• Latest news

Երեւանում կիրականացվի ծրագիր՝ ուղղված երեխաների շրջանում երկրորդ տեսակի դիաբետի մասին տեղեկացվածության բարձրացմանը

29 մայիսի, 2019  15:38

Հունիսի 1-ից Երեւանում կմեկնարկի բարեգործական ծրագիր՝ «Մենք քեզ հետ ենք, փոքրիկ»՝ ուղղված երեխաների շրջանում երկրորդ տեսակի դիաբետի մասին տեղեկացվածության բարձրացմանը։ Դրանում նախատեսվում է ներգրավել մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների եւ ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ տառապող 8-16 տարեկան բնակիչներին։

Ինչպես նշել է Հայաստանի առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի հարցերով խորհրդական, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան, ավելորդ քաշը եւ ճարպակալումը մտնում են երկրորդ տեսակի դիաբետի առաջացման ռիսկի գործոնների մեջ։ «Սովորաբար, այս հիվանդությունը հանդիպում է մեծահասակների մոտ, բայց վերջին տարիներին ամբողջ աշխարհում երկրորդ տեսակի դիաբետը երիտասարդանում է եւ կարող է ախտորոշվել տասը տարեկանից»,- ասաց նա մայիսի 29-ի մամուլի ասուլիսում։

Բարեգործական նախագծի շրջանակում կտրամադրվեն մասնագետների անվճար խորհրդատվություններ, ինչպես նաեւ կմշակվի առողջ սննդակարգ։ «Ինչպես ցույց է տալիս փորձը, առողջ սննդակարգին անցնելու արդյունքը շատ ավելի ակնհայտ է լինում, եթե երեխաների եւ դեռահասների հետ աշխատում է դիետոլոգ»,- նկատել է Աղաջանովան։

Փորձագետը ծնողներին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել իրենց երեխաների սննդակարգի վրա։ Այսպես, շատ ուտելը սակավ շարժվելու հետ միասին բարձրացնում է երկրորդ տեսակի դիաբետի առաջացման ռիսկը։ Երեխայի ավելորդ քաշի դեպքում արժե խորհրդակցել մանկաբույժի հետ։ Արժե իմանալ, որ ավելորդ քաշի հետեւանքով կարող են առաջանալ զարկերակային ճնշման, ինչպես նաեւ ճարպերի փոխանակման խախտումներ։ Ինչ վերաբերում է հիպոդինամիային, ապա այն, ցավոք, այսօր նկատվում է բոլոր տարիքային խմբերում։

Ծրագիրը կիրականացվի Eco Group ընկերության, Հանրապետական մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսերի (գործում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկային կից) եւ «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի մասնակցությամբ։ Ավելի մանրամասն տեղեկատվություն ծրագրին մասնակցության մասին կարելի է ստանալ +37493-101-202 հեռախոսահամարով։

Ավելացնենք, որ բարեգործական նախագծի արդյունքները կամփոփվեն եռամսյա ժամկետում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է