• Latest news

Ճանաչենք հիվանդությունները․ ցրված սկլերոզ

23 ապրիլի, 2023  14:34

Ցրված սկլերոզը երիտասարդ, կրթված եւ գեղեցիկ կանանց հիվանդություն է: Այսպես էր ասում իր աշակերտներին հայտնի ռուս նյարդաբան Իգոր Զավալիշինը։ «Սկլերոզ» բառը չպետք է մոլորեցնի․ այն իսկապես ախտահարում է 20-30 տարեկան երիտասարդների, եւ ավելի շատ կանանց, քան տղամարդկանց։ Այն կարող է ախտահարել ակտիվ մարդկանց, որոնք հետեւում են իրենց առողջությանը եւ ամենից քիչն են սպասում այդ ախտորոշմանը, ասում է Մոսկվայից նյարդաբան Լեւ Բրիլյովը:

Նրա խոսքով՝ այս հիվանդության նենգությունն այն է, որ սկզբնական փուլում ախտանշանները՝ տեսողության կամ զգայունության վատթարացում, շարժումների անկայունություն, ի հայտ են գալիս եւ արագ անցնում են կամ ինքնուրույն կամ սիմպտոմատիկ բուժմամբ: Եվ մարդը կրկին իրեն լիովին առողջ է զգում։ Եվ երբ ախտանիշներն ինքնուրույն վերանում են, մարդիկ չեն դիմում բժշկի: Կամ նրանք կարող են այս ախտանիշները շփոթել մեկ այլ հիվանդության հետ: Օրինակ, երիտասարդ կանայք կարող են այդ ախտանիշները շփոթել խուճապային գրոհի հետ։ Եվ այդպիսով շատ հաճախ ցրված սկլերոզով պացիենտների մոտ ուշ է ախտորոշվում հիվանդությունը։ Վաղ ախտորոշումն այստեղ շատ կարեւոր է, ասում է դոկտոր Բրիլյովը:

Թեպետ, հավելում է նա՝ ախտորոշման ժամանակակից մեթոդների, մասնավորապես, ՄՌՏ-ի հասանելիությունը հանգեցրել է նրան, որ մարդիկ, երբ իրենց ինչ–որ բան է անհանգստացոնում, ինքնուրույն, առանց բժշկի նշանակման, անցնում են ՄՌՏ, եւ դա թույլ է տալիս ժամանակին ախտորոշել հիվանդությունը։    

«Սա, իհարկե, մշտապես առանց բժշկի ցուցումի հետազոտվելու կոչ չէ, քանի որ, մի կողմից, ՄՌՏ-ի հասանելիությունը հանգեցնում է նրան, որ մենք ավելի վաղ տեսնում ենք որոշ հիվանդություններ, մյուս կողմից՝ մենք տեսնում ենք առանց պատճառի մեծ թվով կեղծ անհանգստություններ: Այնուամենայնիվ, ախտորոշումը կարելի է շատ ավելի վաղ ստանալ, քան այն ժամանակ, երբ ՄՌՏ-ն միայն մասնագիտացված կենտրոններում էր, եւ դրա համար մեծ հերթեր էին գոյանում»,-ասում է նա՝ պարզաբանելով, որ այսօր արդեն հիմնական խնդիրը ոչ այնքան վաղ ախտորոշումն է, այլ ժամանակին համարժեք, մշտական, երկարատեւ բուժում սկսելը։

«Շատերը, ովքեր բախվում են այս խնդրին, միշտ չէ, որ պատրաստ են դրան եւ  փորձում են արագ մոռանալ դրա մասին, երկրորդ պլան մղել այն, եւ ամբողջությամբ չեն ընդգրկվում բուժման գործընթացում, քանի դեռ հիվանդությունը չի սկսել զգալի խնդիրներ առաջացնել»,-նշում է բժիշկը։

Այսպիսով, ի՞նչ է ցրված սկլերոզը

Ցրված սկլերոզը աուտոիմուն հիվանդություն է, երբ սեփական իմունային համակարգը հարձակվում է ուղեղի բջիջների վրա: Հիվանդությունը պայմանավորված է գենետիկ գործոններով, որոնք ստիպում են իմունային համակարգին ավելի սուր արձագանքել արտաքին գործոններին՝ լինեն դրանք քրոնիկ վարակներ եւ այլն։ Այսինքն՝ հիվանդությունն առաջանում է գենետիկ նախատրամադրվածության եւ ամենատարբեր արտաքին ազդեցությունների համադրությամբ։ 

«Պացիենտները միշտ հարցնում են՝ եթե դա գենետիկ հիվանդություն է, ուրեմն ժառանգաբար է փոխանցվում, եւ իմ երեխաները նո՞ւյնպես կհիվանդանան։ Ո՛չ։ Դա այդպես ուղղակիորեն չի փոխանցվում: Ռիսկը երկու անգամ ավելանում է, սակայն պոպուլյացիայում այն միեւնույն է շատ ցածր է։ Շատ քիչ է հայտնի դեպքեր, երբ ընտանիքում հիվանդացել են, օրինակ, եւ՛ մայրը, եւ՛ աղջիկը»,- պարզաբանում է բժիշկը՝ հավելելով, որ հիվանդությունը նաեւ հակացուցում չէ երեխաներ ունենալու համար։ Իսկ կանայք ավելի մեծ հավանականությամբ հակված են այդ հիվանդությանը, քանի որ ընդհանուր առմամբ ավելի հակված են աուտոիմուն հիվանդությունների:

Ռիսկի ուղղելի գործոններ

Ծխելը

«Հնարավոր է, որ սա գործոն է, որը չի առաջացնում, այլ վատթարացնում է ընթացքը։ Ծխելը թողնելը բարելավում է հիվանդության ընթացքը: Այս թեմայի վերաբերյալ շատ ուսումնասիրություններ կան, ուստի այս հիվանդության դեպքում ծխելը պետք է թողնել հարյուր տոկոսով»,-ասում է Լեւ Բրիլյովը։

Բնակության վայրը

Համարվում է, որ ավելի արեւոտ, հարավային երկրներում ցրված սկլերոզի հիվանդացության ռիսկը փոքր է։ «Կոնկրետ Հայաստանում ես թվեր չեմ գտել ըստ տարածվածության, բայց սահմանակից երկրներում հիվանդացությունը կազմում է 50-100՝ 100 000 մարդու հաշվով, այսինքն՝ Հայաստանում կարող է լինել նման ախտորոշմամբ մոտ 3000 հիվանդ», – ասում է բժիշկը։

Վիտամին D-ի պակաս

«Հնարավոր հասանելի կանխարգելումը վիտամին D-ի ընդունումն է։ Եվ եթե վիտամին D-ի պակաս կա, ապա պարտադիր պետք է ընդունել այն»,-ասում է նյարդաբանը։

Ի՞նչ կապ ունի դեկարիսը

Բժշկի խոսքով՝ ուղեղի աուտոիմուն ախտահարման պատճառներից մեկը նաեւ դեկարիսն է՝ ճիճուների դեմ դեղամիջոցը։ Դեկարիսը կարող է հանգեցնել ուղեղի վնասման, ընդ որում՝ մեկ հաբի ընդունումից հետո։ Այս հաբերով ակտիվացված իմունիտետը հարձակվում է ուղեղի վրա։

«Ռուսաստանում այն շատ են ընդունում ճիճուների դեմ պրոֆիլակտիկայի համար։ Մենք պացիենտներին հարցնում ենք, ասում են՝ տվել են շանը եւ իրենք են խմել, որ ճիճուներ չլինեն։ Չկան գիտականորեն հաստատված տվյալներ եւ ցուցումներ, որ անհրաժեշտ է ճիճուների կանխարգելում: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս լվանալ ձեռքերը, եւ վերջ։ ԱՄՆ-ում, օրինակ, այս դեղամիջոցն արգելված է, եւ ճիճուների դեմ կան ավելի ժամանակակից եւ անվտանգ դեղամիջոցներ:

Մենք հոդված գրեցինք եւ նկարագրեցինք Մոսկվայում 43 դեպք: Դեկարիսը չի կարելի խմել: Ես ամեն տեղ այդ մասին խոսում եմ, բայց այն դեղատոմսով դարձնելը դեռ չի ստացվել»,-ասում է բժիշկը։

Բուժում

Կա երկու հիմնական սկզբունք, որոնք չպետք է խախտել այս հիվանդության ժամանակ․ դա բուժումը վաղ  սկսելն ու չընդհատելն է։

«Վաղ փուլերում մարդուն ոչինչ չի անհանգստացնում, եւ նրա համար անհասկանալի է՝ ինչու պետք է ինչ-որ բան բուժել։ Իսկ ավելի ուշ փուլերում, հակառակը, նրանք հույս ունեն, որ իրենց ավելի լավ կզգան։ Բայց բուժումը կանգնեցնում է հիվանդության զարգացումը, սակայն չի լավացնում վիճակը․ դա գրեթե անհնար է։

«Երբ մարդը պետք է բուժում սկսի, նա իրեն լավ է զգում եւ չի հասկանում՝ ինչու պետք է բուժվել։ Եվ երբ իրեն վատ է զգում, դեղերն այլեւս արդյունավետ չեն լինում»,-պարզաբանում է Բրիլյովը։

Նրա խոսքով՝ այժմ գոյություն ունեն տասնյակ տարբեր դեղամիջոցներ, եւ կոնկրետ դեղամիջոցի ընտրությունը կախված է հիվանդության փուլից եւ ակտիվությունից, իսկ բուժման արդյունավետությունը շատ դեպքերում կախված է հենց պացիենտի՝ խնդրի գիտակցման աստիճանից, պրոցեսում նրա ներգրավվածությունից եւ բժշկի հետ աշխատելու ցանկությունից։

Դեղերը կարող են ներարկվել ենթամաշկային եղանակով, շաբաթական մի քանի անգամ, եւ հիվանդը կարող է դա անել ինքնուրույն: Կան դեղեր, որոնք պետք է խմել ամեն օր, իսկ կան դեղեր, որոնք կարելի է ընդունել տարին մեկ անգամ։ Կարելի է կաթիլային միացնել տարբեր հաճախականությամբ՝ ամսական մեկ անգամ կամ կես տարին մեկ։ Գլխավորն այն է, որ պացիենտը խստորեն հետեւի ցուցումներին։

«Չկա բուժման միակ ճիշտ մեթոդը, եւ առաջին դեղի ընտրության փուլում մարդկանց համար դժվար է դա հասկանալ։ Պացիենտը պետք է ինքնուրույն խորանա խնդրի մեջ եւ հասկանա, որ սխեմաները կարող են փոխվել: ԴՆա պետք է հասկանա՝ արդյոք պատրաստ է ամեն օր հաբեր ընդունել: Կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ պացիենտների կեսը, որոնց հետ ամեն ինչ համաձայնեցրել են, նրանք համաձայնվել են դեղեր խմել, պարբերաբար դա չեն արել։ Իսկ դեղերի ընդունումը բաց թողնել չի կարելի։ Հետեւաբար, պետք է հասկանալ, թե որքանով է պացիենտը պատրաստ դրան, ճշտապահ է արդյոք եւ այլն:

Ապա պետք է հասկանալ, թե ինչ ռիսկի է նա պատրաստ գնալ հանուն բուժման։ Կան բոլորովին անվտանգ, բայց քիչ արդյունավետ դեղեր։ Կան ավելի արդյունավետ, բայց վտանգավոր միջոցներ, օրինակ՝ ցողունային բջիջների աուտոլոգիական փոխպատվաստումը։ Սա ավելի արդյունավետ միջոց է, սակայն մարդկանց 1-3 տոկոսը մահանում է։ Եվ մարդը պետք է ինքը որոշի՝ պատրաստ է արդյոք այդ ռիսկին»,-ասում է բժիշկը։

Նրա խոսքով՝ ցրված սկլերոզի բուժման արդյունավետությունը գնահատելու համար օգտագործվում է NEDA (No Evidence of Disease Activity) չափանիշը: Դա նշանակում է, որ կա հիվանդության լիարժեք կայունացում՝ սրացումներ չկան, ՄՌՏ-ի արդյունքներով նոր օջախներ չկան եւ հիվանդության առաջընթաց չկա։ Բուժման կողմնակի ազդեցությունները կարող են լինել վիրուսային եւ բակտերիալ վարակները, եւ կա նաեւ քաղցկեղի զարգացման ռիսկ, քանի որ այդ դեղերը մեծապես ճնշում են իմունիտետը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է