Վահանաձեւ գեղձի բարորակ ուռուցքն արդյոք կարո՞ղ է վերափոխվել չարորակի. Մասնագետի պարզաբանում

21 մայիսի, 2019  18:12

Պացիենտներից շատերը վախենում են կատարել վահանաձեւ գեղձի պունկցիա՝ մտահոգվելով, որ եթե գեղձի հանգույցներին «դիպչեն», դրանք, եթե անգամ բարորակ են եղել, կվերափոխվեն չարորակի: Արդյոք դա հնարավո՞ր է: Արդյոք արժի՞ իսկապես պունկցիայից վախենալ: Այս հարցերի պարզաբանման շուրջ NEWS.am Medicine-ը զրուցեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի էնդոկրինային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Վարժապետյանի հետ:

Մասնագետի խոսքով՝ նախկինում տարածված կարծիք կար, որ բարորակ ուռուցքն իսկապես կարող է վերաճել չարորակի: Սակայն գիտությունը տեղում չի դոփում, եւ հիմա ապացուցված է, որ վահանաձեւ գեղձի քաղցկեղը սկսվում է մեկ բջջից, որը չի վերածնվում: Այսինքն՝ հանգույցը ի սկզբանե լինում է կա՛մ չարորակ, կա՛մ բարորակ:

Ոչ միշտ է հաջողվում հետազոտության ոչ ինվազիվ մեթոդներով հասկանալ՝ պացիենտի հանգույցը բարորակ է, թե չարորակ, այն վիրահատելի է, թե ոչ: Այս դեպքում օգնության է հասնում պունկցիան, որը կարող է տալ բոլոր հարցերի հստակ պատասխանները:

«Մարդկանցից ոմանք կարծում են, որ պունկցիայից հետո հանգույցը կարող է սկսել աճել: Ոմանք անգամ պատրաստ են վիրահատության դիմել այն հայտնաբերելուց անմիջապես հետո: Բայց դա այդպես չէ: Ամբողջ աշխարհում պունկցիա են կատարում, եւ ոչ մի հիմք չկա կարծելու, թե պունկցիոն բիոպսիան կարող է խնդիրներ առաջացնել,- ասաց մասնագետը: - Համացանցում կան ոչ մասնագիտական խմբեր, որոնց անդամները պնդում են, որ պունկցիայի ժամանակ վահանաձեւ գեղձի մեջ է ընկնում թթվածին, ինչի պատճառով գեղձում սկսվում են չարորակ պրոցեսներ: Իրականում մարդիկ, որոնք նման բան են գրում, պարզապես չեն հասկանում կենսաբանական պրոցեսները: Նման բան ուղղակի չի կարող լինել»:

Արմեն Վարժապետյանի խոսքով՝ եթե վահանաձեւ գեղձում հանգույցներ են հայտնաբերվել, ոչ բոլոր դեպքերում է պետք կատարել պունկցիոն բիոպսիա: Օրինակ՝ 1 սմ-ից փոքր հանգույցները, որպես կանոն, ուղղակի չեն դիտում: Բայց որոշ դեպքերում, նույնիսկ եթե հանգույցները փոքր են, բայց կան կից ավշահանգույցների ախտահարումներ, ինչպես նաեւ գենետիկ նախահակվածություն, կամ եթե պացիենտը ռադիոակտիվ գոտուց է, պունկցիա կատարելը ցուցված է: Եթե պացիենտի հանգույցները 1 սմ-ից մեծ են, հարկ է գործել ըստ այլ ուղեցույցի՝ հաշվի առնելով այլ գործոնները: Այսպես թե այնպես, պունկցիա կատարելու մասին որոշումը ընդունում է մասնագետը, այլ ոչ թե պացիենտը:

Եթե պունկցիոն բիոպսիան ցույց է տալիս, որ պացիենտի մոտ հանգույցը բարորակ է եւ չի խանգարում, ապա այն հեռացնելու անհրաժեշտություն չկա. պացիենտը կարող է դրանով հանդերձ հանգիստ ապրել նաեւ հետագայում: Իսկ եթե պարզվում է, որ նրա մոտ չարորակ ուռուցք է, այն կարող է նրա առողջությանը լուրջ սպառնալիք ներկայացնել, ուստի ցուցված է նման ուռուցքների հեռացումը:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի էնդոկրինային վիրաբուժության բաժանմունքի վարիչի խոսքով՝ վահանաձեւ գեղձում չարորակ նորագոյացությունների վիրաբուժական բուժման տարբեր մոտեցումներ կան. որոշ երկրներում հեռացնում են միայն վահանաձեւ գեղձի մի մասը հանգույցներով, որից հետո հիվանդը մնում է բժշկի հսկողության ներքո: Այլ մասնագետներ նախընտրում են հեռացնել ամբողջ գեղձը՝ հանգույցների հետ միասին:

«Ճապոնիայում կան վահանաձեւ գեղձի քացկեղով պացիենտներ, որոնք սեփական ռիսկով պահպանում են չարորակ հանգույցները՝ պարբերաբար բուժզննում անցնելով: Բայց պե՞տք է արդյոք պահպանել այս չարիքը: Կարծիք կա, որ վահանաձեւ գեղձի քաղցկեղով որոշ պացիենտներ պատկառելի տարիքում մահանում են միանգամայն այլ պատճառով, եւ միայն հերձմամբ է պարզվում, որ նրանց մոտ եղել է նաեւ քաղցկեղ: Սակայն այս հետազոտության տվյալները դեռեւս միայն ենթադրությունների մակարդակում են: Ինչո՞ւ ռիսկի դիմել»,- հարցրեց մասնագետը:

Նշենք, որ Հայաստանում պետությունն իր վրա է վերցրել չարորակ նորագոյացությունների վիրաբուժական բուժման վճարը: Ավելին՝ այս ծրագրի շրջանակում չարորակ ուռուցքներով պացիենտները (այս դեպքում՝ վահանաձեւ գեղձի քաղցկեղով) կարող են անվճար բուժում ստանալ ոչ միայն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ինչպես նախկինում, այլ նաեւ մի քանի մասնավոր կլինիկաներում, այդ թվում՝ «Աստղիկ» ԲԿ-ում: Բժիշկ Վարժապետյանն այս ծրագրի շրջանակում արդեն վիրահատել է նման ախտորոշմամբ մի քանի հիվանդների:

Նրա խոսքով՝ եթե պացիենտի մոտ հաստատվել է չարորակ ուռուցքի ախտորոշումը եւ բնակության վայրի բժշկի ուղեգիր կա, նրա վրա այս ծրագիրը տարածվում է: Վիրահատությունը, ինչպես նաեւ դրա հետ կապված մի շարք հետազոտություններ կվճարվեն պետական պատվերով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի