• Latest news

Հնարավո՞ր է լինել գեր եւ առողջ. նոր հետազոտություն

25 հունվարի, 2021  17:16

Այսօր բավականին տարածված է այն կարծիքը, թե իբր կարելի ունենալ ավելորդ քաշ եւ միաժամանակ առողջ մնալ: Սակայն Իսպանիայից գիտնականների խումբն ապացուցել է, որ սա սոսկ առասպել է, եւ որ ճարպակալումն ու առողջությունն իրականում անհամատեղելի են:

Մադրիդի Եվրոպական համալսարանի (European University) մասնագետները անցկացրել են առաջին համազգային հետազոտությունը, որում ուսումնասիրել են կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ ավելորդ քաշով մարդկանց առողջության միջեւ կապը, հայտնում է Medportal.ru-ն: Հետազոտության ժամանակ հաշվի են առել ավելի քան 527 600 մեծահասակ մարդկանց տվյալները (միջին տարիքը՝ 42):

Հետազոտության մասնակիցներին բաժանել են մի քանի խմբերի՝ ելնելով մարմնի զանգվածի ինդեքսից՝ նորմալ քաշով, ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ, ինչպես նաեւ՝ կախված նրանց ֆիզիկական ակտիվությունից: Հետազոտության մասնակիցների սիրտ-անոթային համակարգի վիճակը որոշել են սրտի հիվանդությունների եւ կաթվածի երեք հիմնական գործոններով՝ հիվանդության պատմության մեջ շաքարային դիաբետի, զարկերակային բարձր ճնշման եւ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակի առկայություն:

Հետազոտության մասնակիցների շուրջ 42 տոկոսը ուներ մարմնի նորմալ զանգված, 41 տոկոսը՝ ավելորդ քաշ, եւս 18 տոկոսը տառապում էր ճարպակալմամբ: Մասնակիցների մեծ մասը (65,3 տոկոս) քիչ ակտիվ էր, այսինքն՝ չէր կատարում նվազագույնը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարած շաբաթական 150-300 րոպե աերոբիկայի ծանրաբեռնվածությունը: Մասնակիցների եւս 12,3 տոկոսը հետեւում էր անբավարար ֆիզիկական ակտիվության, եւ միայն 24,2 տոկոսն էր կանոնավոր զբաղվում ֆիզկուլտուրայով ու սպորտով: Մասնակիցների մոտ 30 տոկոսն ուներ խոլեստերինի բարձր մակարդակ, 15 տոկոսը տառապում էր զարկերակային բարձր ճնշմամբ, 3 տոկոսի մոտ դիաբետ էր ախտորոշվել:

Այս բոլոր տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ցանկացած ֆիզիկական ակտիվություն, նույնիսկ նվազագույն, նվազեցնում է դիաբետի զարգացման եւ «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման հավանականությունը: Բայց կան նաեւ վատ նորություններ. ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ մարդկանց շրջանում հայտնաբերվել է սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկ՝ մարմնի նորմալ զանգվածով տարեկիցների համեմատությամբ: Դրանից բացի, գեր մարդկանց շրջանում, որոնք պարբերաբար զբաղվում են ֆիզկուլտուրայով, դիաբետի զարգացման ռիսկը 3 անգամ ավելի բարձր է՝ ամենածույլ, բայց բարեկազմ մարդկանց համեմատությամբ:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այս եզրահանգումները հերքում են այն առասպելը, որ կարելի է ունենալ ավելորդ քաշ եւ միաժամանակ լինել առողջ մարդ, եթե ուշադրություն դարձվի ֆիզիկական ակտիվությանը: Ֆիզիկական մարզումները նվազագույնը փոխհատուցում են առողջության համար ավելորդ քաշի բացասական հետեւանքները, սակայն սրտի հետ կապված խնդիրներից չեն ազատում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել