• Latest news

Էբոլայով վարակված երկու ամերիկացիները փորձարարական շիճուկի օգնությանն են դիմել

5 օգոստոսի, 2014  17:56

Հուլիս ամսվա վերջին օրերին էր, երբ Աֆրիկայում Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված երկու ամերիկացի միսիոներների՝ դոկտոր Քենթ Բրենթլիի եւ Նենսի Րայթբոլի առողջական վիճակը կտրուկ վատացավ, եւ նրանց առողջական խնամքով զբաղվող «Սամարացու քսակ» միջազգային քրիստոնեական-հումանիտար կազմակերպության տեղեկան գրասենյակի աշխատակիցները բժշկական հրաշքի իսկական որս սկսեցին: Ժամանակն ի վնաս բոլորի էր աշխատում՝ հետեւից սթափեցնող փաստը տանելով՝ հիվանդությամբ վարակվածներին մեծ ի մասամբ մահվան ելք է սպառնում:

Հումանիտար խմբի ղեկավարները որոնումների նախնական փուլում ԱՄՆ հիվանդությանների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնին էին դիմել՝ պարզելու համար, թե արդյոք գոնե փորձարկման փուլում գտնվող, կամ թեկուզեւ՝ փորձարկում չանցած դեղամիջոց առայժմ չի մշակվել, որի օգնությամբ Լիբերիայում համաճարակից տուժած հիվանդներին օգնություն տրամադրելու նպատակով Աֆրիկա ժամանած միսիոներների կյանքը փրկելու հույս կարող է ծնվել: 

Կենտրոների աշխատակիցները սեւ մայրցամաքից ստացված զանգը առողջապահության ազգային ինստիտուտի Արեւմտյան Աֆրիկայի բաժանմունք էին փոխանցել՝ նշելով, թե հիշյալ մասնաճյուղի աշխատակիցներից մեկը տեղյակ է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող՝ կապիկների վրա փորձարկումների ընթացում խոստումնալից արդյունքներ գրանցած նախագծի մանրամասներից, հաղորդում է The Washington Post-ը:

Մի քանի օր անց Միացյալ Նահանգներից դեռեւս փորձարկումների փուլում գտնվող շիճուկի մի քանի սրվակ էր ուղարկվել Աֆրիկա՝ համերկրացիների կյանքը փրկելու ակնկալիքով:

«Այդ այսպես կոչված փորձարարական շիճուկը վիրուսի տարածումը կանխելու ներուժ ունեցող հակամարմինների խումբ է: Հիվանդների խնամքով զբաղվող բժիշկները համոզված էին, որ դրա կիրառման հետ կապված ռիսկները չէին կարող հնարավոր օգտակարությունը գերազանցել», - պատմել է առողջապահության ազգային ինստիտուտի՝ ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների բուժմամբ զբաղվող ստորաբաժանման տնօրեն դոկտոր Անտոնի Ֆոսին:

Երբ սրվակները տեղ հասան, մասնագետներն անգամ կիրառման ենթակա չափաբաժինների մասին հստակ պատկերացում չունեին, եւ ոչ ոք չէր կարող ասել, թե ուղարկված շիճուկը բավական է երկու հիվանդների համար: Դոկտոր Բրենթլին պնդել էր, որ առաջին չափաբաժինը Նենսի Րայթբոլը ստանա, սակայն քիչ անց, առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված, բժիշկները հակառակ որոշումն էին կայացրել: Կարճ ժամանակ անց էլ Նենսին էր շիճուկի առաջին չափաբաժինը ստացել: 

Ներկարկումից 20 րոպե անց Բրենթլիի առողջական վիճակը բարելավման ակնհայտ նշաններ էր ցույց տվել:

Ինչ վերավերում է Նենսիին, նրա առողջական վիճակն էլ պատվաստանյութի ներարկումից հետո՝ հուլիսի 30-ից վեր որոշակի դրական տեղաշարժ է գրանցել, թեեւ, Service in Mission միսիոներական ընկերության խոսնակ Պալմեր Հոլթի խոսքով, այս ընթացքում «նաեւ վատ օրեր են եղել»: Այդուհանդերձ, շիճուկի երկրորդ ներարկումից հետո առավել խոստումնալից արդյունքներ են սպասվում:

Դեռեւս վաղ է ասել, թե երկու ամերիկացի միսիոներների կյանքին այլեւս վտանգ չի սպառնում, բայց որ նրանց առողջական վիճակը բավարար էր՝ Միացյալ Նահանգների տեղափոխվելու համար՝ փաստերն են վկայում: 

Դոկտոր Բրենթլին 2 օր առաջ է Լիբերիայից Ատլանտայում գործող Էմորիի համալսարանի բժշկական կենտրոն ժամանել: Հաստատության բժիշկները ապշահար էին՝ նրան ոտքի վրա՝ շքամուտքի մոտ տեսնելով: Իսկ Նենսին էլ այսօր՝ օգոստոսի 5-ին կժամանի՝ թեւ չի կարող առանց օգնության քայլել: Այդուհանդերձ, ամուսնու խոսքով, ախորժակը տեղն է՝ երկու օր առաջ սիրելի ուտեստներից մեկը եւ մեկ գավաթ սուրճ է պահանջել:

Հարկ է նշել, որ Էբոլայի դեմ պատվաստանյութի մշակումը ոչ միայն բարդ է, այլ նաեւ, դեղագործական ընկերությունների տեսանկյունից, ոչ շահավետ, քանի որ, ի տարբերություն այլ հիվանդությունների, հեմոռագիկ տենդով վարակվածները համեմատաբար փոքր թիվ են կազմում: 

Երկու ամերիկացիների կյանքը ենթադրաբար փրկած պատվաստանյութը ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում գործող Mapp Biopharmaceutical ընկերությունն է մշակել: Հակամարմինների «կոկտեյլը» Կենտուկի նահանգում՝ արագ աճեցվող ծխախոտից է ստացվում:

Դեռեւս նախորդ շաբաթ ԱՄՆ առողջապահական ոլորտի ներկայացուցիչները հաղորդել էին, թե Էբոլայի դեմ պատվաստանյութ է մշակվում, եւ որ սեպտեմբեր ամսից մարկանց վրա փորձարկումների առաջին փուլն է մեկնարկելու: Հետազոտությունը, նախնական տվյալների համաձայն, 20 հիվանդների շրջանում է իրականացվելու: Շիճուկի անվտանգության եւ արդյունավետության հաստատման պարագայում, պատվաստանյութի առաջին չափաքանակը 2015թ.-ին շուկա կհանվի:

Այդուհանդերձ, դեռեւս պարզ չէ, թե արդյոք դոկտոր Բրենթլին եւ Նենսի Րայթբոլը կարող են ZMapp անունը ստացած պատվաստանյութի օգնությանը նաեւ Միացյալ Նահանգների տարածքում դիմել, քանի որ փորձարարական փուլում գտնվող ցանկացած դեղամիջոց միայն երկրի սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության համաձայնությամբ կարելի է ընդունել:

Մինչ այդ, Աֆրիկայի արեւմուտքում բռնկված համաճարակը շարունակում է մարդկային կյանքեր խլել:

Օգոստոսի 4-ի տվյալների համափայն, աֆրիկյան 4 երկրներում՝ Սիերա Լեոնեում, Լիբերիայում, Գվինեայում եւ Նիգերիայում հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 887-ի է հասել: Վարակվածների թիվն ավելի քան 1600 է կազմում:

Համաշխարհային Բանկը Էբոլայի տարածումը կանխարգելելու եւ համաճարակի զոհ դարձած երկրներում առողջապահական համակարգի բարեխոխումներ իրականացնելու նպատակով 200 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ իրականացնելու մտադրություն է հայտնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է