• Latest news

12 մահվան դեպք 11 ամսում․ Հայաստանում 2019 թվականին նախորդ 2 տարիների համեմատ աճել են մայրական մահացության դեպքերը

29 նոյեմբերի, 2019  15:35

2019 թվականին Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 12 դեպք: Նախորդ 2 տարիների համեմատ այս տարի մայրական մահացության ցուցանիշը աճել է. 2018-ին գրանցվել էր մայրական մահացության 8 դեպք, 2017-ին՝ 4 դեպք։ Համեմատության համար, 2016 թվականին կրկին գրանցվել էր մահվան 12 դեպք:

Այս տարվա մահվան դեպքերից 3-ը աղմկահարույց էին, որովհետև հարազատները ծննդկանի մահվան մեջ մեղադրում էին բժիշկներին: Ընդ որում՝ այս 3 դեպքերը իրար հաջորդելով տեղի ունեցան՝ հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին: 3-ի դեպքում էլ քրեական գործ հարուցվեց:

Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ մայրական մահացության վիճակագրությունը սովորաբար դիտարկում են ոչ թե 1, այլ 3 տարվա կտրվածքով.

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է՝ մինչև 5 միլիոն բնակչություն ունեցող երկիրը ամեն տարի չպետք է մայրական մահացության դեպքերը ներկայացնի, այլ պետք է ներկայացնի մայրական մահացության ինդեքսը 3 տարվա կտրվածքով: Սկսած 2010 թվականից Հայաստանում մայրական մահացության ինդեքսը չի գերազանցում 20-ը», - ասաց նա:

Մասնագետի խոսքով, հղի կնոջ կամ ծննդկանի մահվան ցանկացած դեպք մանրամասն վերլուծվում է: Ըստ այդ վերլուծությունների տվյալների՝ Հայաստանում մանկաբարձական պատճառներով մահերը կազմում են հղիների եւ ծննդկանների մահերի 30-40%-ը, մնացած բոլորը կապ չունեն հղիության հետ. դրանք կնոջ՝ մինչեւ հղիությունն ունեցած հիվանդություններն են, որոնք երբեմն կարող են սրվել հղիության ժամանակ։

«Օրինակ՝ անալիզ ենք անում, տեսնում ենք, որ կինը մահացել է վիրուսային թոքաբորբից, կամ, օրինակ, լյարդի քաղցկեղից», - նշեց Գայանե Ավագյանը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում մի շարք միջոցառումներ են իրականացվում մայրական մահացության դեպքերը կանխելու համար.

«Ամեն դեպքը վերլուծվում է նախարարի գլխավորությամբ: Հիմա մենք մայրական պոտենցիալն ենք փորձում բարելավել. 15 տարեկան աղջիկներին և տղաներին պետական պատվերով հետազոտում ենք, և եթե հայտնաբերվում են շեղումներ, ախտաբանություններ, բուժում ենք: Այսինքն՝ իրենց պատրաստում ենք նորմալ վերարտադրության: Մյուսը՝ մենք լայնացրել ենք հղիների հետազոտության ծավալները, որպեսզի հղիներին վերաբերող բոլոր խնդիրները կարողանանք վեր հանել: Նաև իրականացվելու է  մինչամուսնական հետազոտության և բուժման ծրագիր: Զագսում գրանցված զույգը կհետազոտվի, կհայտանբերվեն հիվանդությունները և կբուժվեն: Այս բոլորն արվում է պետության հաշվին», - ասաց Գայանե Ավագյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել