• Latest news

Հուզական այրում. 21-րդ դարի ամենատարածված խնդիրը, եւ ինչպես է այն կապված IT-ի զարգացման հետ

7 մարտի, 2021  16:25

Հավանաբար շատերն են լսել «հուզական այրում» եզրույթը: Պարզվել է՝ այդ խնդիրը կարող է առաջանալ յուրաքանչյուրի մոտ՝ սկսած գրասենյակային աշխատողից մինչեւ դայակ:

Հուզական այրումը սովորաբար զարգանում է մասնագիտական գործունեության մեջ քրոնիկական չհաղթահարված սթրեսի հետեւանքով, որը կարող է ի հայտ գալ մի շարք պատճառներով՝ աշխատանքի լարված ռիթմ, արդյունքների նկատմամբ պահանջների անորոշություն, աշխատանքում որոշումներ կայացնելու անհնարինություն, աշխատանքի մոնոտոնություն, ընկերության արժեքների անհամապատասխանություն սեփական արժեհամակարգի հետ, հիմնական գործունեությունից դուրս որակյալ կյանքի բացակայություն:

Մեր օրերում արագորեն զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, իսկ մեր ուղեղը չի հասցնում հետեւել այդ տեմպին: Ուստի IT-ի զարգացումը հուզական այրման պատճառներից մեկն է:

Ինչպես նշում է հոգեբան Սեդա Մուսայելյանը, բացի աճող հոգնածությունից, գրգռվածությունից եւ մարդկանց հետ հարաբերությունների վատթարացումից, գոյություն ունեն նաեւ հուզական այրման ֆիզիկական ախտանշաններ՝ անքնություն, ախորժակի կորուստ, անգամ առողջության վատթարացում ընդհուպ մինչեւ հիվանդությունների առաջացում, որոնք խոչընդոտում են սովորական գործունեության իրականացմանը: Մեր մարմինն իմաստուն է. եթե մենք չենք հանգստանում, այն կստիպի մեզ հանգստանալ անգամ հիվանդանոցային մահճակալին:

Հոգեբանը նախազգուշացնում է, որ չարժե շփոթել հուզական այրումը հոգնածության հետ: Եթե այսօր վատ օր է, իսկ վաղն արդեն ավելի լավ է, ապա դա այն չէ: Անհրաժեշտ է անհանգստանալ, եթե զգալիորեն անկում է աշխատունակությունը, ի հայտ է գալիս սեփական պարտականությունների նկատմամբ ցինիկ եւ հեռվացած վերաբերմունք: Աշխատանքն առաջացնում է բացառապես բացասական ապրումներ, հաճախանում են ազատ ժամանակ աշխատանքի մասին մտքերը: Եթե ի հայտ են եկել նաեւ ֆիզիկական ախտանշաններ (մշտական հոգնածություն, քնի որակի եւ ռիթմի փոփոխություն, ախորժակի փոփոխություն), ժամանակն է դիմել որակավորված օգնության համար:

Մասնագետի խոսքով՝ կարելի է այրվել նաեւ ամենասիրելի աշխատանքի ժամանակ, ուստի անհրաժեշտ է զբաղվել կանխարգելմամբ արդեն այսօր: Անհրաժեշտ է տարբերակել աշխատանքային եւ ազատ ժամանակը՝ աշխատավայրում թողնելով դրա մասին մտքերն ու գործը, ուշադրություն դարձնել ֆիզիկական առողջությանը, ինչպես նաեւ սոցիալական շփումներին՝ հանդիպել ընկերների հետ, ժամանակը որակով անցկացնել ընտանիքի հետ: Խնդիրների մշտական հոսքը կառավարել կօգնի ժամանակի պլանավորումը եւ լիազորություններն ուղղորդելու կարողությունը, մոտիվացիայի կորստի դեպքում կօգնի մասնագիտության նոր ասպեկտների ուսումնասիրումը, հանգստի պակասի դեպքում՝ պլանավորված արձակուրդը: Արժեքների կոնֆլիկտը կօգնի հաղթահարել առկա եւ ցանկալի աշխատանքի միջեւ տարբերությունների վերլուծությունը: Ծայրահեղ դեպքում կարելի է դիտարկել հիմնական գործունեության փոփոխությունը:

Հոգեբանը խորհուրդ է տալիս, որ գլխավորը մասնագիտական օգնությունից չխուսափելն է. հոգնածությունն ու առավոտյան աշխատանքի գնալու համար վեր կենալու ցանկության բացակայությունը, որքան էլ դա տարածված է, սակայն աշխատանքի պարտադիր պայմանը չէ: Ուստի անհրաժեշտության դեպքում պետք չէ ամաչել դիմել մասնագետին. նրա օգնությամբ խնդիրն ավելի հեշտ է լուծել, քան միայնակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է