• Latest news

Ես մեր ժողովրդին առողջություն եմ մաղթում. վարչապետը մասնակցեց «Շենգավիթ» ԲԿ-ի նոր մասնաշենքի բացմանը (ֆոտո)

15 սեպտեմբերի, 2018  16:06

Սեպտեմբերի 15-ին Երեւանում տեղի ունեցավ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի պաշտոնական բացումը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մայրաքաղաքի այլ կլինիկաների ղեկավարներ եւ բժիշկներ:

«Շենգավիթ» ԲԿ գործադիր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը համառոտ ներկայացրեց հիվանդանոցի պատմությունը. 1987 թվականին նախկին խորհրդային թիվ 3 ծննդատունը գլխավորեց գինեկոլոգ Սերգեյ Ուռումյանը: 2001-ին ծննդատունը դարձավ «Շենգավիթ» բազմապրոֆիլային բժշկական կենտրոն: Կլինիկան 1999 թվականից ակտիվորեն համագործակցում էր կալիֆորնիացի պրոֆեսոր, գինեկոլոգ Պետրոս Կոջյանի հետ:

Կլինիկան առաջինն էր, որ  Հայաստանում ներդրեց գինեկոլոգիական վիրահատությունների էնդոսկոպիկ մեթոդը: Հիվանդանոցը զարգացավ եւ արդեն չէր տեղավորվում հին, փոքրիկ մասնաշենքում:

2008 թվականին մշակվեց նոր հիվանդանոցային շենքի կառուցման նախագիծը, որը համապատասխանում էր ժամանակակից չափանիշներին: Գտնվեց նաեւ ներդրողը՝ «Տարոն Ստրոյ» ռուսական ընկերության ղեկավար Բաբիկ Շահնազարյանը:

Սերգեյ Ուռումյանի, Պետրոս Կոջյանի եւ Բաբիկ Շահնազարյանի համագործակցությունը, ի վերջո, հանգեցրեց նորագույն սարքավորումներով հագեցած ժամանակակից բազմապրոֆիլային  հիվանդանոցի ստեղծմանը:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո ելույթի իր խոսքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ բուժկենտրոնի նոր մասնաշենքի բացումն ուղղակիորեն նշանակում է մեր քաղաքացիներին տրամադրվող բուժօգնության նոր որակ, նոր հնարավորություններ:

«Առողջապահության նախարարության գերակա խնդիրն է որակյալ բուժօգնության ապահովումը, և այս ուղու վրա մեզ մեծապես անհրաժեշտ է ունենալ ժամանակի պահանջով թելադրված որակ ապահովող բուժհաստատություններ: Սա ենթադրում է, որ այսպիսով մեր քաղաքացիները մեր իսկ երկրում կկարողանան ստանալ անհրաժեշտ բարձրորակ բուժօգնություն` չգերադասելով այն փնտրել երկրից դուրս:

Լիահույս եմ, որ առողջապահական գերատեսչության այս նպատակի իրագործմանը կծառայի նաև «Շենգավիթ» բուժկենտրոնը՝ իր նոր հագեցվածությամբ»,- ասաց նախարար Թորոսյանը:

Այս բուժհաստատության ընդլայնումը Հայաստան-Սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է, ուստի նախարարը հույս հայտնեց, որ սա օրինակ կծառայի դրսում ապրող մեր հայրենակիցների համար` ներդրում ունենալու առողջապահության ոլորտի զարգացման գործում։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Շենգավիթ» ԲԿ գործադիր տնօրենը պատմեց, որ նախկինում նրանց բժիշկները այցելելով  տարբեր օտարերկրյա կլինիկաներ, միշտ ափսոսանք էին հայտնում, որ Հայաստանում նման տեխնիկական հնարավորություններ չկան: Այսօր նրանց աչքերը փայլում են ուրախությունից եւ ոգեւորությունից:

Շենգավիթ ԲԿ-ն կարող է հպարտանալ Հայաստանի համար առանձնահոտուկ վիրաբուժական եւ ախտորոշիչ սարքավորումներով, մասնավորապես Olympus էնդոսկոպիկ սարքերով, որոնք 3D գործառույթներ ունեն: Բժշկական կենտրոնը նաեւ բացել է ինտերվենցիոն  սրտաբանության նոր ծառայություն, թարմացրել է ուրոլոգիայի եւ ծննդատան ծառայությունը:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Կենտրոնի ղեկավարները վստահեցրել են, որ քաղաքացիներին մատուցելու են բարձրորակ ծառայություններ՝ ապահովելով հետազոտությունների, միջամտությունների, վիրահատությունների ողջ ծավալը: Նրանց խոսքով՝ կենտրոնի բժշիկները պարբերաբար վերապատրաստվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական և իսրայելական կլինիկաներում: Նախատեսվում է իրականացնել նաև հեռահար բժշկություն, փորձի փոխանակում, առցանց օնլայն վիրահատություններ:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է առողջապահության ոլորտում նմանատիպ խոշոր ծրագրերի իրականացումն ու քաղաքացիներին բարձր որակի ծառայությունների մատուցումը:   

Բուժկենտրոնից դուրս գալուց լրագրողների հարցին այն մասին, թե ինչ տպավորություններ ունի նա, վարչապետը նշեց, որ տպավորությունները դրական էին, եւ բոլորին առողջություն մաղթեց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է