• Latest news

Սպասելով նոր կյանքի․ 44-օրյա պատերազմում որդուն կորցրած 60-ամյա զույգը երեխա է ունենալու

19 հունվարի, 2022  15:38

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը փոքրիկի լույս աշխարհ գալուն է սպասում։ Արդեն մի քանի շաբաթից երեխան կծնվի, եւ բազմաթիվ փորձությունների միջով անցած ծնողների դեմքին նորից ժպիտ կհայտնվի:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Շենգավիթ ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը խոստովանեց, որ այս դեպքն իր պրակտիկայում ամենահուզիչն է, և դա պայմանավորված է ոչ միայն ծնողների տարիքով։

«44-օրյա պատերազմից հետո մեզ մոտ մի տղամարդ եղավ, պատմեց, որ միակ որդուն պատերազմի ժամանակ է կորցրել և հիմա ուզում է նորից երեխա ունենալ։ Ի դեպ, առանց կնոջ էր եղել, հարցնում էր՝ կկարողանա՞նք երեխա ունենալ: Չեմ թաքցնի, սկզբում զարմացա, հետո հուզվեցի: Հասկացա, որ անչափ պատասխանատու առաջադրանք է առջեւս», - պատմեց բժիշկը:

Նրա խոսքով՝ տղամարդը շատ լավ գիտակցում էր, որ ինքն ու կինը տարիքով արդեն մեծ են, բայց պատերազմի ժամանակ իրենց միակ որդուն են կորցրել ու հիմա առանց զավակի են մնացել, իսկ այդպես ապրել չի լինի:

«Հաջորդ այցն արդեն կնոջ հետ էր։ Իհարկե պարզ է՝ բնական ճանապարհով երեխա չէին կարող ունենալ, եւ ես նրանց պատմեցի Արտամարմնային բեղմնավորման միջոցով՝ փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենալու տարբերակի մասին։ Մեծ ոգևորությամբ ընդունեցին այդ տարբերակը։ Նրանց վիշտը շատ մեծ էր: Ես ուզում էի օգնել զույգին, տեսա նրանց ապրումները, վիշտը, նաև ուրախությունը, երբ պարզ դարձավ, որ փոխնակ մոր միջոցով կարող են երեխա ունենալ»։

Փոխնակ մոր ընտրություն, բազմաթիվ հետազոտություններ, բավական երկարատեւ աշխատանք մասնագետների հետ... Եւ ահա, զույգին օգնելու պատրաստակամություն հայտնած փոխնակ մայրը արդեն հղիության երրորդ եռամսյակում է:

«Զույգը փոխնակ մոր հետ կապի մեջ է, այցի են գնում ու անհամբեր սպասում իրենց զավակի լույս աշխարհ գալուն», - պատմեց բժիշկը։ 

Շենգավիթ ԲԿ-ի մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայում արտամարմնային բեղմնավորումը կատարվում է 2008 թ.-ից: Խաչատրյանի խոսքով՝ կլինիկայում ԱՄԲ-ման միջոցով տարեկան ծնվում է միջինում 180 երեխա, իսկ վերջին 14 տարիների աշխատանքի արդյունքում ծնվել է 2520-ից ավելի երեխա։

Ամբողջ աշխարհում արտամարմնային բեզմնավորումը բավական թանկ միջամտություն է, եւ Հայաստանը բացառություն չէ: Մասնագետի խոսքով՝ այստեղ այս միջամտության գները տատանվում են 500 հազարից մինչև 2,5 միլիոն դրամի սահմաններում եւ կախված են մի շարք գործոններից՝ բնական ցիկլում է կատարվում ԱՄԲ-ն թե ձվարանների խթանում է անհրաժեշտ, պետք են արդյոք դոնորական ձվաբջիջներ, ինչ տարիքի են պացիենտները եւ այլն:

Այս պահին Հայաստանում գործում է նաեւ պետական ծրագիր, որով մինչեւ 53 տարեկան կանայք, ովքեր որդի են կորցրել Արցախի պատերազմում, պետպատվերի շրջանակներում ԱՄԲ անելու հնարավորություն են ստանում: Նախկինում Հայաստանում եւս պետպատվերով ԱՄԲ անելու հնարավորություն կար, բայց այդ ծրագրից կարող էին օգտվել միայն մինչեւ 42 տարեկան կանայք։ Խնդիրն այն էր, որ պատերազմում իրենց որդիներին կորցրած մայրերի մեծ մասը այս տարիքից մեծ են: Ուստի որոշվել է ծրագրին մասնակցելու առավելագույն տարիքը բարձրացնել մինչեւ 53 տարեկան ներառյալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է