• Latest news

Կերատոկոնուս. ինչպե՞ս են այսօր բուժում աչքերի վտանգավոր հիվանդությունը

27 դեկտեմբերի, 2019  21:42

Կերատոկոնուսը Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում տարածված աչքերի հիվանդություն է, որը, առանց պատշաճ բուժման, կարող է զգալիորեն վատացնել մարդու տեսողությունը, ընդհուպ մինչեւ տեսողության լիակատար կորուստ։ Բարեբախտաբար, ժամանակակից բժշկությունն առաջարկում է կերատոկոնուսի բուժման բազմաթիվ միջոցներ, եւ պացիենտների մեծ մասին կարելի է օգնել, հատկապես եթե նրանք ժամանակին են դիմում բժշկի։

«Աստղիկ» բժշկական կենտրոնի ակնաբույժ Ալինա Տերտերյանը NEWS.am Medicine-ի թղթակցին ներկայացրեց այն մասին, թե ինչ է կերատոկոնուսը, ինչպես են այն ախտորոշում եւ ինչպես են բուժում։

Եվ այսպես, կերատոկոնուսը աչքի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդություն է, որի դեպքում եղջերաթաղանթը բարակում է եւ ընդունում կոնի ձեւ։ Սովորաբար հիվանդությունը զարգանում է երկու աչքում. դեպքերի մեծ մասում այն առաջանում է սկզբում մի աչքում, հետո՝ երկրորդում եւ զարգանում երկու աչքում էլ։ Ավելի հաճախ հիվանդությունը, ինչպես ընդգծեց մասնագետը, առաջ է գալիս երիտասարդ տարիքում։

Ինչպե՞ս է արտահայտվում կերատոկոնուսը։

Ինչպես նշեց մասնագետը, վաղ փուլերում կերատոկոնուսի ախտանշանները հաճախ դժվար է տարբերել մյուս՝ ավելի հաճախ հանդիպող ռեֆրեկցիայի արատներից։ Մարդն սկսում է շրջակա իրերը տեսնել ավելի անհստակ, սկսվում են գլխացավեր, աչքերն արագ հոգնում են։ Տեսողության վատացումը խորանում է հիվանդության զարգացմանը զուգընթաց, երբեմն՝ բավական արագ։

Ժամանակի ընթացքում, անկախ տարածությունից, տեսողության սրությունը դառնում է անբավարար, եւ անգամ ճիշտ ընտրված ակնոցները այն գրեթե չեն շտկում։

Կերատոկոնուսի հաջող բուժման համար ամենակարեւորը վաղ ախտորոշումն է, նշեց մասնագետը։ Այդ հիվանդությունը կարող են կասկածել անգամ օպտիկայի խանութում, աֆտոռեֆրակտոմետրով հետազոտության ընթացքում։ Կերատոկոնուսի կասկածի դեպքում պացիենտին ուղարկում են ակնաբույժի մոտ, որն արդեն կարող է հաստատել կամ հերքել ախտորոշումը։

Եթե հիվանդությունը ճիշտ ժամանակին է հայտնաբերվել, մի շարք միջամտությունների օգնությամբ կարելի է կանգնեցնել դրա զարգացումը, եւ որ ամենագլխավորն է՝ կանխել եղջերաթաղանթի հետագա բարակումը։

Այսօր բուժման ամենահանրահայտ մեթոդներից մեկը այսպես կոչված «քրոսլինկինգն» է. դա վիրահատություն է, որի ընթացքում հատուկ սարքավորման օգնությամբ եղջերաթաղանթի կոլագենային հյուսվածքների միջեւ ստեղծվում են նոր քիմիական կապեր, որոնք ուժեղացնում են նրա կառուցվածքն ու մեծացնում խտությունը։ Միջամտության արդյունքում եղջերաթաղանթը խտանում եւ ամրանում է, ինչը թույլ է տալիս նրան ավելի լավ պահել ձեւն ու կանգնեցնում է դրա հետագա դուրսցցումն ու հիվանդության խորացումը։

«Աստղիկ» ԲԿ-ում այդ միջամտությունը, ինչպես նշեց Ալինա Տերտերյանը, տեւում է մոտ 30-40 րոպե եւ սովորաբար կատարվում է տեղային անեսթեզիայով։ Դրա արդյունավետությունը շատ բարձր է, հատկապես եթե հիվանդությունը հայտնաբերվել է զարգացման վաղ փուլում։

Կերատոկոնուսի բուժման մյուս միջոցը ենթադրում է ինտրաստրոմալ եղջերաթաղանթի օղակների իմպլանտացիա: Դա բարդ վիրահատություն չէ, դրա ընթացքում եղջերաթաղանթում իմպլանտավորում են հատուկ օղակներ, որոնք ամրապնդում են այն եւ օգնում վերականգնել տեսողությունը:

Եվ վերջապես, եթե բուժման այլ միջոցներ հարմար չեն կամ արդյունավետ չեն, կարելի է դիմել եղջերաթաղանթի փոխպատվաստման միջոցին: Այդ վիրահատությունը «Աստղիկ» ԲԿ-ում կատարում է Հայդելբերգի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, «Աստղիկի» ակնաբուժական կլինիկայի ղեկավար Գերդ Աուֆարթը։

Քանի որ Հայաստանում դեռեւս չկան դոնորական եղջերաթաղանթներ, մասնագետն իր այցերի ժամանակ իր հետ եղջերաթաղանթներ է բերում, որոնք փոխպատվաստում են պացիենտներին:

Ինչպես նշեց Ալինա Տերտերյանը, ժամանակակից ակնաբուժությունը հասել է լուրջ բարձունքների կերատոկոնուսի բուժման առումով. գրեթե յուրաքանչյուր պացիենտի կարելի է օգնել, նույնիսկ եթե հիվանդությունը հայտնաբերել են ուշ փուլում: Օրինակ, վերջերս «Աստղիկ» ԲԿ-ում կատարել են եղջերաթաղանթի փոխպատվաստում 70-ամյա պացիենտին, որն ուներ 4-րդ ստադիայի կերատոկոնուս: Մինչեւ վիրահատությունը նա ընդհանրապես չի տեսել, այժմ նրա տեսողությունը 10% է, սակայն այն կբարելավվի, երբ հեռացնեն կարերը:

Վերջերս մեկ այլ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել. բուժկենտրոն է դիմել 19-ամյա երիտասարդ կերատոկոնուսի ագրեսիվ ձեւով, ընդամենը 2 ամսում հիվանդությունը 1-ին ստադիայից հասել է 3-4-ի: Կերատոպլաստիկայից հետո նրա տեսողությունը վերականգնվել է 60%-ով, սակայն ինչպես եւ նախորդ դեպքում, տեսողությունը կբարելավվի կարերը հեռացնելուց հետո:

«Գրեթե բոլոր դեպքերում բուժում կա, այդ պատճառով չպետք է հետաձգել բժշկին այցելելը, եթե ձեզ անհանգստացնում են տեսողական խնդիրները: Որքան շուտ հիվանդությունը հայտնաբերվի, այնքան ավելի արդյունավետ կլինի բուժումը», - նշեց Ալինա Տերտերյանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ