• Latest news

Ծխելու համաճարակը նույնպիսի սպառնալիք է ներկայացնում, ինչպես H1N1-ի եւ կորոնավիրուսի համաճարակները. փոխնախարար

13 փետրվարի, 2020  11:46

Ծխելու համաճարակը նույնպիսի սպառնալիք է ներկայացնում, ինչպես H1N1-ի եւ կորոնավիրուսային վարակի նման հիվանդությունների համաճարակները: Այս մասին խորհրդարանում հակածխախոտային օրինագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Նրա խոսքով՝ այսօր ծխելու համաճարակը լուրջ սպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհին, եւ Հայաստանը բացառություն չէ: H1N1-ի, թռչնի գրիպի, SARS-ի, Էբոլայի, ինչպես նաեւ վերջերս հայտնաբերված նոր կորոնավիրուսի համաճարակները աշխարհի երկրների համար լուրջ մարտահրավերներ են: Փոխնախարարի խոսքով, սակայն, ծխելու համաճարակը հանրությանը պակաս սպառնալիք չի ներկայացնում:

Լենա Նանուշյանի խոսքով՝ այսօր գործող օրենքներում շատ բացեր կան, ինչի հետեւանքով ծխախոտային արտադրանքն ագրեսիվորեն գովազդվում է, ազատ ցուցադրվում խանութներում, ծխախոտի տուփերը հաճախ դրված են կոնֆետեղենի կողքին, եւ դրանք անչափ գրավիչ տեսք ունեն. այս ամենը նպաստում է ծխելու համաճարակի տարածմանը, այդ թվում՝ երիտասարդների շրջանում:

Փոխնախարարը հիշեցրեց, որ այսօր Հայաստանի բնակչությունն ամենուրեք ենթարկվում է ծխախոտի ծխի ազդեցությանը՝ ռեստորաններում, գրասենյակներում, հասարակական այլ վայրերում:

«Աշխատողները, հղի կանայք, երեխաներն այսօր պարզապես չեն կարող ապրել, հանգստանալ, աշխատել, խաղալ՝ չենթարկվելով ծխախոտի ծխի ազդեցությանը»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ պասիվ ծխելու ազդեցության անվտանգ մակարդակ ուղղակի չկա:

Լենա Նանուշյանը հիշեցրեց, որ նոր օրենքով մտցվող սահմանափակումները պետք է տարածվեն ծխախոտային ամբողջ արտադրանքի վրա, այդ թվում՝ նոր էլեկտրոնային գաջեթների, որոնք չնայած եւ դիրքավորվում են որպես ավելի անվտանգ, իրականում պարունակում են թունավոր, քաղցկեղածին, կախվածություն առաջացնող նյութեր, ուստի դրանք մարդկանց առողջության համար նույնպիսի վտանգ են ներկայացնում, ինչպես սովորական ծխախոտը:

Նրա խոսքով՝ այլ որոշումներ ընդունելու համար ոչ մի գիտական հիմնավորումներ չկան, ավելին՝ մյուս երկրներն այսօր նույնպես այս ճանապարհով են գնում եւ էլեկտրոնային ծխախոտի ու ծխախոտային այլ արտադրանքի օգտագործման սահմանափակումներ են մտցնում:

Փոխնախարարի խոսքով՝ ծխելու ցանկացած սահմանափակում քայլ է դեպի քաղաքակիրթ աշխարհ: Եվ հակառակը՝ հակածխախոտային օրենքի ընդունման ցանկացած հապաղում ու խոչընդոտներ պատասխանատվություն է ծխելու պատճառով մահվան բոլոր դեպքերի համար:

«Հարգարժա՛ն պատգամավոներ, մի՞թե ժամանակը չէ, որ ծխողները սկսեն մի քանի քայլ կատարել եւ դուրս գան փողոց, որպեսզի երեխաներին եւ չծխողներին վտանգի չենթարկեն: Մի՞թե ժամանակը չէ, որ մենք կանխենք այս համաճարակը՝ թույլ չտալով մեր երիտասարդների շրջանում գովազդի միջոցով վնասակար սովորությունների տարածումը»,- հարցրեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում քննարկվում է հակածխախոտային օրինագիծը, որն ընդունելուց հետո երկրում մի շարք սահմանափակումներ կմտցվեն, որոնք բխում են ինչպես իրենց ծխողների, այնպես էլ չծխողների շահերից. այսպես՝ կարգելվի ծխել հասարակական վայրերում (ճիշտ է՝ արգելքը միանգամից ուժի մեջ չի մտնի, այլ միայն 2 տարի հետո), ինչը քաղաքացիներին կպաշտպանի ծխախոտի ծխի ազդեցությունից, կարգելվի նաեւ ծխախոտային արտադրանքի ցուցադրումը եւ ցանկացած ձեւով դրա գովազդումը, որպեսզի ծխախոտները չգրավեն երիտասարդների հայացքները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։