• Latest news

Հետքովիդային համախտանիշի զարգացման 4 ռիսկի գործոն

29 հունվարի, 2022  15:36

Կորոնավիրուսային վարակից հետո բավականին մեծ թվով հիվանդներ բախվում են, այսպես կոչված, հետքովիդային համախտանիշին, որն արտահայտվում է թուլությամբ, գլխացավերով եւ այլ տհաճ ախտանիշներով։

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի համալսարանի եւ Սիեթլի Շվեդիայի բժշկական կենտրոնի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 18-ից 89 տարեկան 209 հիվանդ։ Նրանք բոլորը COVID-19 են տարել՝ տարբեր աստիճանի ծանրությամբ։ Գիտնականները նրանց վիճակին հետեւել են վարակվելու պահից՝ սուր վարակիչ փուլում եւ ապաքինվելուց 3 ամիս հետո։

3 ամսից հետո հիվանդների 37 տոկոսը հայտնել է COVID-19-ի 3 կամ ավելի երկարատեւ ախտանիշի մասին, 24 տոկոսը՝ հետքովիդային համախտանիշի 1-2 նշանի մասին։ Հետազոտելով թեստի արդյունքները եւ բոլոր մասնակիցների առողջական վիճակը՝ գիտնականները պարզել են, որ գրեթե բոլոր հիվանդները (95 տոկոս) կապված են 4 կենսաբանական գործոններից առնվազն 1-ի հետ:

Առաջին գործոնն արյան մեջ կորոնավիրուսային ՌՆԹ-ի մակարդակն է վարակի վաղ փուլում։ Որքան բարձր է վիրուսային բեռի մակարդակը, այնքան մեծ է հավանականությունը, որ երկարատեւ ախտանիշներ կզարգանան՝ որպես հետքովիդային համախտանիշի մաս:

Երկրորդ գործոնը, այսպես կոչված, աուտոհակամարմինների առկայությունն է։ Սովորաբար տարած վարակի դեմ հակամարմիններն արտադրվում են օրգանիզմը հարուցիչի կրկնակի ներխուժումից պաշտպանելու համար, բայց երբեմն իմունային համակարգը խափանվում է եւ սկսում է «կեղծ» հակամարմիններ արտադրել, որոնք սկսում են գրոհել առողջ բջիջները՝ որպես օտար: Դրանք սովորաբար ձեւավորվում են աուտոիմուն հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ռեւմատոիդ արթրիտը, համակարգային կարմիր գայլախտը եւ այլն:

Երրորդ գործոնը Էպշտեյն-Բար վիրուսի վերաակտիվացումն է՝ վիրուս, որը վարակում է մարդկանց մեծամասնությանը, սովորաբար մանկության տարիներին, իսկ հետո անցնում է քնած վիճակ: ԱՄՆ-ում 5 տարեկան երեխաների մոտ կեսը եւ մեծահասակների 90-ից 95 տոկոսը տարած վարակի նշաններ ունեն: Վիրուսը կարող է «արթնանալ» այլ հիվանդությունների պատճառով, այս վիրուսի վերաակտիվացումը կապված է այնպիսի պայմանների հետ, ինչպիսիք են քրոնիկ հոգնածության համախտանիշը, որը երկարատեւ COVID-19-ի եւ ցրված սկլերոզի որոշ դեպքեր է հիշեցնում:

Չորրորդ գործոնը 2-րդ տիպի շաքարախտի առկայությունն է. այն հայտնաբերվել է հետքովիդային համախտանիշ ունեցող որոշ մասնակիցների մոտ։ Ինչպես հայտնի է, այս հիվանդությունը կապված է քրոնիկ բորբոքման հետ, որը կարող է նպաստել կորոնավիրուսի երկարատեւ հետեւանքների զարգացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է