• Latest news

ԵՄ-ում արգելել են Е171 սննդային ներկանյութը. Ի՞նչ է հայտնի դրա մասին, եւ որքանո՞վ է այն վտանգավոր

12 հոկտեմբերի, 2021  21:34

Եվրոպական միությունում 2022 թվականի սկզբից լիովին կարգելվի տիտանի երկօքսիդի (Е171 սպիտակ ներկանյութ) օգտագործումը սննդի մեջ։ Հայաստանում, ինչպես եւ շատ այլ երկրներում, այդ ներկանյութը շարունակում են օգտագործել։

Ի՞նչ է հայտնի այդ ներկանյութի մասին ներկա պահին, եւ որքանո՞վ է այն վտանգավոր։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, տիտանի երկօքսիդը կամ Е171 հավելուկը օգտագործվում է հաբերի, հրուշակեղենի եւ հացաբուլկեղենի, մաստակի եւ մի ամբողջ շարք սննդամթերքների արտադրության ժամանակ։ Այն օգտագործվում է նաեւ որոշ կոսմետիկ ապրանքների արտադրությունում, այդ թվում եւ արեւապաշտպան քսուքներում։

Եվրոպան արգելում է դրա օգտագործումը սննդի մեջ Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալության (EFSA) հայտարարության հիման վրա այն մասին, որ այդ սննդային հավելուկը այլեւս չի կարող համարվել անվտանգ։ Բանն այն է, որ չի բացառվում, որ տիտանի երկօքսիդի մասնիկները կարող են ունենալ գենոտոքսիկություն՝ ԴՆԹ-ն վնասելու (եւ քաղցկեղ առաջացնելու) կարողություն։ EFSA-ն չէր հայտարարում, թե այդ նյութը գենոտոքսիկ է, բայց չի էլ կարողացել պարզել դրա անվտանգ սահմանային օրական չափն այդ իմաստով։

Իր որոշումներում EFSA-ն հենվում էր տարբեր հետազոտությունների տվյալների վրա, այն վերջին անգամ դիմել է նաեւ տիտանի երկօքսիդի նանոմասնիկներին նվիրված աշխատանքներին։ Ֆրանսիայում Е171-ը սննդի մեջ արգելվել է դեռեւս 2019թ.։

Դեղագործական արդյունաբերությանը եվրոպական արգելքը չի վերաբերի, այլապես դա կարող է հանգեցնել դեղերի լուրջ պակասի։

Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալությունը (IARC) տիտանի երկօքսիդը համարում է 2В խմբի քաղցկեղածին, այսինքն՝ չի բացառվում, որ այն կարող է առաջ բերել քաղցկեղ, բայց առայժմ բավականաչափ ապացույցներ չկան։ Սակայն խոսքը միայն այդ նյութը ներշնչելու մասին է փոշու տեսքով, իսկ դրա օգտագործման վտանգավորության մասին տվյալներ սննդի արդյունաբերության մեջ չկան։ FDA-ը նույնպես այն անվտանգ սննդային ներկանյութ է համարում։

Այսօր տիտանի երկօքսիդի վտանգավորությունը կապում են նրա 100 նանոմետրից պակաս տրամագիծ ունեցող մասնիկների, այսինքն՝ նանոմասնիկների հետ։ Որոշ լաբորատոր հետազոտություններ ցույց են տվել, որ դրանք կարող են կլանել աղիների բջիջները՝ հետագայում քաղցկեղ առաջացնելու հնարավորությամբ։ Բայց բնավ ոչ բոլոր հետազոտություններն են եկել նման եզրահանգման։

Պետք է նաեւ հաշվի առնել, որ սննդի արդյունաբերությունում ավելի շատ օգտագործում են տիտանի երկօքսիդը ավելի մեծ մասնիկներով, որոնք վատ են ներծծվում աղիներում եւ վտանգ չեն ներկայացնում։

2016թ. EFSA-ը հրապարակեց ուսումնասիրություն, որում ասվում էր, որ տիտանի երկօքսիդը շատ վատ է ներծծվում եւ գրեթե ամբողջությամբ դուրս է գալիս արտաթորանքի հետ։ Այդ ժամանակ էլ կազմակերպությունը հայտարարեց, որ գենոտոքսիկ եւ քաղցկեղածին լինելու ապացույցներ չեն հայտնաբերվել։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ ներկանյութի մոտ 0,01 տոկոսը զսպում է աղիների իմունային բջիջները նրա լիմֆոիդ հյուսվածքներում։

Ստացվում է, որ տեսականորեն տիտանի երկօքսիդը կարող է «հասնել» այլ օրգաններին։ Բայց թե ինչպես կարող է անդրադառնալ առողջության վրա՝ հայտնի չէ։ EFSA-ի եւս մեկ մտահոգություն վերաբերում է նրան, որ կասկած կա, թե տիտանի երկօքսիդը, հնարավոր է, կարող է նեյրոտոքսիկ լինել եւ բորբոքում առաջացնել։

Տիտանի երկօքսիդին բազմաթիվ հետազոտություններ են նվիրված, բայց միանշանակ եզրակացություններ նրա վտանգավորության կամ անվտանգության մասին առայժմ չկան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է