• Latest news

Ի՞նչ պետք է իմանալ միկոպլազմայի մասին

24 դեկտեմբերի, 2023  17:21

Անցած շաբաթների ընթացքում տեղեկատվություն է տարածվել թոքաբորբի նոր բռնկումների մասին Չինաստանում, Դանիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, ԱՄՆ֊ի Օհայո նահանգում։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) կայքից տեղեկանում ենք, որ կենտրոնում հետևում են միկոպլազմային թոքաբորբերի հնարավոր աճին և ծնողներին զգուշացնում թոքաբորբի կասկածի դեպքում անպայման դիմել բժշկի։

Time֊ը հաղորդում է․ նոյեմբերին Չինաստանիը հայտնվել էր ուշադրության կենտրոնում։ Երկրով մեկ թոքաբորբի ալիք էր բարձրացել, հիվանդանում էին հատկապես երեխաները։ Երեխաների շրջանում հիվանդացության հանկարծակի աճի հետ կապված Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիմել էր Չինաստանին լրացուցիչ համաճարակաբանական և լաբորատոր մանրամասներ տրամադրելու խնդրանքով՝ հասկանալու համար՝ շրջանառվում է արդյոք նոր ախտածին։ Պաշտոնյաների հաղորդմամբ բռնկումները դեռևս մի շարք հայտնի մանրէներով են պայմանավորված։

Ըստ Medscape բժշկական պորտալի՝ չինացի պաշտոնյաները հիվանդության այս վերջին ալիքը վերագրում են այսպես ասած իմունային բացին։ Շատ երեխաներ, որ կարող էին առնչվել տարածված սովորական ախտածինների հետ, մեկուսացված են եղել COVID֊ի հետ կապված սահմանափակումների պատճառով և հիմա վարակվում են սահմանափակումները մեղմացնելու հետևանքով։ Որոշ երեխաների մոտ զարգացել են թոքային հանգույցներ, շատ երեխաների մոտ պարզապես դիտվել է ջերմության բարձրացում՝ առանց հազի։

Նոր ախտածնի մասին կասկածները ցրվում են նաև այն փաստից, որ հիվանդության դեպքերը գրանցվում են հիմնականում երեխաների շրջանում, այլապես հիվանդությունը կդրսևորվեր բոլոր տարիքային խմբերում։

Չինական ԶԼՄ֊ները բռնկումների ալիքի «մեղավոր» են ճանաչել Mycoplasma pneumoniae հարուցչին։

Դանիայի պետական շճաբանական ինստիտուտը հայտարարել էր, որ Դանիայում միկոպլազմայով վարակը հասել է համաճարակի մակարդակի։ Երեխաների շրջանում թոքաբորբի դեպքերի աճի մասին հաղորդում են Նիդեռլանդներում։ 

Ըստ դանիացի պաշտոնյաների համաճարակներն ի հայտ են գալիս մոտավորապես ամեն չորս տարին մեկ։ Ըստ չինացի կլինիցիստների՝ նախքան COVID֊ը երկրում միկոպլազմայի բռնկումներ էին տեղի ունենում ամեն 3-ից 7 տարին մեկ։

Ի՞նչ է միկոպլազման

Միկոպլազման հարուցիչ է, որը հիմնականում թեթև մրսածության պատճառ է դառնում,  սակայն չի բացառվում ստացիոնար բուժում պահանջող հիվանդության զարգացումը։ 

Կարող է առաջացնել շնչափողի, բրոնխների, թոքերի բորբոքում։ Միկոպլազմային վարակը կարող է պատճառ դառնալ ասթմատիկ գրոհների կամ ասթմայի նոր ախտանիշների, էնցեֆալիտի (ուղեղի բորբոքում), հեմոլիտիկ անեմիայի (արյան կարմիր գնդիկների պակաս), երիկամների դիսֆունկցիայի, մաշկային խնդիրների։

Միկոպլազմայի մանրէն «սովորական» բջջային պատ չունի, ինչի արդյունքում անխոցելի է շատ հակաբիոտիկների նկատմամբ։

Ինչպե՞ս է տարածվում

Մարդը կարող է հիվանդ չլինել, սակայն քթից կամ կոկորդից վերցված քսուքում կարող են հայտնաբերվել հարուցիչներ։ Հիվանդությունը ծագում է հարուցիչների կողմից շնչառական համակարգի արտաքին շերտի՝ պատի վնասումից։

Հարուցիչը տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս կամ փռշտալիս։ Մարդիկ կարող են վարակվել հարուցիչներ պարունակող կաթիլներով օդը շնչելով։

Վարակված անձանց հետ կարճատև շփումը մարդկանց մեծամասնության մոտ վարակման պատճառ չի հանդիսանում։ Ավելի հաճախ հարուցիչները տարածվում են միասին բնակվող անձանց շրջանում։

Վարակվելուց հետո ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս 1-ից 4 շաբաթվա ընթացքում, այսինքն հիվանդությունն ամեն դեպքում ունի գաղտնի ժամանակահատված։ Ախտանիշները կարող են տևել մի քանի շաբաթ։

Շնչափողի և բրոնխների բորբոքման ժամանակ դրսևորվում են կոկորդում ցավ, հոգնածություն, հետզհետե ուժգնացող հազ, գլխացավ, ջերմություն։

Թոքաբորբ ոչ միշտ է զարգանում։ Այն կարող է արտահայտվել բարձր ջերմությամբ և դողէրոցքով, հազով, հոգնածությամբ, խորը շնչելիս թոքերը լրիվ չբացվելու զգացողությամբ, օդի պակասի զգացումով։ Սակայն միկոպլազմայով թոքաբորբ տանող անձինք հաճախ ավելի թեթև են տանում, քան թոքաբորբ լսելիս կարելի է ակնկալել։ Թեթև ախտանիշները մրսածության հետ շփոթելիս՝ մարդիկ կարող են շարունակել իրենց առօրյա կյանքը՝ առանց տանը կամ անկողնում մնալու։

Ախտանիշները երեխաների մոտ

Մինչև հինգ տարեկան երեխաների մոտ դիտվող ախտանիշները կարող են տարբերվել ավելի մեծ երեխաների ու մեծահասակների ախտանիշներից։ Երեխաների մոտ կարող է լինել փռշտոց, քթի փակվածություն, քթահոսություն, կոկորդի ցավ, շնչառության խզզոցներ, աչքերի թացություն, փսխումներ, փորլուծություն։

Զանգեք մասնագետի, եթե Ձեր կամ Ձեր երեխայի մոտ շնչառության դժվարացում կամ այլ ախտանիշներ են դիտվում, որոնք անհանգստացնում են Ձեզ։

Բուժում

Միկոպլազմայով վարակված մարդկանց մեծամասնությունը առողջանում է առանց հակաբիոտիկների օգտագործման։ Կարելի է օգտագործել առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերը ինքնազգացողության լավացման համար, սակայն կարևոր է խորհրդակցել մասնագետի հետ։

Ովքե՞ր են գտնվում ռիսկի խմբում

Միկոպլազմայով վարակները սովորաբար հանդիպում են երիտասարդների և դպրոցականների շրջանում։ Վարակվելու ռիսկը համեմատաբար բարձր է մարդաշատ միջավայրում աշխատող և ապրող անձանց շրջանում, ինչպես օրինակ՝ դպրոցներում, հանրակացարաններում, զորամասերում, հիվանդանոցներում։ Հարաբերականորեն բարձր ռիսկի տակ են նաև արդեն իսկ տարած շնչական հիվանդությունից ապաքինվողները, թոքերի հետ կապված խնդիր ունեցող, թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ։

Ինչպե՞ս կանխարգելել

Միկոպլազմայով հնարավոր է վարակվել մեկից ավել անգամ։ Միկոպլազմայի վարակի դեմ վակցինաներ գոյություն չունեն։ Բժիշկները սովորաբար հակաբիոտիկներ չեն նշանակում կանխարգելման նպատակով։ Հակաբիոտիկներով ինքնաբուժումը և կանխարգելումը տարբերակ չէ։ Ամեն դեպքում կան որոշ միջոցառումներ, որ կարող են պաշտպանիչ նշանակություն ունենալ։

Միկոպլազման, ինչպես շնչական շատ մանրէներ, ամենից հաճախ տարածվում է հազալիս և փռշտալիս։ Առաջին լավագույն կանխարգելիչ միջոցը անձնական հիգիենայի պահպանումն է՝ հաճախ լվանալ ձեռքերը, հատկապես հազալուց կամ փռշտալուց հետո, հանրային վայրերում բռնակներից օգտվելուց հետո ձեռքերը մշակել 70-ից 80% ալկոհոլի հիմքով հեղուկով, շնչական ախտանիշներ նկատելիս՝ կրել բժշկական դիմակ, ամրացնել սեփական օրգանիզմի իմունիտետը բալանսավորված սննդակարգով, կանոնավոր մարզանքով, բավարար հանգստով, խուսափելով ալկոհոլից և ծխելուց։

Կարևոր է նաև միջավայրի հիգիենան, հաճախակի մաքրել մակերեսները, երեխաների խաղալիքները, ընդհանուր օգտագործման իրերը կենցաղային մաքրող հեղուկով (մետաղական մակերեսների դեպքում՝ 70%֊անոց ալկոհոլով), մեկանգամյա օգտագործման սրբիչներով, կատարել պատշաճ օդափոխություն, խուսափել մարդաշատ և վատ օդափոխվող տարածքներում երկար մնալուց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է