• Latest news

Արդյո՞ք տղամարդիկ ավելի ծանր են տանում մրսածությունը, քան կանայք

8 հունվարի, 2024  15:26

Տեսել եք, լսել եք պատմություններ, հավանաբար նաև առնչվել եք․ կինը մրսած է, մաքրում է վազող քիթը, շարունակում առօրյա գործերը։ Տղամարդը մրսած է, անկողնում, շալերի ու ծածկոցների մեջ, չի ուզում ոչինչ անել, ոչ անգամ դիմել բժշկի։ Որքա՞ն իրականություն կա այս ամենի հետևում, ի՞նչ բացատրություն կա երևույթին։

Մրսածությունը բացատրվում է քթի, կոկորդի, վերին շնչուղիների վարակով։ Արտահայտվում է հարբուխով, ընդհանուր թուլությամբ, գրիպանման երևույթներով։ Սովորաբար պատճառը վիրուսներն են, կորոնավիրուսները, ադենովիրուսները, պարագրիպի վիրուսը, գլխավոր մեղավոր է համարվում ռինովիրուսը։

Ռինովիրուսները հայտնաբերվում են կլոր տարի, սակայն վարակումները ունեն նաև սեզոնային սրացումներ։ Վարակն ունի գաղտնի շրջան, վարակված անձանց կեսից ավելիի մոտ սկսում է արտահայտվել շուրջ երկու օր անց։

Անկախ սեռից օրգանիզմը մրսածությանը արձագանքում է իմունային պատասխանի միջոցով։ Տղամարդկանց և կանանց մոտ մրսածության տարբերությունները ամբողջովին պարզաբանված չեն։ Վարկածներից մեկը դա բացատրում է հորմոնալ տարբերություններով։

Հայտնի է, որ տղամարդիկ ավելի հակված են բակտերիալ, վիրուսային, պարազիտիկ վարակների, թեև պատճառները ակնհայտ չեն։ Կանանց իմունային համակարգի պատասխանը գրիպի, կարմրուկի, հեպատիտի և այլ հիվանդությունների պատվաստումներին ավելի ուժեղ է, քան տղամարդկանցը։ Կանանց օրգանիզմում համեմատաբար ավելի շատ են իմունային բջիջների միջև ազդանշան հաղորդող սպիտակուցները, որոնք օրգանիզմում մասնակցում են բորբոքային պրոցեսի մեկնարկին, ինչը պաշտպանական բնույթ ունի։ Հայտնի է, որ արական հիմնական հորմոն տեստոստերոնը ճնշում է բորբոքային պատասխանը։

Ստենֆորդի համալսարանում ուսումնասիրողները նախաբորբոքային սպիտակուցների և գրիպի վակցինայի արձագանքի միջև կապ չեն հայտնաբերել։ Պարզել են, որ իմունային պատասխանի մեղմացումը ավելի շուտ կապված է գենային մակարդակում տեստոստերոնի ազդեցությունների հետ։

Ուսումնասիրողների մեկ այլ խումբ լաբորատոր մկների վրա անցկացված հետազոտություններում նկատել է, որ գրիպանման ախտանիշներ առաջացնող մանրէի ազդեցությունից տղա մկների մոտ հիվանդությունն ավելի արտահայտված է դրսևորվել, քան էգերի մոտ։ Հետաքրքիր է, որ հիվանդությունը տարբեր է դրսևորվել նաև վերարտադրողական օրգանները հեռացնելուց հետո։

Իհարկե լաբորատոր հետազոտությունները օրինակ են հանդիսանում մարդկանց մոտ օրգանիզմի պատասխանն ուսումնասիրելիս, սակայն պարտադիր չի նշանակում, որ նույնը վերաբերում է մարդկանց։

Վերջին նշված հետազոտության առնչությամբ Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Սաբրա Կլայնը, Time֊ին տված մեկնաբանության մեջ նշում է, որ հիվանդությունը ծագում է ոչ թե մանրէի կամ վիրուսի առկայությունից, այլ իմունային պատասխանի արդյունքում, և իրենց տվյալներով արական սեռի մոտ իմունային պատասխանում ավելի ուժեղ է արտահայտված վարակման օջախում բջիջների հրավերը, որոնք էլ նպաստում են հիվանդության զգացողության առաջացմանը։

Կլայնի խմբի կողմից մարդու բջիջների վրա կատարված ուսումնասիրություններում հայտաբերվել է, որ կանացի համարվող էստրոգենային միացությունները խոչընդոտում են գրիպի վիրուսով բջիջների վարակմանը։ Իմունային պատասխանը փոփոխվում է էստրոգենի ներկայությամբ, նվազում է վիրուսի բազմապատկման արագությունը։

Մրսածության ծանրության մեջ դեր կարող է ունենալ նաև գլխուղեղի այն հատվածը, որ պատասխանատու է մարմնի ջերմաստիճանի կարգավորման, ինչպես նաև արական առանձնյակների զուգավորման վարքի համար։ Տեստոստերոնի ազդեցության հետևանքով հիպոթալամուսի պրեօպտիկ գոտին տղամարդկանց մոտ գրեթե կրկնակի մեծ է, քան կանանց մոտ, ինչի արդյուքում ջերմությունը կարող է ավելի արտահայտված լինել տղամարդկանց շրջանում։

Կոնկրետ տղամարդկանց և կանանց մոտ գրիպի տարբերությունների առնչությամբ հետազոտություններից ամենանշանակալին կատարվել է ընտանեկան բժշկության պրոֆեսոր բրիտանացի Կայլ Սյուի կողմից։ Սյուն նշում է․ հարցումները ցույց են տալիս, որ վիրուսային շնչառական վարակից տղամարդիկ ապաքինվում են ավելի երկար՝ 3 օր, համեմատած կանանց՝ մեկ ու կես օր։ Սյուի կողմից վերանայված ուսումնասիրություններում թեթև շնչառական վարակների մեկ իսկ ախտանիշի արտահայտման պարագայում ավելի շատ կանայք են կրճատել սեփական ակտիվությունը, ինչը հակասում է տղամարդկանց՝ ակտիվությունը կրճատելու չափազանցություններին։ Տղամարդկանց շրջանում տեստոստերոնի ավելի բարձր մակարդակ ունեցողների մոտ հակամարմիններով պատասխանը ավելի մեղմ է արտահայտված։

Էվոլյուցիոն տեսանկյունից արական սեռի մոտ շնչառական վիրուսների նկատմամբ դրսևորվող ուժեղացված պատասխանի պատճառները անորոշ են։ Որոշ փորձագետների կարծիքով ագրեսիվ վարքագծի ու երկրորդային սեռական հատկանիշների, բարձր ռիսկով խաղերում հաղթելու համար արական առանձնակներին տեստոստերոն է հարկավոր, իսկ պահանջվող գինը գերազանցում է հորմոնի իմունաճնշիչ ազդեցությունները։ Տարբեր ցեղատեսակների իգական առանձնյակների համեմատ որձերի շրջանում ավելի ուժեղ ներսեռային պայքարի արդյունքում էվոլյուցիան ավելի քիչ է ներգրավված արական սեռի իմունային համակարգում։ Մյուս կողմից էլ վիրուսներից ազատվելու աճող իմունային պատասխանի փոխարեն նյութափոխանակային ռեսուրսներն ուղղվել են աճի, երկրորդային սեռական հատկանիշների ու վերարտադրողության վրա։

Սյուն եզրակացնում է, որ տղամարդկանց կողմից հիվանդությունը չափազանցնելու մեղադրանքները անարդարացի են․ վիրուսային շնչառական վարակներից հիվանդացությունն ու մահացությունը ավելի մեծ է տղամարդկանց շրջանում, քան կանանց։ Ի վերջո հիվանդանալիս էներգիայի խնայողությունը՝ բազմոցին պառկելու կամ անկողնուց դուրս չգալու տեսքով իր առավելություններն ունի։

Հայտնի հոգեբան Վիլլիամ Պոլլակը կարծում է, որ մշակութային գործոնները ևս իրենց դերն ունեն մրսածության ժամանակ տղամարդկանց վարքագծում։ Տղաներին մեծացնում են որպես ընդունակ ու չընկճվող, և հիվանդանալիս տղամարդիկ մեծ տեղ են տալիս մրսածությանը, որովհետև մրսածությունը լուրջ հարց է թվում՝ բերելով սթրեսի, որովհետև տղամարդիկ պետք է անսխալական լինեին․ բայց բոլորն էլ մրսում են երբեմն առ երբեմն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել