• Latest news

Հայ մասնագետները Շվեդիայում կմասնակցեն իմունոգենետիկային եւ փոխպատվաստմանը նվիրված գիտաժողովի

23 հունիսի, 2014  16:26

Հունիսի 24-ին Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում մեկնարկելու է Եվրոպայի իմունոգենետիկայի ֆեդերացիայի (EFI, European Federation of Immunogenetics) կազմակերպած գիտաժողովը, որը նվիրված է իմունոգենետիկայի ոլորտում առկա նորություններին եւ խնդիրներին, ինչպես նաեւ օրգանների եւ ցողունային բջիջների փոխպատվաստմանը։ Հայաստանից գիտաժողովին կմասնակցեն «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց ռեեստրի տնօրեն Սեւակ Ավագյանը, գիտաժողովը շարունակվելու է մինչեւ հունիսի 28-ը, մասնակցելու է մոտ 800 գիտնական՝ աշխարհի տարբեր երկրներից։

Գիտաժողովի ընթացքում պլանավորված են ոչ միայն դասախոսություններ, այլեւ հանդիպումներ առանձին պրոֆեսորների հետ եւ քննարկումներ՝ նվիրված փոխպատվաստման տարբեր ասպեկտներին՝ բուժման նոր մեթոդներից մինչեւ ախտորոշման նոր մեթոդները։

Մեծ ուշադրություն է դարձվելու նաեւ նոր հայտնաբերվող անտիգեների քննարկմանը։ Ինչպես նշեց Սեւակ Ավագյանը, ամեն օր գիտությունը նոր անտիգեներ է հայտնաբերում, եւ ոլորտում աշխատող մարդիկ պետք է տեղեկացված լինեն բոլոր նորությունների մասին եւ կարողանան ախտորոշել նոր հակամարմինները, չէ՞ որ դա շատ կարեւոր է համատեղելի դոնոր գտնելու եւ փոխպատվաստման արդյունավետության համար։

Սեւակ Ավագյանը նաեւ նշեց, որ Հայաստանի եւ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» համար նման գիտաժողովներին մասնակցելը շատ կարեւոր է. այնտեղ ոչ միայն նոր տեղեկություններ եւ գիտելիքներ է կարելի ստանալ, այլեւ հնարավոր է հանդիպել ժողովը կազմակերպող երկրում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչներին, ներկայացնել նրանց հիմնադրամի գործունեությունն ու նպատակները եւ առաջարկել նրանց դոնորագրվել։

Շատ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ է ցողունային բջիջների փոխպատվաստվում, ընդ որում դոնորը եւ հիվանդը պետք է ամբողջովին համատեղելի լինեն։ Հայերը բավական յուրահատուկ գենոտիպ ունեն, եւ հաճախ հայի համար միայն հայը կարող է դոնոր լինել։ Այդ պատճառով, Սեւակ Ավագյանի կարծիքով, շատ կարեւոր է, որ հնարավորինս շատ հայեր դոնորագրվեն՝ ընդգրկվեն ոսկրածուծի պոտենցիալ դոնորների ցուցակում՝ այդպես նրանք կկարողանան միմյանց օգնել։

«Մեր 26 000 դոնորների 60 տոկոսը դոնորագրվել է Հայաստանում եւ Ղարաբաղում, իսկ մնացածը՝ այլ երկրներում։ Ամեն տարի երկրների թիվը ավելանում է։ Քանի որ այս ծրագիրը հիրավի համահայկական է, բոլոր 10 միլիոնս պետք է մասնակցենք դրան, քանի որ դա մեր էթնիկ խմբի առողջության ապահովագրման ծրագիր է», - նշեց Սեւակ Ավագյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել