• Latest news

ԱՄՆ-ում կսկսեն պատվաստել կապկի ծաղիկի դեմ

29 հունիսի, 2022  11:46

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է կապկի ծաղիկի դեմ պատվաստման եւ թեստավորման ավելացման պլանների մասին, քանի որ հազվադեպ հիվանդության դեպքերը գերազանցել են 300-ն ամբողջ երկրում։

Սպիտակ տան հայտարարությունում նշվել է, որ Բայդենի վարչակազմը սկսել է կապկի ծաղիկի դեմ պատվաստման ազգային ռազմավարության առաջին փուլը, որի շրջանակում կպատվաստվեն երկրի այն բնակիչները, որոնք բարձր ռիսկի գոտում են։

Մասնավորապես, վարչակազմը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին կկատարվի 300 000 պատվաստում կապկի ծաղիկի դեմ, որոնցից 56 000-ը կկատարվի անհապաղ ազգային պահուստներից բաց թողնվող պատվաստանյութի հաշվին՝ այն նահանգների համար, որոնցում հիվանդության դեպքերն ամենաշատն են։

Առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունն սպասում է, որ ամռան ընթացքում հասանելի կլինի ավելի քան 750 000 դեղաչափ, իսկ աշնանը՝ եւս 500 000, ինչն այս տարի ընդհանուր առմամբ կկազմի 1,6 միլիոն, նշվել է հաղորդագրությունում։

«Ռազմավարության նախնական փուլի նպատակը հիվանդության տարածումը դանդաղեցնելն է»,- նշվել է Սպիտակ տան հաղորդագրությունում։

Jynneos պատվաստանյութը, որը բաղկացած է երկու չափաբաժնից, արժանացել է Դեղամիջոցների վերահսկման վարչության հավանությանը՝ ծաղիկի եւ կապկի ծաղիկի դեմ 18 եւ բարձր տարիքի մարդկանց պատվաստման համար։

Մինչ այժմ պատվաստում էին միայն այն մարդկանց, ովքեր ենթարկվել էին վիրուսի ազդեցությանը, բայց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տվել վերջերս արտադրված այդ պատվաստանյութերի դեղաչափերը ներարկել նաեւ այն անձանց, որոնք ենթադրվում է, որ կարող են վարակված լինել կապկի ծաղիկով։

«Դրանք այն մարդիկ են, որոնք սերտ ֆիզիկական կապ են ունեցել ծաղկով հիվանդ մարդու հետ, նրանք, ովքեր գիտեն, որ իրենց զուգընկերը ծաղիկ հիվանդություն ունի, ինչպես նաեւ այն տղամարդիկ, որոնք սեռական կապեր են ունեցել տղամարդկանց հետ, որոնք վերջերս մի քանի զուգընկերներ են ունեցել այն վայրում, որտեղ, ինչպես հայտնի է, եղել է այդ հիվանդությունը, կամ այն շրջանում, որտեղ տարածված է այդ հիվանդությունը»,- նշվել է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ԱՀԿ-ի փորձագետների անկախ կոմիտեն հայտարարել էր, որ կապկի ծաղիկի բռնկումը միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակ չէ հանրային առողջապահության ոլորտում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ