Սեպտեմբերի 15-ին Երեւանում տեղի ունեցավ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի պաշտոնական բացումը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մայրաքաղաքի այլ կլինիկաների ղեկավարներ եւ բժիշկներ:
«Շենգավիթ» ԲԿ գործադիր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը համառոտ ներկայացրեց հիվանդանոցի պատմությունը. 1987 թվականին նախկին խորհրդային թիվ 3 ծննդատունը գլխավորեց գինեկոլոգ Սերգեյ Ուռումյանը: 2001-ին ծննդատունը դարձավ «Շենգավիթ» բազմապրոֆիլային բժշկական կենտրոն: Կլինիկան 1999 թվականից ակտիվորեն համագործակցում էր կալիֆորնիացի պրոֆեսոր, գինեկոլոգ Պետրոս Կոջյանի հետ:
Կլինիկան առաջինն էր, որ Հայաստանում ներդրեց գինեկոլոգիական վիրահատությունների էնդոսկոպիկ մեթոդը: Հիվանդանոցը զարգացավ եւ արդեն չէր տեղավորվում հին, փոքրիկ մասնաշենքում:
2008 թվականին մշակվեց նոր հիվանդանոցային շենքի կառուցման նախագիծը, որը համապատասխանում էր ժամանակակից չափանիշներին: Գտնվեց նաեւ ներդրողը՝ «Տարոն Ստրոյ» ռուսական ընկերության ղեկավար Բաբիկ Շահնազարյանը:
Սերգեյ Ուռումյանի, Պետրոս Կոջյանի եւ Բաբիկ Շահնազարյանի համագործակցությունը, ի վերջո, հանգեցրեց նորագույն սարքավորումներով հագեցած ժամանակակից բազմապրոֆիլային հիվանդանոցի ստեղծմանը:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ելույթի իր խոսքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ բուժկենտրոնի նոր մասնաշենքի բացումն ուղղակիորեն նշանակում է մեր քաղաքացիներին տրամադրվող բուժօգնության նոր որակ, նոր հնարավորություններ:
«Առողջապահության նախարարության գերակա խնդիրն է որակյալ բուժօգնության ապահովումը, և այս ուղու վրա մեզ մեծապես անհրաժեշտ է ունենալ ժամանակի պահանջով թելադրված որակ ապահովող բուժհաստատություններ: Սա ենթադրում է, որ այսպիսով մեր քաղաքացիները մեր իսկ երկրում կկարողանան ստանալ անհրաժեշտ բարձրորակ բուժօգնություն` չգերադասելով այն փնտրել երկրից դուրս:
Լիահույս եմ, որ առողջապահական գերատեսչության այս նպատակի իրագործմանը կծառայի նաև «Շենգավիթ» բուժկենտրոնը՝ իր նոր հագեցվածությամբ»,- ասաց նախարար Թորոսյանը:
Այս բուժհաստատության ընդլայնումը Հայաստան-Սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է, ուստի նախարարը հույս հայտնեց, որ սա օրինակ կծառայի դրսում ապրող մեր հայրենակիցների համար` ներդրում ունենալու առողջապահության ոլորտի զարգացման գործում։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Շենգավիթ» ԲԿ գործադիր տնօրենը պատմեց, որ նախկինում նրանց բժիշկները այցելելով տարբեր օտարերկրյա կլինիկաներ, միշտ ափսոսանք էին հայտնում, որ Հայաստանում նման տեխնիկական հնարավորություններ չկան: Այսօր նրանց աչքերը փայլում են ուրախությունից եւ ոգեւորությունից:
Շենգավիթ ԲԿ-ն կարող է հպարտանալ Հայաստանի համար առանձնահոտուկ վիրաբուժական եւ ախտորոշիչ սարքավորումներով, մասնավորապես Olympus էնդոսկոպիկ սարքերով, որոնք 3D գործառույթներ ունեն: Բժշկական կենտրոնը նաեւ բացել է ինտերվենցիոն սրտաբանության նոր ծառայություն, թարմացրել է ուրոլոգիայի եւ ծննդատան ծառայությունը:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Կենտրոնի ղեկավարները վստահեցրել են, որ քաղաքացիներին մատուցելու են բարձրորակ ծառայություններ՝ ապահովելով հետազոտությունների, միջամտությունների, վիրահատությունների ողջ ծավալը: Նրանց խոսքով՝ կենտրոնի բժշիկները պարբերաբար վերապատրաստվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական և իսրայելական կլինիկաներում: Նախատեսվում է իրականացնել նաև հեռահար բժշկություն, փորձի փոխանակում, առցանց օնլայն վիրահատություններ:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է առողջապահության ոլորտում նմանատիպ խոշոր ծրագրերի իրականացումն ու քաղաքացիներին բարձր որակի ծառայությունների մատուցումը:
Բուժկենտրոնից դուրս գալուց լրագրողների հարցին այն մասին, թե ինչ տպավորություններ ունի նա, վարչապետը նշեց, որ տպավորությունները դրական էին, եւ բոլորին առողջություն մաղթեց։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր