• Latest news

Ինչի՞ն ուշադրություն դարձնել դեռահասության շրջանում անպտղությունից խուսափելու համար. խորհուրդներ ռեպրոդուկտոլոգից

2 ապրիլի, 2024  20:40

Աղջիկները ամեն ամիս պետք է տեսնեն դաշտանային ցիկլ, և եթե ունենում են ուշացումներ, 2-3 ամիս դաշտանի բացակայություն, դա արդեն կարող է վկայել պոլիկիստոզ ձվարանային համախտանիշի մասին, որը հետագայում կարող է դառնալ անպտղության պատճառ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Պտղաբերության կենտրոնի ռեպրոդուկտոլոգ Դիաննա Մարտիրոսյանը:

Դաշտանային ցիկլի ուշացումները՝ հնարավոր անպտղության առաջին ախտանիշներ

Բժշկի խոսքով, վերարտադրողական առողջության խնդիրները հավասարապես դիտվում են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ: Աղջիկների մոտ դեռահասության շրջանում կարող են առաջանալ հորմոնալ խանգարումներ, ինչի արդյունքում խախտվում է դաշտանային ցիկլը: Այդ տարիքում շատ կարևոր է հետևել դաշտանային ցիկլի կանոնավորությանը, ավելորդ քաշի առկայությանը, մազակալմանը: Նման դեպքերում հարկավոր է դիմել բժշկին, անցնել հորմոնալ և ուլտրաձայնային հետազոտություններ և բժշկի ցուցումով  համապատասխան հորմոնալ թերապիա անցնել:

Վնասակար սովորությունների ազդեցությունը վերարտադրողական առողջության վրա

Խոսելով դեռահասության շրջանում ձևավորվող վնասակար սովորությունների՝ վերարտադրողական առողջության վրա ունեցած ազդեցության մասին, Դիաննա Մարտիրոսյանը նշեց, որ դրանք ազդում են ընդհանուր օրգանիզմի վրա:

 «Վնասակար սովորությունները՝ ծխելը, ալկոհոլի չարաշահումը միշտ կարող են վատ անդրադառնալ սերմի ցուցանիշների վրա: Հատկապես ծխելը շատ վատ է անդրադառնում սպերմոգրամայի ցուցանիշների վրա, անգամ ամենալավ սերմի պարագայում տղամարդը կարող է կորցնել բեղմնավորելու ունակությունը»,-պարզաբանեց ռեպրոդուկտոլոգը :

Խորհուրդներ աղջիկներին և տղաներին

Բժշկի խոսքով, տղաները կարող են ոչ մի ախտանիշ չունենալ, նորմալ սեռական հարաբերություն ունենալ, նորմալ սերմնաժայտքում ունենալ, բայց հետագայում ունենալ սերմի լուրջ խնդիրներ:

«Տղաները կարող են սերմի քննություն հանձնել, և եթե կան խնդիրներ, բուժեն, բուժման արդյունքում լավ սերմը սառեցնեն, որ հետագայում եթե սերմի հետ խնդիրներ առաջանան, իմանան, որ ունենան սառեցված սերմ»,- խորհուրդ տվեց Դիաննա Մարտիրոսյանը:

Իսկ կանանց, անգամ նրանց, ովքեր ամուսնացած չեն, բժիշկը խորհուրդ է տալիս անցնել ուլտրաձայնային հետազոտություն, հորմոնալ մինիմալ հետազոտություններ՝ իրենց ռեպրոդուկտիվ առողջությունը գնահատելու համար:

«35 տարեկանից հետո կնոջ ձվարանային պաշարը շատ կտրուկ է նվազում և եթե ունեն ցածր ձվարանային պաշար, ցանկալի է, որ այդ աղջիկները կատարեն ձվաբջիջների սառեցում, որպեսզի հետագայում կարողանան իրենց սեփական ձվաբջիջներով երեխա ունենալ»,-պարզաբանեց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է