Մանկական սրճարանների ճաշացանկում այնպիսի մթերքներ են ներառված, որոնք կարող են երեխայի առողջության համար վտանգավոր լինել: Այս մասին օգոստոսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մանկաբույժ Մարի Դարակչյանը:
Խոսքը մասնավորապես կետչուպով պիցցայի, գազավորված քաղցր ըմպելիքի, ապխտած երշիկի եւ պանիրների, ֆրի կարտոֆիլի մասին է: Փորձագետը նշեց, որ ապխտած պանիրների օգտագործումն արգելված է մինչեւ 3 տարեկան երեխաներին: Ապխտած երշիկները, որոնք հաճախ գործածվում են որպես պիցցայի լցոնում, երեխաների համար նույնպես անցանկալի են:
Ինչ վերաբերում է գազավորված քաղցր ըմպելիքներին եւ ըստ փաթեթի, այսպես կոչված, «բնական հյութերին», ապա այդ ըմպելիքների մեկ բաժակում շաքարի պարունակությունը գերազանցում է երեխայի համար նախատեսված օրական նորման: Դրանից բացի, գազավորված քաղցր ըմպելիքները վարժվածություն են առաջացնում, եւ դրանցում հաճախ օգտագործվում են տոնուսը բարձրացնող նյութեր, որոնք երեխաների առողջության համար վտանգավոր են: Բազմաթիվ հետազոտությունների համաձայն՝ այս ըմպելիքները դիաբետի եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգ են պարունակում:
Դարակչյանը նշեց, որ մինչեւ 7 տարեկան երեխաներին ավելի լավ է տալ չգազավորված ջուր կամ տանը պատրաստված ոչ քաղցր կոմպոտներ:
Ֆրի կարտոֆիլը երեխաների շրջանում տարածված ուտելիք է, սակայն այն կարող է պատրաստված լինել համանման ճաշատեսակների պատրաստման ժամանակ արդեն օգտագործված բուսական յուղում: Նույնը կարելի է ասել ֆասթ ֆուդի ցանկացած այլ արտադրանքի մասին, որտեղ օգտագործվող հումքը եւ տեխնոլոգիաները կարող են շատ հեռու լինել «առողջ սնունդ» հասկացությունից:
Սրա հետ կապված բժիշկը կոչ արեց մանկական ճաշացանկը կազմելիս խորհրդակցել դիետոլոգի հետ, եւ հիմնական շեշտը դնել թարմ կանաչեղենի, բանջարեղենի եւ մրգերի գործածման վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր