• Latest news

Բուսական դեղամիջոցները եւ սննդային հավելումները հղիության ժամանակ կարող են վտանգավոր լինել. հետազոտություն

13 ապրիլի, 2019  20:06

Առաջին հայացքից «անմեղ» թվացող նույնիսկ բուսական միջոցները հղիության ժամանակ կարող են վտանգավոր լինել ինչպես մոր, այնպես էլ պտղի համար, նախազգուշացնում են մասնագետները: Շոտլանդացի գիտնականները կատարել են նախկինում հրապարակված 74 հետազոտությունների ամփոփում եւ ցույց տվել, որ բուսական բիոհավելումների որոշ տեսակներ կապված են հղիության բարդությունների, ներառյալ վաղաժամ ծննդաբերության եւ կեսարյան հատման մեծ հավանականության հետ: Այս հետազոտությունը հրապարակվել է Obstetrics & Gynecology ամսագրում:

Հարցումների համաձայն՝ տարբեր երկրներում հղի կանանց 10 տոկոսից մինչեւ երեք քառորդը բուսական դեղամիջոցներ է ընդունում հիվանդությունների ախտանշանները թեթեւացնելու համար կամ որպես հավելում: Հեղինակները զգուշացնում են, որ բուսական միջոցները ոչ միշտ են անվտանգ, եւ անհրաժեշտ է ֆիտոթերապիայի կուրսից առաջ խորհրդակցել բժշկի հետ:

Դիտարկված հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ այն կանանց շրջանում, որոնք վերջին եռամսյակում մաշկի վրա նուշի յուղ են քսել, 2 անգամ մեծացել է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը: Երկու այլ հետազոտություններով համանման վտանգներ են հայտնաբերվել այն կանանց շրջանում, որոնք հղիության ամբողջ շրջանում գործածել են սեւ մատուտակի կոնֆետներ (այրոցի եւ աղեստամոքսային այլ խանգարումների դեմ ժողովրդական միջոց):

Մեկ այլ հետազոտության մեջ դիտարկվել է ազնվամորու տերեւների գործածումը, որոնք ծնունդը խթանում եւ կրճատում են: Կանայք, որոնք օգտագործել են այս միջոցը, 3,5 անգամ ավելի հաճախ են կեսարյան հատման կարիք ունեցել, քան մյուս կանայք:

Մալավիում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք, որոնք օգտագործել են մվանաֆեպո (mwanaphepo, աֆրիկական ավանդական բուսական միջոց, որն օգտագործվում է ծնունդը խթանելու համար), ավելի հաճախ են կեսարյան հատման կարիք ունեցել եւ ավելի հաճախ են բախվել ծննդաբերական բարդությունների եւ նույնիսկ նորածնի մահվան:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ բուսական դեղամիջոցները նույնպես դեղամիջոց են, իսկ ծագման «բնական» լինելը դեռ չի երաշխավորում դրանց անվտանգությունը. ինչպես մյուս դեղերը, բուսական դեղամիջոցները կարող են կողմնակի էֆեկտներ առաջացնել: Օրինակ՝ ազնվամորու տերեւները կարող են առաջացնել սրտխառնոց, գլխացավ, աղիների խանգարում եւ գլխապտույտ, իսկ կոճապղպեղը՝ բերանի չորություն, այրոց եւ գլխացավ: Շամբալան, որը խորհուրդ են տալիս կրծքի կաթի ավելացման համար, կարող է մաշկային ռեակցիաներ եւ գլխացավ առաջացնել:

Հեղինակները հիշեցնում են, որ կանաչիները նույնպես քիմիական նյութեր են պարունակում, որոնցից շատերն ազդում են օրգանիզմի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել