• Latest news

7 եւ 10 տարեկան եղբայրները փրկել են իրենց տատիկին՝ նրան կատարելով սիրտ-թոքային վերակենդանացում

6 դեկտեմբերի, 2018  15:18

Իրենց տատիկին փրկել են 7 եւ 10 տարեկան եղբայրները՝ նրան կատարելով սիրտ-թոքային վերակենդանացում, որն անել էին սովորել տատիկի մոտ սրտի նոպա պատահելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ:

Նոյեմբերի 10-ին 10-ամյա Կիանը եւ 7-ամյա Գրեյսոնը հյուրընկալվել էին 62-ամյա տատիկի տանը (Կանադայում) եւ ֆիլմ դիտելիս տատիկից ուտելու բան են խնդրել: Տատիկը չի պատասխանել. նրա գլուխը հետ էր թեքված, նա գրեթե չէր շնչում: Ինչպես պարզվել է ավելի ուշ, նրա մոտ տեղի էր ունեցել սրտի կանգ: Տղաները խուճապի չեն մատնվել:

Նրանք նախ փորձել են զանգահարել ծնողներին, սակայն նրանցից ոչ մեկը զանգին չէր պատասխանում: Այդ ժամանակ Գրեյսոնը զանգահարել է 911, իսկ Կիանը սկսել է սրտի անուղղակի մերսում կատարել:

«Մենք 911-ի օպերատորին հայտնեցինք մեր հասցեն, հետո ասացինք, որ մեր տատիկը գիտակցությունը կորցրել է, նա չի արթնանում, չի շնչում եւ երկազարկը չկա: Մենք հետո ստուգեցինք նրա քիթը, նա իսկապես չէր շնչում»,- պատմել է Կիանը CBC-ի հետ հարցազրույցում:

Այս իրադարձությունից ընդամենը մի քանի շաբաթ առաջ տղաների մայրը՝ Լի Չաթերսոնը, որը բուժքույր է աշխատում, նրանց սովորեցրել էր սիրտ-թոքային վերակենդանացում կատարելու ձեւը: Նա այդ ժամանակ, իհարկե, չէր էլ կասկածում, որ այդ հմտությունները տղաներին այդպես շուտ պետք կգան:

Մինչեւ շտապ օգնության գալը, Կիանը կատարել է սրտի անուղղակի մերսում եւ այն էլ այնպես կատաղի, որ պատահաբար կոտրել է տատիկի կողոսկրը, իսկ Գրեյսոնն արհեստական շնչառություն է տվել: Շտապ օգնությունը եկել է 10 րոպե անց, մասնագետները ստիպված էին 4 անգամ դեֆիբրիլյացիա կատարել՝ սրտի աշխատանքը վերականգնելու համար:

Եթե տղաները մինչեւ շտապ օգնության գալը սիրտ-թոքային վերակենդանացում չկատարեին, կինը հազիվ թե ողջ մնար. թթվածնի պակասի պատճառով նրա ուղեղն, ավելի շուտ, կմահանար կամ շատ ծանր կվնասվեր:

Հիմա տատիկն իրեն լավ է զգում, հիվանդանոցից արդեն դուրս է գրվել: Երբ նրան պատմել են, որ թոռներն են իրեն փրկել, նա ապշահար էր: Հետաքրքիր է, որ մինչեւ թոշակավորվելը տատիկը նույնպես շտապ օգնությունում բուժքույր է աշխատել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել