• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ դեպքերում քաղցկեղով հիվանդների մոտ հիշողության կորուստ առաջանում

1 փետրվարի, 2024  08:48

Քաղցկեղի հազվադեպ, բայց լուրջ լուրջ բարդության դեպքում օրգանիզմի սեփական իմունային համակարգը կարող է սկսել գրոհել ուղեղը՝ առաջ բերելով հիշողության արագ կորուստ եւ կոգնիտիվ դեֆիցիտ։ Թե ինչն է նման ռեակցիա առաջացնում՝ մինչեւ վերջերս հայտնի չէր։

Այժմ ամերիկյան Յութա նահանգի Առողջապահության համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ որոշ ուռուցքներ կարող են սպիտակուց արտադրել, որը նման է վիրուսի, եւ որը առաջացնում է անկառավարելի իմունային ռեակցիա, որը կարող է վնասել ուղեղի բջիջները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell-ում։

Արագ իմունային գրոհ

Յութայի նահանգի Առողջապահության համալսարանի նեյրոկենսաբանության ամբիոնի դոցենտ եւ հետազոտության հեղինակ Ջեյսոն Շեփարդը բացատրել է, որ ախտանշանների արագ ավելացումը, որոնք կարող են ներառել հիշողության եւ վարքի փոփոխություններ, կոորդինացիայի կորուստ եւ անգամ ցնցումներ, այն հիվանդության տարբերակիչ գիծն է, որը կոչվում է Անտի-Ma2 պարանեոպլաստիկ նյարդաբանական համախտանիշ։

Այդ հիվանդությունը նյարդաբանական համախտանիշների խմբերից մեկն է, որոնք հանդիպում են քաղցկեղով հիվանդ 10 000 մարդուց մեկի մոտ։ Այդ հիվանդությունների ստույգ ախտանշանները տարբեր են, բայց դրանք բոլորը կապված են նյարդային համակարգի դեմ արագ իմունային ռեակցիաների հետ։ «Ախտանշանները ի հայտ են գալիս արագ եւ կարող են բավական հյուծիչ լինել»,- նշել է Շեփարդը։

Բժշկության դոկտոր Սթեյսի Քլարդի խոսքով՝ պացիենտների մեծ մասը սկսում է այդ անսովոր նյարդաբանական ախտանշաններն զգալ դեռ այն բանից առաջ, երբ իմանում է, որ քաղցկեղ ունի։

Այդ արագ դրսեւորվող ախտանշանները այն բանի արդյունքն են, որ իմունային համակարգը հանկարծ սկսում է թիրախավորվել հատուկ սպիտակուցների վրա, որոնք գտնվում են գլխուղեղում։ Գիտնականները գիտեին, որ իմունիտետի այդ բռնկումը հաճախ ուղղված է PNMA2 սպիտակուցի դեմ։ Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչու է PNMA2-ն նման ուժեղ իմունային պատասխան առաջացնում, ինչը թույլ չէր տալիս գիտնականներին կողմնորոշվել դրա կանխման միջոցները գտնելու հարցում։

Նմանակ-վիրուս

Պարզելու համար, թե ինչպես է PNMA2-ն իմունային ռեակցիա առաջացնում, ասպիրանտ հետազոտող Ջունջի Սյույը ուսումնասիրել է սպիտակուցի կառուցվածքը առաջավոր նեյրոկենսաբանության օգնությամբ։ Նա հայտնաբերել է, որ PNMA2 բազմաթիվ սպիտակուցները ինքնաբուխ կերպով ինքնակազմակերպվում են 12-կողմանի համալիրների, որոնք ցնցող նմանություն ունեն որոշ վիրուսների երկրաչափական սպիտակուցային թաղանթների հետ։

Հետազոտողները պարզել են, որ իմունային համակարգի առողջ ֆունկցիաներից մեկը վիրուսների գրոհն է, եւ վիրուսանման PNMA2 կառույցը եւս այն դարձնում է հատկապես հարձակումների ենթակա։

Ոչ այն տեղում, ոչ այն ժամանակ

PNMA2-ի դիրքը օրգանիզմում գլուխկոտրուկի կարեւոր մասերից է, պարզել են գիտնականները։ «Սովորաբար այդ սպիտակուցը առաջանում է միայն գլխուղեղում, նեյրոններում, բայց որոշ քաղցկեղածին բջիջներ կարող են արտադրել այն, ինչը կարող է իմունային պատասխան առաջացնել»,- նշել են գիտնականները։

Քանի դեռ PNMA2-ը մնում է ուղեղում, իմունային համակարգը չի արձագանքի դրան։ Բայց հազվադեպ ուռուցքն օրգանիզմի այլ տեղերում սկսում է արտադրել PNMA2 սպիտակուց։ Եվ երբ իմունային համակարգը հայտնաբերում է PNMA2 սպիտակուցը ուղեղից դուրս, այն արձագանքում է այնպես, ինչպես կարձագանքեր ցանկացած օտարածին զավթչի։ Իմունային համակարգն արտադրում է հակամարմիններ, որոնք կապվում են անհայտ նյութի հետ, եւ այդ հակամարմինները իմունային բջիջներն ուղղում են գրոհի։

Բայց, ակտիվացված լինելով, իմունային համակարգը գրոհում է ոչ միայն քաղցկեղի առաջացրած PNMA2-ն։ Այն նաեւ գրոհում է ուղեղի այն մասերը, որոնք սովորաբար արտադրում են PNMA2-ն, ներառյալ այն մասերը, որոնք մասնակցում են հիշողությանը, ուսուցմանը եւ շարժմանը։ Ուղեղը սովորաբար պաշտպանության որոշակի աստիճան ունի իմունային համակարգից, բայց քաղցկեղը թուլացնում է այդ պատնեշը՝ ուղեղը դարձնելով հատկապես խոցելի այդ իմունային գրոհի համար։

Հետազոտողները հետագայում մտադիր են պարզել, թե իմունային պատասխանի որ ասպեկտն է հանգեցնում պացիենտների կոգնիտիվ ունակությունների արագ նվազման՝ իրենք՝ հակամարմիննե՞րը, որոնք թափանցում են ուղեղ, թե՞ մեկի եւ մյուսի մի ինչ-որ համադրությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է