• Latest news

Շաբաթվա ո՞ր օրն է առավել մեծ սրտի կանգի հավանականությունը

15 հունվարի, 2019  16:14

Մինչեւ վերջերս համարվում էր, որ սրտի հանկարծակի կանգն ավելի հաճախ տեղի է ունենում երկուշաբթի առավոտյան: Բայց սա ամենեւին էլ այդպես չէ, ինչն ապացուցել է ամերիկացի գիտնականների խումբը, որոնք իրենց նոր հետազոտությունը հրապարակել են Heart Rhythm ամսագրում:

Սիդարս-Սինա բժշկական կենտրոնի տնօրեն բժիշկ Սամիտ Չուգը եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են Օրենգոն նահանգում սրտի հանկարծակի կանգի հետեւանքով մահվան 2631 դեպքերի տվյալները: Սրտի կանգն ավելի հաճախ (31,6 տոկոս) տեղի է ունեցել հետճաշյա ժամերին, 27,6 տոկոս դեպքերում՝ առավոտյան, 26,9 տոկոս՝ երեկոյան եւ միայն 13,9 տոկոս՝ վաղ առավոտյան:

Հետազոտողները կենտրոնացել են սրտի անսպասելի կանգի եւ սրտի էլեկտրական ակտիվության խախտումների դեպքերի վրա, այլ ոչ թե սրտամկանի կաթվածի, չնայած թե՛ մեկը, թե՛ մյուսը կարող են միաժամանակ պատահել:

Բժիշկ Չուգի կարծիքով՝ մի քանի պատճառներ կան բացատրելու համար սրտի հանկարծակի կանգի հետեւանքով մահվան «պիկ ժամերի» նման փոփոխությունը, եւ դրանց թվում է նաեւ դիտարկումների ճշգրտության մեծացումը: Իր դերակատարումն ունի նաեւ այն, որ փոխվում են սրտի հանկարծակի կանգի հավանականությամբ պացիենտների բուժման մեթոդները: Նա կարծում է, որ դեղերը եւ բուժման այլ մեթոդները կարող են ազդել մահվան «պիկ ժամերի» տեղաշարժման վրա: Եվս մեկ գործոն կարող է լինել մարդկային կյանքի բուն ռիթմի փոփոխությունը. մարդկանցից շատերը մշտապես կապի մեջ են, աշխատանքից չեն անջատվում նույնիսկ երեկոյան, իսկ ոմանք նաեւ գիշերն են պատասխանում հեռախոսազանգերին: Այս ամենը հանգեցնում է ցիրկադային ռիթմերի խախտումների, որոնց հետեւանքով մարդն ամբողջ օրվա ընթացքում սթրես է ապրում:

Բժիշկ Չուգի հետազոտությունը ցույց է տվել, որ այսուհետեւ երկուշաբթին կարելի է չհամարել օր, երբ ավելի հաճախ է տեղի ունենում սրտի հանկարծակի կանգը: Նրա խոսքով՝ երկուշաբթի օրերին չի դիտվում այդպիսի դեպքերի թվի կտրուկ աճ, իսկ համեմատաբար ոչ մեծ աճ է դիտվում կիրակի օրերին:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն՝  սրտի հանկարծակի կանգով պացիենտների 70-ից մինչեւ 90 տոկոսը մահանում է մինչեւ հիվանդանոցում հայտնվելը: Մահվան պիկային ժամերին ուղղված հետազոտություններն օգնում են ծրագրել բուժօգնության ցուցաբերման գրաֆիկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել