• Latest news

Սրտի արատ ունենալու մասին կինն իմացել է երկրորդ հղիության ժամանակ՝ Նաիրի ԲԿ բժշկի զգոնության շնորհիվ

1 ապրիլի, 2024  21:07

Սրտի բնածին արատ ունենալու մասին 32-ամյա կինը իմացել է միայն երկրորդ հղիության ժամանակ։ «Նաիրի» բժշկական կենտրոնում հերթական սկրինինգային հետազոտության ժամանակ նա անցել է էլեկտրասրտագրություն և կատարվել է  սրտաբանի խորհրդատվություն։ Հմուտ մասնագետ Տիգրան Խաչատրյանի ուշադրությունը գրավել է թեթև շեղումը, որը շատ դեպքերում կարելի է շփոթել նորմայի տարբերակի հետ։

«Էլեկտրասրտագրության արդյունքում հայտնաբերվել է ԷՍԳ փոփոխություն, որը երբեմն կարող է ընդունվել որպես նորմայի տարբերակ, քանի որ նմանատիպ փոփոխություններ նաև հանդիպում են նորմայում։ Սակայն հատկանշականն այն էր, որ այդ փոփոխությունների արանքում առկա են նուրբ տարբերություններ, որը հուշեց մեզ, որ կարող է այստեղ լինել ոչ թե նորմայի տարբերակ, այլ հիմքում ընկած լինել որևէ սրտային արատ։ Ի նկատի ունեմ բնածին արատ», – ասում է «Նաիրի» ԲԿ սրտաբան Տիգրան Խաչատրյանը։  

Բժիշկը նշանակել է էխոսրտագրություն, որի արդյունքում կասկածը հաստատվել է։ Կնոջ մոտ ախտորոշվել է սրտի բնածին արատ՝ միջնախասրտային միջնապատի դեֆեկտ։

Այժմ կինը գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո, քանի որ այս արատի միակ բուժումը վիրահատական է, որը, սակայն, ցուցված չէ հղիության ժամանակ։ Միևնույն ժամանակ միջնախասրտային միջնապատի դեֆեկտը կարող է վտանգավոր բարդություններ առաջացնել։ 

« Տվյալ պարագայում մեր ձեռքերը փոքր ինչ կապված է, քանի որ չենք կարող որևէ կտրուկ՝ ռադիկալ միջամտությունների դիմել, քննարկել վիրահատության հարցը։ Եվ տվյալ պարագույմ պետք է փորձենք կանխարգելել բարդությունները։ Կինը վերցվել է հսկողության տակ՝ տրվել համապատասխան խորհուրդներ՝ կանխարգելելու հնարավոր բարդությունները», – ասում է նա։

Բժիշկը բացատրում է. միջնախասրտային միջնապատի դեֆեկտը միջնապատի ամբողջականության խախտումն է, որի պատճառով աջ և ձախ նախասրտերի արյունները խառնվում են իրար։

«Որի հետևանքով կարող է լայնանալ սրտի աջ նախասիրտը, ուրիշ դեպքերում նաև աջ փորոքը։ Եվ թոքային զարկերակում, այսինքն, դեպի թոքեր գնացող զարկերակում ճնշումը բարձրանում է», – պարզաբանում է Տիգրան Խաչատրյանը։

Դա բերում է սրտային անբավարարության ու որոշակի բարդությունների, որոնցից ամենահաճախ հանդիպողը թրոմբոէմբոլիաներն են։ Իսկ հղիության ընթացքում առանց այդ էլ շատ մեծ է թրոմբի առաջացման հավանականությունը։

«Եվ ահա այս պարագայում երկու ռիսկերը գումարվելով իրար մենք կարող ենք ունենալ ոչ միայն թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, այլ նաև ինսուլտի առաջացում։ Քանի որ առաջացած թրոմբը կարող է այդ դեֆեկտի միջոցով անցնել սրտի ձախ շրջանառություն՝ մեծ շրջանառություն, որտեղից էլ բարձրանալ դեպի գլուխ և մնացած բոլոր օրգանները, ունենալ մինչև ամենավատ ելքը», – ասում է Տիգրան Խաչատրյանը։  

Բարեհաջող ծննդաբերությունից հետո բժիշկները կքննարկեն կնոջ մոտ սրտի արատը վիրահատական ճանապարհով շտկելու հարցը։ 

Իսկ մինչ այդ բուժառուն կգտնվի բժիշկների հսկողության ներքո, որպեսզի իրականացվեն կանխարգելիչ բոլոր հնարավոր միջոցառումները, բարդություններից խուսափելու համար:

Սրտաբան Տիգրան Խաչատրյանը նկատում է՝ հատկապես հղի կանանց սքրինինգային հետազոտության ընթացքում կարևոր է ուշադրություն դարձնել ցանկացած մանրուքի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է