• Latest news

Ինչու՞ պետք է բժիշկը գիտական ​​գործունեությամբ զբաղվի. 33-ամյա Գեւորգ Թամամյանը ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսորներից մեկն է դարձել

17 փետրվարի, 2021  17:26

Լավ բժիշկը պետք է զբաղվի ոչ միայն հիվանդների բուժմամբ, այլեւ` գիտական ​​գործունեությամբ. այդ դեպքում նա ժամանակին համընթաց կքայլի եւ կնպաստի բժշկության զարգացմանը: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, 33-ամյա բժիշկ Գեւորգ Թամամյանը, ով ամենաերիտասարդ գիտությունների դոկտորներից եւ պրոֆեսորներից մեկն է դարձել Հայաստանում եւ ամենաերիտասարդը` մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտում:

Մի քանի օր առաջ բժիշկ Թամամյանը պաշտպանեց իր թեզը, որը նվիրված է երեխաների ուռուցքաբանական եւ արյան հիվանդությունների ախտորոշման եւ բուժման առանձնահատկություններին Հայաստանում:

«Մենք հաճախ ասում ենք, որ Հայաստանում ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդություններով երեխաների մոտ ապրելունակության մակարդակը 70-75 տոկոսի է հասնում, երբեմն` նույնիսկ 80: Սակայն այս տվյալները նախկինում քարտավորված չէին: Իմ դիսերտացիան նվիրված է Հայաստանում այս հիվանդությունների հետ կապված իրավիճակի, դրանց տարածվածության, առանձնահատկությունների եւ ախտորոշման ու բուժման խնդիրների ուսումնասիրմանը: Այս ամենը մեզ հնարավորություն կտա հասկանալու, թե որտեղից ենք մենք եկել, որտեղ ենք գտնվում եւ ինչ ուղղությամբ ենք շարժվում»,- ասաց մասնագետը:

Ըստ նրա` բժշկի համար շատ կարեւոր է զբաղվել ոչ միայն հիվանդների բուժմամբ, այլ նաեւ գիտական ​​գործունեությամբ, քանի որ այդպես նա կարող է ժամանակին համընթաց քայլել, տեղյակ լինել ընդհանուր բժշկության ոլորտի եւ, մասնավորապես, իր գործունեության ոլորտի վերջին նորություններից: Ավելին, նա կկարողանա նպաստել բժշկության եւ գիտության զարգացմանը ոչ միայն իր երկրում, այլեւ աշխարհում:

«Հիանալի բժիշկներ կան, որոնք միայն բժշկությամբ են զբաղվում, եւ այդ պատճառով աշխարհը չգիտի նրանց մասին, եւ չի իմանա, մինչեւ նրանք չսկսեն ցույց տալ իրենց աշխատանքը գիտական ​​մեթոդներով: Եթե ​​նրանք հետաքրքիր մոտեցումներ, հայտնագործություններ ունեն, ապա պետք է ցույց տան դրանք գիտական ​​մեթոդներով, կիսվեն իրենց աշխատանքով, որպեսզի մյուս բժիշկները փոխառեն իրենց փորձը, եւ դա, գուցե, օգնի բազմաթիվ կյանքեր փրկել: Բացի այդ, գիտական ​​աշխատանքը կարեւոր է, քանի որ այն մարդուն քննադատական ​​մտածողություն է տալիս, ինչը շատ կարեւոր է, հատկապես` այնպիսի ոլորտում, ինչպիսին բժշկությունն է»,- ասաց բժիշկ Թամամյանը:

Ըստ նրա` Հայաստանում բավականին ակտիվ գիտական ​​աշխատանքներ են տարվում մանկաբուժական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտում: Միայն վերջին տարվա ընթացքում հայ մասնագետները 35 գիտական ​​թեզ են ուղարկել միջազգային համագումարների, եւ բոլորն էլ ընդունվել են:

«Դրանց թվում կային բանավոր զեկույցներ, պաստառներով զեկույցներ եւ այլ աշխատանքներ: Հայաստանի նման փոքր երկրի եւ մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության նման փոքր ոլորտի համար դա, իմ կարծիքով, մեծ ձեռքբերում է»,- ասաց Թամամյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է