիովին իրազեկված լինի, իմանա՝ տարբեր սննդամթերքներում որքան ածխաջրեր են պարունակվում, եւ կարողանա որոշել՝ իրեն ինչ եւ որքան է կարելի ուտել:

«Շաքարային դիաբետի կեմպենսացման կարելի է հասնել միայն բժշկի ու հիվանդի համատեղ ջանքերի շնորհիվ: Եթե բժիշկը նշանակում է համապատասխան դեղամիջոցներ եւ դիետա, սակայն հիվանդը հետեւողականություն չի դրսեւորում, ապա արդյունավետ բուժման մասին խոսք գնալ չի կարող: Սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն եւ համապատասխան դեղամիջոցների ընդունում՝ միայն այս երեք գործոնները միասին կկարողանան ապահովել բուժման արդյունավետությունը»,- ասում է բժիշկը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է